Մանրամասներ Դավիթ Անանյան-ԲՀԿ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունները բուռն արձագանքի արժանացան հասարակության շրջանում: Հասարակության մի մասի մոտ դժգոհության ալիք բարձրացավ: Մի շարք խոսակցություններ եղան այն մասին, որ սա կվնասի մանր եւ միջին բիզնեսին:

Եւ, ահա, նախօրեին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փակ հանդիպում է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հադիպումը բավականի թեժ է եղել: ԲՀԿ-ական պատգամավորները «հարձակվել են» Դավիթ Անանյանի վրա, քննադատել ներկայացված հարկային փոփոխությունների նախագիծը, ընդդիմացել առաջարկվող փոփոխությունների մասով: Ըստ ԲՀԿ-ի` սպասվող փոփոխությունները մի շարք խնդիրների առաջ են կանգնեցնելու տնտեսությունը, բիզնեսը:

Հիշեցնենք` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բավական ծանր մի հանդիպում էլ ունեցել էր իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ Ամանորից առաջ` պարգեւավճարների թեմայով աղմուկ բարձրանալուց հետո: Այն ժամանակ էլ թեժ խոսակցություն էր եղել Հարկային օրենսգրքի վերաբերյալ:
Հանդիպման հետ կապված զրուցել ենք  ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հետ:

«Հաշվապահների հետ կապված առանձին խնդիրներ եղան, դժգոհություն եղան, հանեցին, հիմա գազավորված ըմպելիքների մասով, վաղը մի ուրիշ բանի մասով կլինի: Տնտեսական հեղափոխության մասին ենք խոում, բայց 8 ամիս է՝ Հարկային օրենսգիրքը չենք կարողանում բերել ԱԺ: Մի շարք առաջարկներ ենք ներկայացրել ՊԵԿ նախագահին տարբեր հարցերի շուրջ` պետական տուրքի եւ այլն: Գազավորված ըմպելքիների հետ կապված մեր խմբակցությունը լուրջ խնդիր է տեսնում եւ չի համարում, որ արդյունավետ կլինի հարկ ավելացնել:

Կան բազմաթիվ այլ տեղեր, որտեղից կարելի է ավել գումար ակնկալել, որովհետեւ այդ տեսակի հյութերը չեն գնում շատ հարուստ մարդիկ, նույնիսկ, կարծում եմ, չի գնում միջին խավը. դրանք գնում են հիմնականում ֆինանսապես ոչ այնքան լավ ապրող մարդիկ, իմաստը ո՞րն է դրա վրա հարկ բարձրացնելու, եթե հնարավոր է, ասենք, թանկ խմիչքների վրա հարկը բարձրացնել: Եթե դու մի փոփոխություն նախատեսում ես, դու պարտավոր ես այդ ոլորտի շահառուների հետ հանդիպել, նոր փոփոխությունը անել: Այդպես օրենսգիրք չեն փոխում. սա ճիշտ սկզբունք չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս