ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարության գործողությունները դժգոհությունների տեղիք են տվել: «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ աշխատակազմից ոչ բոլորին է խրախուսական պարգեւավճար տրվել, եւ մարդիկ բողոքում են խտրական վերաբերմունքից: Ղեկավարությունը չէր բացատրել, թե ինչպես են ընտրվել պարգեւներ ստացածները: Բացի այդ, նրանք խստացրել են աշխատանքի կարգը, եւ աշխատավարձից կարող են պահումներ կատարվել անգամ հինգ րոպե ուշացման կամ շուտ աշխատանքից գնալու պարագայում:
ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը սահմանափակել է նաեւ ԱԺ տարածք մեքենաների ելումուտը, ընդ որում` սահմանափակումները վերաբերում են նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամներին, քանի որ այդ կառույցի մի մասը տեղակայված է ԱԺ բակի հետնամասի շենքում: Եւ բացի ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանից, պալատի մյուս անդամների մեքենայի մուտքը արգելված է:
Երեկ էլ Ազգային ժողովի մաքրուհիներն էին բողոքի ակցիա կազմակերպել` դժգոհելով իրենց առաջակվող նոր աշխատանքային պայմաններից: Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, թե 40 հազար աշխատավարձ են ստանալու, այնինչ պայմանագրով նախատեսված է 105 հազար դրամ: Բանն այն է, որ շենքի մաքրության ապահովումն իրականացնելու է մասնավոր «Քլիներս» ընկերությունը, որը հաղթող էր դարձել դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում հայտարարված մրցույթի ժամանակ եւ ապրիլի 1-ից պետք է անցնի պայմանագրային իր պարտավորությունների կատարմանը: Մինչ այդ մաքրուհիները համարվում էին ԱԺ աշխատակիցներ, սակայն տնտեսումների նպատակով որոշում կայացվեց մասնավոր ընկերության հետ պայմանագիր կնքել` հստակ աշխատանքային պայմաններով: Այսինքն, նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն, ըստ պայմանագրի, կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան ստանում էին մաքրուհիները:
Աշխատանքային նոր պայմաններից դժգոհ մաքրուհիներին երեկ իր աշխատասենյակում ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, ինչպես նշեցին մաքրուհիները, նա պարզապես լսել է իրենց խնդիրները, բայց իրավասու չէ օգնել։
Իրավիճակը հասկանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի հետ: Նշենք, որ այսօր մաքրությունն իրականացնող ընկերության տնօրենը հանդիպել է ԱԺ աշխատակազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ 60 մաքրուհիներից 40-ը աշխատում են 2 ժամ, եւ ընկերությունը հրաժարվում է նրանց էլ վճարել այնքան, որքան վճարում են 8 ժամ աշխատողներին, սակայն Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե պայմանագրով նախատեսված չէ ժամավճար, եւ հետեւաբար պայմանագրային պարտավորությունները խախտվում են:
Սամվել Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում նշեց. «Պայմանագրում նշված բոլոր կետերը կատարվում են: Իրենք պայմանագրի մեջ չեն նշել, որ պետք է տան 105 հազար դրամ աշխատավարձ 2 ժամվա համար: Եթե աշխատող ես, աշխատավարձ ես ստանում մեկ դրույքի համար: Սակայն եթե աշխատող ես եւ աշխատում ես երկու ժամ, չես կարող ստանալ ամբողջ օրվա աշխատավարձ: 60 հոգուց 40-ը աշխատում են 2 ժամ եւ մինչեւ այս ստացել են ամբողջ դրույք, սակայն ընկերությունը, որն իրականացնում է մաքրությունը, չեն պատրաստվում ե՛ւ 2 ժամ աշխատողին, ե՛ւ 8 ժամ աշխատողին նույն աշխատավարձը ստանան», – նշեց Մելիքսեթյանը:
Սակայն Արսեն Բաբայանն այլ ձեւ է մեկնաբանում իրավիճակը. «Պայմանագրի համաձայն` այդ ընկերությունը պետք է 60 հոգու ընդունի աշխատանքի եւ, պայմանագրի համաձայն, պարտավոր է տա 105 հազար դրամ աշխատավարձ: Դա է եղել մեր պայմանագրի հիմնական պայմանը, որի հիման վրա էլ կնքվել է պայմանագիր: Եթե իրենք ասում են` 40 հազար դրամ են մեզ տալիս, դա նշանակում է, որ պայմանագիր է խախտվում, հետեւաբար աշխատակազմի ղեկավարությունը պետք է կիրառի հետեւանքներ` կա՛մ լուծի պայմանագիրը, կա՛մ ասի` չէ, չհամաձայնի: Բայց, ամեն դեպքում, պետք է աշխատակազմը պահպանի աշխատողների իրավունքները: Իրենք ժամավճարով չեն աշխատում, իրենք աշխատում են դրույքով: Իրենք պարտավորություն ունեն, պայմանագրի համաձայն, աշխատել մեկ դրույքաչափ: Իրենք կարող են առաջարկել` աշխատի՛ր ավելի քիչ, եւ մենք քիչ վճարենք, հակառակ դեպքում պետք է կատարի պարտավորությունը: Եթե կազմակերպությունը փորձում է պայմանագրից ճողոպրել, պետք է լուծարվի պայմանագիրը»:
Սակայն Մելիքսեթյանն էլ համաձայն չէ, որ պայմանագիրը խախտվում է. «Իհարկե չենք տեսնում: Բա եթե պայմանագրի խախտում լիներ, մենք կշարունակեի՞նք այն: Հարցն այն է, որ մարդիկ ուզում են աշխատել երկու ժամ եւ ստանալ ամբողջ դրույք: Պայմանագիրը նախկին իշխանությունների ժամանակ է եղել, եւ մենք իրավաբաններով քննարկել ենք եւ եկել այն եզրակացության, որ պայմանագիրը չի խախտվում», – նշեց Մելիքսեթյանը` ասելով, որ երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ընկերության տնօրենը մաքրուհիներին առաջարկել է այլ տեղ էլ աշխատել, որպեսզի աշխատավարձն ավելանա, սակայն վերջիններս հրաժարվել են:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել պայմանագիրը, որում նշված է. «Մաքրման ծառայություններն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին, բացի կիրակի օրվանից, եւ տարբեր հերթափոխերով: Տվյալ տարածքի մաքրությունը պետք է իրականացվի ԱԺ-ի սպասարկումն իրականացնող առնվազն 60 աշխատակիցների միջոցով: Ընկերությունը պարտավոր է նրանց ընդունել աշխատանքի` սահմանելով 105 հազար դրամ աշխատավարձ: Ծառայության մատուցման ժամերը` 06:00-ից 18:00 ընկած ժամանակահատվածում»:
Եվ չնայած տարածքի մաքրությունն իրականացնում է մասնավոր ընկերություն, եւ ԱԺ աշխատակազմն այստեղ իրավասություն չունի, սակայն նշենք, որ վերջիններիս աշխատելաոճը հենց առաջին օրվանից հանգեցրել է դժգոհության աշխատակիցների շրջանում:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոստացել է երկուշաբթի օրն ընդունել դժգոհող մաքրուհիներին, իսկ վերջիններս էլ խնդրի չլուծման պարագայում պատրաստ են նստացույց անել:
Հավելենք, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, սակայն հաղթող է դարձել հենց «Քլիներս» ՍՊԸ-ն, որը, ըստ պետռեգիստրի, գրանցված է Պապիկյան Գարուշի եւ Սաֆարյան Խաչատուրի անուններով: Նշենք, որ այս ընկերությունն անցյալ տարվանից մաքրման ծառայություններ է մատուցում նաեւ ՊԵԿ-ում եւ, ըստ պայմանագրի, ունի 180 հավաքարար` 80 հազար դրամ աշխատավարձով:
Նաիրա Հովհաննիսյան