Արսեն Թորոսյանի որոշումն անտրամաբանական են համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության` սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք է առաջացրել որոշ մասնագետների մոտ: Նրանցից Մարինե Խաչատրյանը նախարար Արսեն Թորոսյանի այս որոշումը համարում է անտրամաբանական:

Վերջերս Մարինե Խաչատրյանը հայտարարել է, որ ուղղաթիռները օգտագործվելու են հիմնականում տուրիստական նպատակներով, դեռ չի լուծվել ամենակարեւոր` տեղափոխվող հիվանդի պատգարակի եւ կենսական նշանակության սարքավորումների ձեռքբերման, տեղակայման եւ ֆիքսացիայի հարցը, մինչդեռ նախարարը խոստացել էր արդեն մարտ ամսվա վերջին մատուցել սանավիացիոն ծառայություն:

«Պատկերացրե՛ք դեպք պրակտիկ կյանքից. ուղղաթիռը զբոսաշրջիկին տարել է Գառնին, Արարատը եւ Սեւանը ցույց տալու: Տրվում է կանչ, տուրիստներին բացատրվում է, որ ուղղաթիռը պետք է գնա ծանր հիվանդ տեղափոխելու: Բնականաբար, տուրիստներին չեն տանում, հասցնում, օրինակ, Ագարակ: Վերադառնում են Երեւան, նրանցից ներողություն են հայցում, վերադարձնում են տուրի համար վճարված գումարը, այնուհետեւ սկսում են ուղղաթիռից հանել այն նստարանները, որոնց տեղում պետք է լինի հիվանդի պատգարակը: Միաժամանակ տեղադրում ու ֆիքսում են արհեստական շնչառության սարքը, սրտի աշխատանքը վերահսկող սարքավորումներ, դեֆիբրիլյատոր, թթվածնի բալոն եւ այլն։ Չմոռանամ ուղղաթիռի լիցքավորման ժամանակի, բժշկական անձնակազմի մոբիլիզացիայի հարցի մասին»,- ասել է նա:

Սակայն այս հարցերի պատասխանները տեւական ժամանակ է, ինչ Առողջապահության նախարարության որեւէ պաշտոնյայի շուրթերից չի հնչել: Այս հարցերին չկարողացավ պատասխանել նաեւ նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը` պատճառաբանելով, որ բանակցությունները դեռ ընթացքում են: «Օրինակ` ծանր վթարներից հետո, մենք գիտենք, պոլիտրամվայով հիվանդներ, որոնց անգամ հնարավոր չէ ռեանիմոբիլով մի քանի ժամում տեղափոխելը, կարող է կյանքի հետ կապված խնդիրներ առաջացնել: Իսկ ուղղաթիռով մենք հիվանդին կարող ենք հասցնել ժամանակին ավելի մասնագիտացված բժշկական կենտրոն: Այդ սարքերը ուղղաթիռի հետ եկել է: Դա գործելու է քաղաքացիների համար»,- նկատեց խորհրդականը:

Ապա ավելացրեց, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուղղաթիռը պետք է հագեցած լինի արհեստական շնչառական համակարգով, տեղ լինի, որտեղ հնարավոր կլինի դնել պատգարակը, եւ կուղեկցի բժիշկ-ռեանիմատոլոգը: Բայց թե ինչպես են հասցնելու ժամանակի մեջ տեղավորվել, զբոսաշրջիկին օդում են թողնելու եւ գնան կանչի հետքերով, հայտնի չէ: Ի դեպ, խորհրդականը խուսափեց խոսել նաեւ ծառայության գների մասին. «Մոտավորապես հայտնի է, բայց բանակցությունները դեռ վերջնական ավարտին հասցված չեն»:

Ս. Համբարձումյան




Լրահոս