ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե հեղափոխություն չլիներ, այստեղ չէի լինի. բացառիկ հարցազրույց Յուրա Մովսիսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` մարտի 23-ին, Հայաստանի հավաքականը կսկսի պայքարը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում: Մեր առաջին մրցակիցը Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականն է: ԵՎՐՈ 2020-ի, բոսնիացիների դեմ հանդիպման եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է բացառիկ հարցազրույց վարել Հայաստանի հավաքականի կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում:

-Միանշանակ, խմբից դուրս գալու շանսեր ունենք: Դեռ հանդիպում չենք անցկացրել, եւ այս պահին հավասար եմ գնահատում բոլորի շանսերը: Կարծում եմ եւ հույս ունեմ, որ շատ լավ հանդես կգանք, կարեւոր է նաեւ բախտի գործոնը, պետք է բախտներս էլ բերի:

-Ինչպիսի՞ն է այս պահին մթնոլորտն ու տրամադրվածությունը հավաքականում:

-Հոյակապ: Հիանալի է ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ տրամադրվածությունը: Բոլորն էլ լավ տրամադրությամբ են եկել Հայաստան: Ամեն ինչ շատ լավ է:

-Բոսնիա եւ Հերցեգովինայի գլխավոր մարզիչը թերագնահատել է մեր հնարավորությունները: Ի՞նչ պատասխան կտաք նրան:

-Նա ավելի լավ է` մտածի իր թիմի հնարավորությունների մասին, ոչ թե խոսի մեր հավաքականի մասին: Հույս ունեմ, որ նրա պատասխանը կտանք հենց խաղադաշտում: Չեմ ցանկանում հարցազրույցի ժամանակ ինչ-որ բան ասել, դաշտում կհանդիպենք:

-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Հայաստանի հավաքականում:

-Փոփոխությունները շատ մեծ են, կարող եք նույնիսկ Ակադեմիայի աշխատակիցներին հարցնել: Փոփոխությունը նաեւ այն է, որ Դուք հիմա գտնվում եք այս շենքում. առաջ այսպիսի բան հնարավոր չէր տեսնել: Իմ այստեղ լինելն էլ ցույց է տալիս այդ փոփոխությունը, եթե իրավիճակ չփոխվեր, ես այստեղ չէի լինի:

Մանրամասները` տեսանյութում

Էդմոնդ Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս