Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի եւ Լիանա Կարապետյանի՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի հայցը վարույթ ընդունելուց հետո Վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել։ Սիրանույշ Մուրադյանի խոսքերով՝ իրենք Վարչական դատարանից ստացել են մի որոշում, ըստ որի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Լրագրողի խոսքով՝ կրճատման մասին իրեն առաջին անգամ ամռանն են տեղեկացրել, եւ նույնիսկ՝ ծանուցել։ Ինքն ընդդիմացել է՝ ասելով, որ կամայականության մասին բաց նամակով կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո որպես խորհրդարանական լրագրող շարունակել է աշխատել։ Հետո՝ արդեն հունվարին, հինգ լրագրողների տեղեկացրել են, որ աշխատանքային պայմանագիրը լուծվում է, բայց թե ինչ հիմքով, ինչու, ինչպիսի ընտրությամբ, հիմնավորված չի եղել։ Հենց այս որոշումն են լրագրողները վիճարկում դատարանում։
«Որոշումը ապօրինի է, չհիմնավորված ու կամայական»,-պնդում են լրագրողները։
Հանրայինի լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը որոշումը հիմնավորել է՝ ասելով «կրճատվում եք, որովհետեւ հին եք»։
Սիրանույշն ու Լիանան պնդում են՝ ըստ դատական միջանկյալ որոշման՝ պետք է շարունակեին նույն պայմաններով աշխատել մինչ պայմանագրի լուծման ժամկետը, տվյալ դեպքում՝ մարտի 1-ը։ Միաժամանակ նրանց պետք է ազատ թողնեին օրական աշխատաժամի 10 տոկոսի չափով՝ նոր աշխատանք գտնելու համար։ Լրագրողների խոսքով՝ իրենց մեկուսացրել են գործընկերներից, զրկել աշխատանքային սեղանից եւ համակարգչից, արգելել առավոտյան ժողովներին մասնակցել եւ արգելափակել լրահոսի էլեկտրոնային փոստը։ Նախքան պայմանագրի լուծման ժամկետի լրանալը լրատվականը սկսել է համալրվել նոր լրագրողներով։
Լրագրողների հայցը Վարչական դատարանը վարույթ է ընդունել, եւ 1-ին դատական նիստը նշանակվել է ապրիլի 30-ին։