Դուք ո՞նց եք հանգիստ քնելու, եթե էդ մարդուն հանձնեք, իսկ մեր քաղաքացին մնա Ադրբեջանում. նախարարի հասցեին սպառնալիքներ հնչեցնողը պարզաբանում է իր խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տարաբնույթ հրապարակումներ եղան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասին: Մասնավորապես, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել էր, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին մահվան սպառնալիքներ են տվել։ Ապա տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սպառնալիքները հնչեցրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին` Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ 35-ամյա Խորեն Ասլանյանը։

ArmLur.am-ին հաջողվել է կապ հաստատել Խոեն Ասլանյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց կատարվածը: Նրա խոսքով` նախարարը հայտարարել է Հայաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացուն արտահանձնելու անհրաժեշտության մասին: Նախարարը, մասնավորապես նշել է, որ եթե ապացուցվի, որ նա քաղաքացիական անձ է, ապա պետք է նրան արտահանձնել:

Խոսքը մարտի 16-ին 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերված սահմանախախտի մասին է: Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` անձը հանդիսանում էր Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

Նախարարի հայտարարությունը վրդովվեցրել է Բերդավանի բնակչին: Վերջինս, ի պատասխան ArmLur.am-ի հարցի նշեց. «Ես մեկնաբանություն էի թողել, որ մեր ազգականն էլ էր քաղաքացիական անձ, բայց հակառակորդը նրան հետ չի տալիս: Դուք ո՞նց եք հանգիստ քնելու, եթե էդ մարդուն հանձնեք: Երևի էդ արտահայտությունն է ընկալվել որպես սպառնալիք»:

Խորեն Ասլանյանը նշեց, որ ինքը նկատի է ունեցել մարդասիրության դրսևորման սխալ ձևը պատերազմական վիճակում: Ի դեպ, մեր զրուցակիցը հայտարարեց նաև, որ տարածված տեղեկությունները, թե իրեն իրավապահները որոնել են, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գյուղը փոքր է, բոլորիը բոլորին ճանաչում, գգտնելը դժվար չէ:

Խորեն Ասլանյանը նույնը նաև ոստիկանությանն է ասել` ինքը նախարարին չի սպառնացել, իր խոսքը անարդարության մասին դիտարկում է եղել:

Նշենք, որ նախարարն ասել է հետևյալը. «Հաջորդ կարևոր հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին: Տեղեկացրել եմ, որ Հայաստանի իշխանությունները սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում են. պրոցեսում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Կապահովենք անձի իրավունքների ողջ ներկապնակը։

Եթե նրա արարքում չլինի քրեորեն հետապնդելի արարք, և անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար, կվերադառնա։ Մենք չգիտենք, գուցե անձը հայցում է քաղաքական ապաստան։ Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի։ Այսինքն՝ կպահպանվեն նրա իրավունքները՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի ու խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության։ Հայաստանում այդ իրավունքը երաշխավորված է»:

Քնար Մանուկյան




Լրահոս