2019 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` ՀՔԾ-ում այս գործի շրջանակներում հարցաքննվել է ԱԺ նախկի պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանը։
Բանն այն է, որ 2016 թվականին «Հետք»-ը իր՝ «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթս ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
Հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին, Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: 2016թ.-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Եվ, ահա, կարճումից հետո` 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց ու ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրվեց` օրենսդիր գործունեություն ծավալելով ՀՀԿ խմբակցության կազմում: Ի դեպ, թավշյա հեղափոխության օրերին, երբ նախկին իշխանությունը դեռ դիմադրում էր, Մ. Պողոսյանի մերձավոր շրջապատի անձինք Զեյթունում փորձել էին բռնություն գործադրել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ:
Ավելի ուշ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նրանց մեղադրանք էր առաջադրվել:
Թավշյա հեղափոխությունից հետո` արդեն 2018թ. նոյեմբերին, խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց, ու Միհրան Պողոսյանը հեռացավ քաղաքական ասպարեզից:
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: ՀՔԾ-ն, սակայն, առաջարկը մերժել է, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ:
Ուստի Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է հարցաքննության, իսկ կգա, թե ոչ, առայժմ նախաքննական մարմինը սպասում է։ Ինչեւէ,
«Ժողովուրդ» օրաթերթին Միհրան Պողոսյանի եւ իրավապահների կողմից տարվող քննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես այն, որ նախաքննական մարմինը, ի դեմս Հատուկ քննչական ծառայության, օրերս հարցաքննության է հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանին, որը եղել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները քննության ընթացքում բացահայտել են, որ Միհրան Պողոսյանի քրեական գործով առկա է նաեւ Արթուր Ստեփանյանի ստորագրությունը, ուստի վերջինիս վորոնշյալ ստորագրության համար կանչել են հարցաքննության։ Նա հարցաքննվել է: Եւ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են պնդում, ՀՔԾ հրավիրվելուց հետո Արթուր Ստեփանյանը իր մտերիմ շրջապատում սրտնեղել է` թե ինչ կապ ունի ինքը Միհրան Պողոսյանի գործարքների հետ, եւ հետեւյալն է ասել․«Ինձ ասել են` այստեղ ստորագրի՛, ես էլ առանց նայելու ստորագրել եմ եւ այլ բան չգիտեմ. ի՞նչ կապ ունեմ ես այդ քրեական գործի հետ։ Ախր այստեղ խնդիրը նա է, որ հիմա ես ընկել եմ ՀՔԾ-ի դռները, ինձ են կանչում, իսկ Միհրան Պողոսյանը գտնվում է Մոսկվայում, ես ի՞նչ անեմ»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Հատուկ քննչական ծառայությունից, սակայն ՀՔԾ-ից չմեկնաբանեցին մեր տեղեկությունը։ Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ իրեն Հատուկ քննչական ծառայություն կանչել են հարցաքննության։
-Պարո՛ն Ստեփանյան, մենք տեղեկություններ ունենք, որ Միհրան Պողոսյանի քրեական գործով ՀՔԾ-ն Ձեզ հարցաքննության է հրավիրել։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, ու երկրում էլ չեմ։
-Այսինքն` Դուք տեղյակ չե՞ք, որ Ձեզ կանչելու են կամ արդեն կանչել, հարցաքննել են, կա՛մ գիտեք, կա՛մ չգիտեք։
-Ինձ, հա, ինձ հրավիրել է։
-Ե՞վ… Տեղեկություներ կան, որ քրեական գործով կա Ձեր ստորագրությունը, ու դրա համար են Ձեզ կանչել ։
-Հրավիրել են, գնացել եմ։
-Կոնկրետ ինչի՞ համար, ի՞նչ եք Դուք պատմել, ի՞նչ են Ձեզ հարցրել, Դուք ի՞նչ եք պատասխանել։
-Նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց հրավիրել են։
-Օֆշորի հայտնի գործո՞վ են կոնկրետ հարցաքննել։
-Չգիտեմ` Ձեր համար որն է հայտնի գործը, որը ոչ, բայց Ձեզ ասացի, որ, այո, ՀՔԾ հրավիրվել եմ։
-Ե՞րբ եք հրավիրվել, կոնկրետ օրը կասե՞ք։
-15 օր, 20 օր առաջ:
– Հիմա երկրում չե՞ք։
-Ոչ:
-Իսկ արտերկրում ի՞նչ եք անում, ի՞նչ գործունեությամբ եք զբաղված։
-Ոչ մի բան չեմ անում։
-Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ հրավիրվելուց եւ հարցաքննվելուց հետո Դուք Ձեր մտերիմ շրջապատում սրտնեղել եք` ասելով, թե ինչ կապ ունեք Միհրան Պողոսյանի գործարքների հետ, եւ նման հայտարարություններ եք արել․«Ինձ ասել են` այստեղ ստորագրի՛, ես էլ առանց նայելու ստորագրել եմ եւ այլ բան չգիտեմ, ի՞նչ կապ ունեմ ես այդ քրեական գործի հետ։ Ախր այստեղ խնդիրը նա է, որ հիմա ես ընկել եմ ՀՔԾ-ի դռները, ինձ են կանչում, իսկ Միհրան Պողոսյանը գտնվում է Մոսկվայում, ես ի՞նչ անեմ»։
-Չկա նման բան, Ձեր տեղեկությունները սխալ են։
Քնար Մանուկյան