«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն է: Մենք բացահայտել ենք նրան նոր, հետաքրքիր ռակուրսից, խոսել ենք դերասանի նախասիրությունների, սովորությունների մասին:
Պարոն Ալեքսանյանը խոստովանել է, որ թիկունքից հարվածներ շատ է ստացել, մինչ օրս էլ ստանում է, բայց չի պատասխանում. այդ գործը թողել է Աստծուն: Նա անդրադարձել է մանկությունից անկատար մնացած երազանքին, նշել, թե որն է դերասանի մասնագիտության լավագույն կողմը: Մեր զրուցակիցը նշել է, թե ինչն է իրեն զարմացնում եւ զայրացնում:
-Պարո՛ն Ալեքսանյան, կա՞ մի բան, որ օրվա ընթացքում անպայման պետք է անեք, օրինակ՝ մարզվել, հանդիպել հարեւանին կամ սերիալ դիտել:
-Ամեն օր անպայման մարզվում եմ:
-Ձեզ կարելի՞ է համարել տրամադրություն «փաթաթող» անձնավորություն: Երբ, օրինակ, անտրամադիր եք լինում, այդ մասին կողքինները կռահո՞ւմ են:
-Դա կախված է այն բանից, թե որտեղ եմ այդ պահին գտնվում: Օրինակ՝ աշխատանքի պահին` կլինի թատրոնում, թե կինոյում, ոչ ոքի հետաքրքիր չէ, թե դու ինչ տրամադրություն ունես: Բարի՛ եղիր, աշխատիր, տրամադրությունդ էլ ուրիշի վզին մի՛ փաթաթիր:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր մասնագիտության ամենադրական կողմը, ինչո՞վ է այն առանձնանում:
-Շատերը երազում են ինչ-որ հրաշքով միքսել մասնագիտությունները: Դերասանին տրվում է այդ հնարավորությունը. մի օր նա թագավոր է, մյուս օրը՝ բժիշկ, բանվոր եւ այլն:
-Շարունակե՛ք միտքը. «Մի անգամ քիչ էր մնում…»
-Գերի մնայի: Դա 1992 թվականին էր, Խոջալուում, բայց ոչ մի օր գերության մեջ չմնացի, բախտս բերեց, փախա:
-Ամենաշատն ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում:
-Երբ հանդիպում եմ անարդարության, դավաճանության:
-Սիրո՞ւմ եք անակնկալ իրադարձություններ, թե՞ նախընտրում եք, որ ամեն բան նախօրոք գծագրված պլանով ընթանա:
-Նայած՝ ինչ իրադարձության մասին է խոսքը, երբեմն` այո, երբեմն՝ ոչ:
-Սովորաբար ումի՞ց եք զգուշանում:
-Մարդուց, մարդ-կենդանուց (ծիծաղում է):
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է մարդկության հորինած ամենավնասակար երեւույթը:
-Մարդը, բնության ամենամեծ վնասատուն է նա:
-Ինքներդ Ձեզ ինչի՞ համար եք մեղադրում:
-Որ շատ բարի եմ, շատ եմ սիրում… Մտածում եմ՝ ինչու պետք է Հայաստանում լինեն հայերեն խոսացողներ, որոնք հայ չեն: Չէ՞ որ ամեն հայերեն խոսացող չէ, որ հայ է…
-Կա՞ մի ճաշատեսակ, որից երբեք չեք հրաժարվում:
-Այո, խաղողի թփով տոլման՝ մածուն-սխտորով:
-Ո՞ւմ կվստահեիք Ձեր ամենամեծ ու նվիրական գաղտնիքը:
-Իհարկե, իմ կեսին՝ կնոջս:
-Ունե՞ք մանկության մի երազանք, որն այդպես էլ անկատար է մնացել:
-Եթե ես ի վերուստ չլինեի արտիստ, շատ կցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Մանուկ հասակից սիրել եմ ֆուտբոլ, խաղացել եմ, իհարկե, սիրողական մակարդակով, բայց լավ էր ստացվում: Սովորաբար, դարպասապահ եմ եղել:
-Ո՞ր մուլտֆիլմը կարող եք հազար անգամ դիտել եւ չհոգնել:
-Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը, «Դե սպասիր»-ը, «Միկի Մաուս»-ը:
-Ձեզ միշտ զարմացրել են մարդիկ, որոնք…
-Ինձ ոչ ոք էլ չի զարմացնում: Ամեն մեկը հասկացողության իր չափն ունի, ինչի՞ց զարմանաս…
-Ո՞ր ժանրի երգերն են Ձեզ հոգեհարազատ:
-Մեր հայրենասիրական, ժողովրդական երգերը, իսկ համաշխարհային մասշտաբով եթե ասեմ, ջազային աշխարհի ստեղծագործությունները:
-Ձեզ թիկունքից հարվածողներ շա՞տ են եղել: Ինչպե՞ս եք վարվել նրանց հետ:
-Ինչ դաժան հարց տվեցիք… Այո, եղել են, հիմա էլ կան թիկունքից հարվածողներ: Ես կրոնավոր չեմ, բայց հավատացյալ եմ, համբերատարություն եմ ցուցաբերում, չեմ պատասխանում, ամեն բան թողնում եմ Աստծո դատին, դա իմ գործը չէ: Կյանքը բումերանգ է. ով ինչ շպրտի, կվերադառնա իրեն:
-Եվ վերջում՝ ըստ Ձեզ՝ ո՞վ է երջանիկ մարդը:
-Նա, ով ունի հայրենիք, լավ ընտանիք եւ ընկերներ:
Աննա Բաբաջանյան