Այսպիսով, մարտի 29-ին տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Վիեննայում, որտեղ երկու երկրների ղեկավարները մինչ այդ առանձին հանդիպումներ կունենան Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Դեռ պաշտոնապես չի հայտարարվել՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը լինելու է որպես երկկողմ բանակցություն, թե ոչ: Բայց, անկախ հանդիպման անվանումից, կարեւորն ինքնին գործընթացն է եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումները:
Համենայն դեպս, ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները` օրինակ, հրադադարի ռեժիմի պահպանման մասին, շատ ավելի լավ են պահպանվում. արդեն տեւական ժամանակ ու այսօր սահմանին վիճակն անհամեմատ հանգիստ է: Այնպես որ, մեծ հաշվով կարեւոր չէ, թե ինչ անվանում, ինչ բնույթ են կրում հանդիպումները, կարեւորը այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց հետամուտ լինելն է:
Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատին, ապա այդ առումով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վաղուց արդեն բավական լուրջ ակտիվություն է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լրջորեն շարունակում են իրենց գործառույթների իրականացումը` անկախ նրանից՝ կողմերը որքանով են պատրաստ այսօր հակամարտության լուծման: Հետեւողականորեն փորձ է արվում մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Դրա վկայությունն է նաեւ Վիեննայում կայանալիք հանդիպումը:
Իսկ մինչ այդ այս ողջ իրադարձությունների համատեքստում պատահական չէ Հայաստանում անցկացվող ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին, ի դեպ, մասնակցում են նաեւ Արցախի ՊԲ ղեկավարությունից եւս:
Երեկ այնտեղ ԼՂ հակամարտության կարգավորման մասին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` շեշտելով, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Ավելի ուշ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը ասվում է, որ պատասխանելով հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Բայց պարզ է, որ գերակշռող թեման հենց հակամարտության կարգավորման խնդիրն է եղել: