Մարտի 26-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց ջավախահայերի պատվիրակությանը, որի կազմում էին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական միության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը, գործարար Արամ Սանոսյանը, Վրաստանի հայ գործարարների միության նախագահ, գործարար Սամվել Աղեկյանը, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «ՋԱՀ» իրավաբան Արմեն Եսոյանը, «ՋԱՀ» գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, «ՋԱՀ» հոգաբարձուների խորհրդի համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը, «ՋԱՀ» ներկայացուցիչ, գործարար Գրիգոր Տաշչյանը /ՌԴ Պերմի երկրամաս/, «ՋԱՀ» համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Սերգեյ Վանցյանը: Ճանաչողական հանդիպման գլխավոր նպատակը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդի հետ ծանոթությունն էր ու ջավախահայության հիմնախնդիրների լուծման ուղիների հետ կապված հարցերի քննարկումը:
Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց նախարարության աջակցությունը Ջավախքի հայության համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը, նշեց, որ առաջիկայում ևս սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքներ տանել. «Կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է քննարկվեն մեր վրացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակներում և լուծումներ ստանան: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի նորանշանակ առաջնորդին՝ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկու տարվա ընդմիջումից հետո Սամցխե-Ջավախքի և Ծալկայի համայնքում վերջապես նոր հոգևոր առաջնորդ ունենք, որը համայնքի և երիտասարդության հետ աշխատելու մեծ փորձառություն ունի:
Շնորհավորենք և հաջողություն մաղթենք նրան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սփյուռքի նախարարությանը՝ այս հանդիպումը կազմակերպելու և ջավախահայության խնդիրներին ծանոթանալու պատրաստակամության համար: Հիմնադրման առաջին օրից նախարարությունը եղել է ջավախահայության կողքին, աջակցել է, օգնել է կարգավորել բազմաթիվ կրթամշակութային խնդիրներ, միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Հույս ունենք, որ աջակցությունը կշարունակվի»,- հավելեց Վիրահայոց Թեմի առաջնորդը:
Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նշեց, որ սփյուռքի նախարարության հետ վաղուց է համագործակցում, դեռևս Արգենտինայի թեմում աշխատելու տարիներից և հավելեց. «Հուսով եմ, որ այն մեծ փորձառությունը, որ Արգենտինայից եմ բերել, կօգնի հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ, որ պիտի առաջ տանեմ կրթական, մշակութային հարցերը: Ես գալիս եմ ծառայելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել»:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը մեկ անգամ ևս շեշտեց միասին աշխատելու պատրաստակամությունը. «Եկեղեցին համախմբող հարթակ է համայնքն աշխուժացնելու, միասնական դարձնելու և հայապահպանության համար»:
Քննարկման ընթացում անդրադարձ կատարվեց համայնքի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, որոշվեց քննարկումներն ավելի հաճախակի և շարունակական դարձնել: