
ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովին ներկայացրեց 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Փաշինյանին` անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սպասվելիք հանդիպմանը:
«Կա՞ հստակ օրակարգ»,- մասնավորապես նշեց պատգամավորը:
Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հանդիպման մասին ես դեռ թերանում եմ հայտարարել: Հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն կա: Մենք հանդիպման համաձայնություն տվել ենք: Ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի, որովհետև նրանք պետք է բոլոր կողմերից հաստատումը ստանան, որպեսզի վերջնական հաստատվի: Անկեղծ ասած, այս ժամերին պետք է պարզ լինի` հանդիպումը տեղի է ունենում, թե ոչ: Մենք մեր համաձայնությունը տվել ենք: Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ սկզբնական փուլում հանդիպումները պետք է հստակ օրակարգ չունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ: Կարծում եմ` քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց` նշելով` կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգարվվելու մտքեր կփոխանակվեն: Վարչապետը դրական պատասխան տվեց, ապա հավելեց, որ հանդիպումը հաստատվեց, այն նախատեսված է անցկացնել այս շաբաթ:
«Ըստ էության` եթե ամեն ինչ հաստատվի, պետք է մեկնեմ»,- հավելեց վարչապետը: