
Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆուտբոլային մինի խաղ էին անցկացրել Ազգային ժողովի պատգամավորների հետ եւ հաղթանակ տարել` 4:2 հաշվով: Սակայն պարզվում է` պատգամավորները ծանր են տարել լրագրողներից կրած պարտությունը եւ որոշել են ռեւանշ խաղ անցկացնել: Այն տեղի կունենա մարտի 31-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` լրատվամիջոցների ներկայացուցիչների թիմը չի փոխվի, սակայն պատգամավորները որոշել են նոր անդամներ ավելացնել` ի դեմս Արսեն Ջուլֆալակյանի, Սիսակ Գաբրիելյանի: Տեղեկացանք նաեւ, որ այլ գերատեսչություններ, այդ թվում` Գլխավոր դատախազության ներկայացուցիչները եւս ցանկություն են հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ֆուտբոլ խաղալ: Առայժմ, սակայն, չի հստակեցվել հանդիպումների ժամանակացույցը: