Նախագահի ներիշխանական խաղերը. ինչու դեմ գնաց մեծամասնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության միջեւ թերեւս առաջին առճակատումն է հասունանում, որը խորը եւ թաքնված արմատներ ունի: Նախ` սկսենք նրանից, որ Արմեն Սարգսյանը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացրել է փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, որը, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընդունվել իշխող ուժի պատգամավորների կողմից:
Բանն այն է, որ դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար քննարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Եվ նախորդ տարվա հոկտեմբերին այդպես էլ եղավ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվեց, սակայն ամեն ինչ հարթ չընթացավ: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը խորհրդարանում քննարկվեց հոկտեմբերի 23-ին գումարված նիստում, սակայն Վահե Գրիգորյանը չընտրվեց, քանի որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները խորհրդարանում տապալեցին այն: Այդ օրը քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր, Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30-ը, այնինչ ընտրության համար անրաժեշտ էր 63 քվե:

Եվ, ահա, ըստ օրենքի` ՀՀ նախագահը պետք է 10 օրը մեկ առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածուի, սակայն Արմեն Սարգսյանը գնաց այլ ճանապարհով, եւ ոչ թե անընդհատ նոր թեկնածուներ առաջադրեց, այլ մրցույթ հայտարարեց եւ առաջադրվածներից էլ նախապատվությունը տվեց հենց Գոռ Հովհաննիսյանին, սակայն ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էր նաեւ հենց Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։

Բանն այն է, որ այս պահի դրությամբ Արմեն Սարգսյանը չէր էլ կարող առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ, ըստ օրենքի, պետք է նոր թեկնածու առաջադրվի, իսկ վերջինս մեկ անգամ արդեն առաջադրված է եղել: Եվ այս իրավիճակում, եթե Արմեն Սարգսյանը ցանկանար առաջադրել հենց Գրիգորյանին, ապա պետք է սպասեր մինչեւ ապրիլի 1-ը: Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով հակասահմանադրական ճանաչեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող մի քանի հոդվածներ։

Մասնավորապես, ՍԴ այս որոշմամբ` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՍԴ դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է ԱԺ կանոնակարգի իրավակարգավորմանը, ճանաչվել է հակասահմանադրական, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերը եւս ճանաչվել են հակասահմանադրական։ Եւ նույն որոշմամբ` Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների` ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը։ Այսինքն` այդ օրվանից սկսած` Արմեն Սարգսյանը կարող էր կրկին առաջադրել Գրիգորյանին:

Բայց Արմեն Սարգսյանը չգնաց այդ ճանապարհով: Ամենայն հավանականությամբ, նրա քայլի պատճառն այն էր, որ նախկին իշխանություններին (որոնց օրոք դարձավ նախագահ) ցույց տա, թե ինքն, այնուամենայնիվ, ուրիշ թեկնածու էր առաջադրել, բայց խորհրդարանական մեծամասնությունը մերժեց՝ իրեն ստիպելով կրկին առաջադրել Գրիգորյանին:

Երեկ խորհրդարանում պատգամավորների հարցազրույցներից արդեն իսկ պարզ էր, որ իշխող մեծամասնությունը կտապալի Գոռ Հովհաննիսյանի ընտրությունն այնպես, ինչպես հենց ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը: Նույն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե հարցը խմբակցությունում չի քննարկվել, սակայն ինքը` որպես պատգամավոր, կարծում է, որ ՍԴ դատավորի թեկնածուն պետք է հայտնի լինի հանրությանը եւ լինի հասարակական գործիչ, այնինչ, ի դեմս Գոռ Հովհաննիսյանի, նա նման թեկնածու չի տեսնում: Եվ մասնագիտական շրջանակները եւս պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է: Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը խորհրդարանում կքննարկվի ապրիլի 16-ին, սակայն նկատենք, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր տակտիկա է ընտրել:

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ հենց իշխող խմբակցության թեկնածուին առաջադրելուց` շատ լավ իմանալով, որ այլ թեկնածու մերժվելու է: Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե օրենքը փոխվել է հենց Վահե Գրիգորյանի համար, որոշվել է մեկ անգամ տապալել ընտրությունները եւ արդեն դրանից հետո եւս մեկ անգամ առաջադրել Գրիգորյանի թեկնածությունը: Այսինքն` այս քայլերի մեջ կարելի է գտնել ե՛ւ հակասություններ իշխող թիմի հետ, ե՛ւ պարզապես հարցին այլ լուծում տալու որոշում: Երկու դեպքում էլ պարզ է, որ, ի վերջո, ՍԴ դատավոր դառնալու է հենց Վահե Գրիգորյանը, քանի որ մեծամասնությունն այդ պաշտոնում հենց նրան է տեսնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս