ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այսքան քֆուր տվող կնիկ լինել. Էդգար Կոստանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է արձակագիր եւ դրամատուրգ Էդգար Կոստանդյանը: Նա անդրադարձել է ներքաղաքական, հասարակական խնդիրների, պատասխանել է գրականությանը, թատրոնին առնչվող հարցերի:

-Էդգա՛ր, այսօր մենք ունենք վարչապետ, որը գրի մարդ է. ստեղծագործում է ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո ժանրերում: Այս հանգամանքը կարո՞ղ է հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել գրի, գրականության նկատմամբ:

-Չգիտեմ. եթե ընթերցողները գնան գրախանութ միայն այն բանի համար, որ երկրի ղեկավարը գրում է, կարդում է, լավ կլինի, բայց դրան ես լուրջ չեմ վերաբերվում: Ամեն դեպքում, կարդացել եմ «Երկրի հակառակ կողմը». հետաքրքիր էր, լեզուն, ոճը դուրս եկան:

-Փաշինյանը նաեւ ասմունքում է, տարբեր առիթներով մեջբերում է հայ մեծ գրողների տողերը:

-Իհարկե, խրախուսելի է:

-ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Արժե՞ ունենալ նման տոն:

-Տոները որքան շատ լինեն, այնքան լավ, բայց քաղաքացու տոն ունենալու համար նախ քաղաքացի է պետք ունենալ: Եկեք այդ հարցով զբաղվենք, հետո կարող ենք միամսյակ էլ նշել: Իսկ քաղաքացի ունենալու համար պետք է կիրթ հասարակություն ունենալ. մարդիկ որքան քիչ ժամանակ անցկացնեն «ֆեյսբուքներում», քիչ նայեն Ազգային Ժողովի նիստերը, այնքան շուտ քաղաքացու ինստիտուտը կկայանա:

-Ո՞ր դեպքում կարող ենք արձանագրել, որ քաղաքացին հաղթել է անօրինությանն ու կոռուպցիային:

-Հուսամ՝ մի օր կհաղթի: Անընդհատ ասում ենք «քաղաքացի»՝ մոռանալով, որ խոսքը մարդու մասին է: Պետք է մարդ լինել, նոր` քաղաքացի: Ես ճանաչում եմ քաղաքացիների, որոնց տակը մարդ չկա: Դա էլ բանի պետք չէ:

-Ի վերջո, մեր երկրում հեղափոխությո՞ւն է եղել, թե՞ իշխանափոխություն:

-Լավ էր, որ իշխանափոխություն եղավ, ոչ ոք բան չի ասում, հուսամ՝ հեղափոխություն էլ կլինի: Դա էլ էր հեղափոխություն, որ քսան տարվա ռեժիմին հաղթեցինք, բայց մեզ մոտ մարդը չի հեղափոխվել, էլի «ֆեյսբուքներում» հիմար բաներ գրող նույն ժողովուրդն է: Մեր երկրում ինտելեկտուալ հեղափոխություն դեռ չի եղել, հույս էլ չկա, որ կլինի:

-Շատ է խոսվում ներկայիս իշխանության կադրային քաղաքականությունից, ասում են՝ անփորձ երիտասարդներին են տեղ տալիս…

-Լավ են արել՝ երիտասարդներին են տեղ տվել: Հա, նրանց մեջ լակոտներ էլ կան, բայց կադրը պետք է երիտասարդ լինի, ուրիշ բան, թե իրեն ինչպես կդրսեւորի: Բայց այդ մասին չեմ ուզում խոսել. կյանքը կարճ է:

-Վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո մեր ժողովուրդն ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց:

-Գոնե ընթացան չկեղծված ընտրություններ, օրինակ՝ այդ հարցում շահեց, իսկ կորցնելու բան այլեւս չուներ, տեղ չկար… Ամեն դեպքում, ենթադրություններ անելու համար քիչ ժամանակ է անցել, խմորումներ են պետք: Այնքան եմ հոգնել այս ամենից… Ամեն օր զարթնում ես, նույն խոսակցություններն են… Ուզում եմ հնարավորինս կտրված լինել այդ ամենից:

Իհարկե, ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան դեպի լավն է գնում, բայց չեմ ասում, թե հավատում եմ: Նորմալ, գիտակից մարդը չի կարող անմնացորդ հավատալ իր երկրի ղեկավարին. դա ոչխարի հոտին է հատուկ: Հակված չեմ որեւէ ղեկավարի հավատալ: Կտեսնեմ լավ գործ, կծափահարեմ:

-Այսօր իշխանությանն ուղղված առողջ քննադատություններն անգամ որոշակի զանգվածի կողմից սվիններով են ընդունվում…

-Դա էլ է տգիտության արդյունք: 60 տարեկան կնիկը «Ֆեյսբուք»-ում մարդկանց է հայհոյում այն բանի համար, որ նախարարներից մեկին վատ բան են ասել… Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այդքան քֆուր տվող կնիկ լինել: Սրճարանում նստած են երկու սիրուն աղջիկ ու ընտրություններից են խոսում, այնինչ նորմալ պետություններում մարդիկ նույնիսկ չգիտեն՝ իրենց երկրի ղեկավարներն ովքեր են, իսկ նախարարների անուններն իմանալն, առհասարակ, մեղք բան է:

-Մեր երկրում մշակութային հեղափոխության համար հող կա՞ նախապատրաստված:

-Վերջին անգամ թատրոն եմ այցելել տասն օր առաջ, դուրս գալուց հասկացա՝ դեռ 200 տարի մեր երկրում մշակութային հեղափոխություն չի լինի: Թատրոններին նայե՛ք, նրանց աշխատանքին նայե՛ք, մեր գրականությանը, երգարվեստին նայե՛ք: Ոչ մի հող էլ չկա…

-Մեզ Մշակույթի նախարարություն պե՞տք է:

-Ոչ: Ի՞նչ է արել Մշակույթի նախարարությունը երեսուն տարի՝ բացի տգետների ներկայացումները, համերգները ֆինանսավորելուց:

-Մի փոքր էլ գրողական համայնքից խոսենք…

-Ես այդ համայնքի, «սեկտաների» մաս չեմ կազմում:

-Կարո՞ղ ենք թեկուզ Ձեր փորձից ասել, որ գրողը կարող է ֆինանսապես անկախ եւ ինքնաբավ լինել:

-Միանշանակ: Չկա ավելի զզվելի բան, քան այն, որ պետությունը փող է տալիս արվեստով զբաղվելու համար: Այդ դեպքում հնարավոր չէ՝ չսահմանափակվես: Ամբողջ աշխարհում է այդպես: Դա զզվելի ու կողտոտ բան է: Տեսել ենք, թե պետության տված փողերով ինչեր են գրվում, բեմադրվում. մի լավ բան չկա մեջները:

-Եվ վերջում` պատմեք, թե հիմա ի՞նչ նոր գործի վրա եք աշխատում:

-Նոր վեպ եմ գրում, թերեւս սեպտեմբերին այն լույս կտեսնի: Ես էլ չեմ հասկանում, թե ինչ է դառնալու վերջում, ուստի այլ մանրամասներ չեմ հայտնի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս