Հայաստանի կառավարությունը Արդարադատության նախարարությանը կհատկացնի 7200 եվրոյին համարժեք դրամ` ՄԻԵԴ-ի վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտում: Բանն այն է, որ, դեռեւս 1990 թվականից սկսած, «Շոլց ԱԳ» գերմանական ընկերությունը Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան եւ Associates LLC» ընկերությունից մետաղաջարդոն է գնել: 2002 թվականին գերմանական ընկերությունը LLC-ին 100 հազար եվրո վարկ է տրամադրել, որը պետք է վճարվեր մինչեւ 2003թ.-ի հունվարի 31-ը, բայց դա չի արվել: Վարկի նպատակն էր, որ LLC-ն վճարեր բանկում ունեցած իր վարկը:
Ավելին, հայկական ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները ու գումարի դիմաց տվել է սահմանվածից քիչ մետաղաջարդոն: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերությունը դիմումատուին ունի ավելի քան 1.2 մլն դոլարի պարտք: Կողմերը պայմանավորվել են, որ գումարը կվճարվի մաս-մաս, ինչը եւս չի արվել:
Ի դեպ, «Շոլց ԱԳ»-ն ՀՀ-ից պահանջել էր 1.2 մլն դոլար եւ 116 հազար եվրո` որպես նյութական, եւ 100 հազար եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում, բայց ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3600 եվրո` մերժելով փոխհատուցման պահանջը: Բացի այս, ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է եւս 3600 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցել «Ղուլյանն ընդեմ Հայաստանի» գործով:
Իսկ, ահա, «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործը աշխատանքից ազատման մասին է, որը դիմումատուն համարել է անօրինական ու դիմել ՄԻԵԴ:
Նշենք, որ դիմումատու Ոսկեհատ Ղուլյանին երեխայի խնամքի ժամանակ Հայաստանում գործող Բրիտանական խորհուրդն ազատել է աշխատանքից` մի քանի անգամ 6 ամսով նրա ֆիզարձակուրդը երկարացնելուց հետո: Այդ ժամանակ նա գտնվել է ԱՄՆ-ում: Բրիտանական խորհուրդը աշխատանից ազատելը բացատրել է նաեւ կադրերի կրճատմամբ: ՀՀ-ում դատարանը գտել է, որ Բրիտանական խորհուրդը չի խախտել օրենքը` նրան աշխատանքից ազատելով: Վերաքննիչ դատարանը վճիռը նույնն է թողել, իսկ Վճռաբեկը չի ընդունել հայցը:
Հայցվորը ՄԻԵԴ-ում, որպես նյութական վնասի փոխհատուցում, պահանջել է 62 հազար 700 եվրո, եւս 19 հազար եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Սակայն այս դեպքում եւս ՄԻԵԴ-ը մերժել է վնասի փոխհատուցման պահանջներն ու Հայաստանին պարտավորեցրել վճարել 3600 եվրո:
Սյունէ Համբարձումյան