Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Բազմիցս առիթներ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է, նկատի ունեմ այն, որ մեր բոլոր խնդիրներն ունեն առաջին հերթին ինտելեկտուալ լուծումներ: Մեզնից որևէ մեկը չի կարող որևէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ և առաջ ինքն այնտեղ չի գտնվել մտովի, մեզնից որևէ մեկը չի կարող անել որևէ գործողություն, եթե այդ գործողությունը նախ չի արել մտովի, իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ և ուզում ենք կառավարել մեր գործողությունները:
Իհարկե, յուրաքանչյուր կառավարության, ինստիտուտի ու, կարծում եմ, անհատի խնդիրն է՝ գիտակցել սեփական գործողությունները և կառավարել դրանք: Դա է պատճառը, որ մենք կայացրել ենք որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն, որի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում. կենտրոնը պետք է ընդարձակի ընդհանուր մտավոր դաշտը, մտավոր տարածքը, գործողությունների դաշտը և տարածքը, որում գործում ենք մենք, որում գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որում գործում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը:
Մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք ամենևին էլ այս կենտրոնը, որը վարչապետի աշխատակազմում է, չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը»: Վարչապետն ընդգծել է, որ կենտրոնը պետք է համագործակցության կամուրջներ և մեխանիզմներ ունենա վերլուծական այլ կենտրոնների հետ, այդ թվում՝ մասնավոր:
«Երկրի իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն: Այն մեծ մտավոր աշխատանքը, որի պահանջը և օրակարգը կա այսօր բոլորիս ընդհանուր սեղանին՝ պետք է միասին կատարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է «Օրբելի» կենտրոնի բացման առթիվ և վերջինիս վերլուծաբաններին ու փորձագետներին մտավոր գործունեության մեջ մաղթել հաջողություններ: «Այն ամենը, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջը, նախ տեղի է ունենում մեր մտքում և հետևաբար մեր միտքը պետք է լինի կառուցողական, ճկուն, հզոր ու կարողանա հաղթահարել բոլոր արգելքները: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կենտրոնի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության առաջխաղացման գրավականը նրա մարդկային, մտավոր ռեսուրսն է, և մենք փորձելու ենք այդ մտավոր ռեսուրսը տարբեր ձևաչափերով համախմբել, և այն օգտագործել՝ հանուն պետության զարգացման: Մենք զարգացման երկարատև ծրագրեր ունենք, «Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Մենք պետք է ներկայացված լինենք արտերկրյա հարթակներում և դրանով իսկ ավելի ներկայանալի դարձնենք Հայաստանն աշխարհում»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը: