Երեկ ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքին ու այդ համատեքստում ԵԽԽՎ համազեկուցողների վերջին գնահատականներին:
Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց․«Սկսած 2018 թ.-ի մայիսից՝ նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, թաշկինակներն առած, առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, որ մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում»։ Դրան զուգահեռ վարչապետը նշեց, թե ընդամենը երկու օր առաջ հրապարակվել է ԵԽԽՎ ՀՀ-ի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած այցի վերաբերյալ: «Երրորդ հանրապետութան պատմության մեջ առաջին անգամ է, որ գալիս են այցի, արդյունքները` զրո պրետենզիա ՀՀ կառավարության նկատմամբ, մտադրությունների, քաղաքական փոփոխությունների վեկտորի նկատմամբ»,-հավելեց նա։
Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վաղուցվա պատմություն ունի։ Դեռեւս հոկտեմբերին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանն էր դիմել միջազգային կառույցին Հայաստանում մոնիթորինգ անցկացնելու խնդրանքով: Եվ մոնիթորինգային խումբը Հայաստան է եկել համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) գլխավորությամբ։
Մի քանի օր շարունակ հայկական պատվիրակության նախկին անդամներից բացի ԵԽԽՎ նիստերին Ստրասբուրգ էր գործուղվել նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա այնտեղ հանդիպումներ է ունեցել եւ փորձել շտկել իրավիճակը, քանի որ ՀՀԿ-ականներն իսկապես այլ` իրենց ձեռնտու գույներով էին ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե պարզ չէ՝ պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում ում շահերն են ներկայացնում. Էդմոն Մարուքյանը, որը «Ելք» խմբակցության անդամ էր եւ ԵԽԽՎ-ում էր, փաստացի վստահություն չի ունեցել վարչապետի կողմից, եւ այդ պատճառով էր Լենա Նազարյանը գործուղվել այնտեղ։
Ինչեւէ, չնայած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի զեկույցը պատրաստ չէ, սակայն համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով դրական տոնայնությամբ հայտարարություն էին տարածել: Ու դրան էլ երեկ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում։ Մասնավորապես, այդ հայտարարության մեջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինյան եւ Անդրեյ Շիրցելն իրենց զեկույցներում ողջունել են Հայաստանի պատգամավորների՝ ինստիտուցիոնալ համակարգում Ազգային ժողովին կենտրոնական դեր հատկացնելու հանձնառությունն ու իշխանությունների տարանջատման գործադիրի ցանկությունը։
«Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, եւ միայն կարելի է ողջունել ուժերի իրական հավասարակշռություն հաստատելու ցանկացած պատրաստակամություն»,- հայտարարել են համազեկուցողները։ Ընդ որում, հանդիպումների ընթացքում նրանք տպավորություն են ստացել, որ, օրինակ, սեռերի հավասարության ու կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների կողմից արձանագրվել է վերաբերմունքի եւ տոնայնության հստակ փոփոխություն, գրանցվել են շոշափելի արդյունքներ:
2018թ.-ի մայիսին` նախորդ այցից հետո, համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը եւ հայ ժողովուրդն իրականացրին խաղաղ հեղափոխությունը եւ քաղաքական անցումը:
«Այս անցումն ավարտվել է դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո, որը միջազգային դիտորդների եւ մեր հանդիպած հայաստանյան քաղաքական գործիչների մեծամասնության կողմից համարվում է ազատ եւ արդար», – ասել են համազեկուցողները:
Եվ չնայած սա ամենեւին էլ զեկույցը չէ, այլ հայտարարություն, սակայն դրական նոտան ակնհայտ է, ինչը ենթադրում է, որ զեկույցն էլ կարող է դրական նոտայով լինել։ Եթե այդպես լինի, դա էլ կնշանակի, որ ՀՀԿ-ականների ծրագիրը տապալվեց, եւ չհաջողվեց Եվրոպայում նոր իշխանություններին ներկայացնել այլ գույների ներքո։ Ամեն դեպքում, սա չպետք է թուլացնի նոր իշխանությունների զգոնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է գտնվել մոնիթորինգի տակ, եւ ցանկացած վրիպում կգրավի եվրոպացիների ուշադրությունը։
Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ իշխանության տարիներին ՀՀ-ն մշտապես գտնվել է մոնիտորինգի տակ, եւ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ԵԽԽՎ-ն ՀՀ հարցով 4 զեկույց է ընդունել:
Նաիրա Հովհաննիսյան