«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում: Հիշեցնենք` ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են` այդպիսով հայտնելով իրենց բողոքը, այնուհետեւ երթ արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է, որի որդին ծառայում է այդ զորամասում:
Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. զինծառայողներին պատժել են՝ ուղարկելով առաջնագիծ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը, սակայն, մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին, մեղմ ասած, հակասում է: Մենք, մի կողմից, ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են կամ, ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից` հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով: Եւ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է:
Էլ չենք ասում այն մասին, որ ապրիլյան թավշյա հեղափոխության օրերին Երեւանում տեղակայված Խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը` համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին: Մեղրիի զորամասի զինծառայողների նկատմամբ, սակայն, որոնք նույն արարքն են գործել (կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարներին` լքել են զորամասը), ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: