«Իմ քայլը» բոյկոտելո՞ւ է Գոռ Հովհաննիսյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում։ Որոշ տեղեկություններով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են բոյկոտել նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, չնայած «Իմ քայլից» մեզ ասացին, որ դեռ քննարկում չեն արել այս հարցով եւ դիրքորոշումը կձեւավորեն թեկնածուի հետ հանդիպումից հետո։

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունում ամեն ինչ պատրաստ են անել Վահե Գրիգորյանին ՍԴ ուղարկելու համար։ Ի դեպ, կա տեսակետ, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի փոխարեն Գոռ Հովհաննիսյանին ընտրելով՝ նուրբ հաշվարկներ է արել՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ինքնուրույն խաղացող է եւ չի պատրաստվում դառնալ իշխանության կցորդը, մանավանդ՝ խախտելով օրենքը։

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն դեռեւս չի քննարկել ԱԺ կանոնակարգում եւ ՍԴ մասին օրենքում համապատասխան փոփոխությունների փաթեթը, որոնց ընդունումից հետո միայն հնարավոր կլիներ նորից առաջադրել Վահե Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ կար Գրիգորյանին առաջադրելու արգելք՝ «եթե թեկնածուի ընտրությունը չի կայանում, ապա ներկայացվում է նոր թեկնածու» արտահայտության տեսքով։ Այսինքն, Գոռ Հովհաննիսյանին ԱԺ-ում բոյկոտելուց հետո Արմեն Սարգսյանը կկարողանա երկրորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել, քանի որ առաջիկա արտահերթ նիստում խորհրդարանը կընդունի այդ փոփոխությունների փաթեթը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս