Օրես հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են` այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ նրանք երթ էին արել` իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին. խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է:
Նախարարի պատիժը
Գրել էինք, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին` զորամասում եղել են զինվորներ, որոնք առանձին սենյակ են ունեցել, առանձին հատուկ արտոնյալ պայմաններում են ծառայել: Իսկ ինչպե՞ս է արձագանքել միջադեպին իրավիճակի պատասխանատու Պաշտպանության նախարարությունը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնել է. «Զինված ուժերում նման կարգազանցություններն ու անհնազանդություններն անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ոմանք տեղափոխվել են ՀՀ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ. բոլորը, ըստ էության, առաջնագծի զորամասեր են: Իհարկե, օրենքով սահմանված կարգով, եթե կան ծառայողներ, ում ծառայության բնույթի համար կան հատուկ պայմաններ` ծնողազուրկ եւ այլն, դա կպահպանվի, բայց զորամասը չի լինելու նույնը»:
Տարօրինակ գործելաոճ
Այն, որ զինծառայողների արարքը քրեորեն պատժելի է, եւ պետք է օրենքը գործի ողջ խստությամբ, որեւէ կասկած չկա: Եւ թե ամեն մեկի վերաբերյալ տարվող քննության ընթացքում ինչ պատիժ կսահմանվի, ժամանակը ցույց կտա: Բայց այս իրավիճակը մտահոգիչ է բարոյահոգեբանական դաշտում: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին խիստ հակասում է:
Մենք, մի կողմից, ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են, կամ ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից` հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով: Եւ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է: Ու այս իրավիճակում զավեշտալին այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին եւս ծառայում է Արցախում, ըստ լուրերի` առաջնագծի զորամասերից մեկում: Եւ ի՞նչ է ստացվում. նրան պատժո՞ւմ ենք մենք:
Ո՞ւր մնաց իրավունքը
Բայց այսքանով ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգությունները չեն ավարտվում: Երեկ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել էր, որ Մեղրիում տեղակայված Զինված ուժերի զորամասերից մեկում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել, քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է` կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով) եւ ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Իհարկե, կրկին արձանագրենք, որ որեւէ մեկը չի արդարացնում զորամասում առկա իրավիճակը, եւ եւս մեկ անգամ շեշտում ենք, որ զինվորներն ու զինծառայողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն: Բայց հարկ է նաեւ հիշել 2018 թվականի հեղափոխության օրերը, մասնավորապես` ապրիլի 23-ը, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքել էին զորամասը: Այսինքն՝ նրանք եւս արել են այն նույն արարքը, ինչ Մեղրիի զինծառայողները: Եւ այդ օրերին էլ ՀՀ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելով. «ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը, եւ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները»: Սակայն նախարարության հայտարարությունը մնաց միայն քամու դաշտում, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը մատը մատին չտվեց, եւ քաղաքական որոշման արդյունքում որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց զորամասն ինքնակամ լքելու համար: Ավելին, հեղափոխությունից հետո ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը նոր՝ ավելի բարձր պաշտոն ստացավ՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:
Վերլուծենք իրավիճակը
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը` համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին: Սակայն Մեղրիի զորամասի զինծառայողները, որոնք նույն արարքն են գործել` կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարներին, լքել են զորամասը, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Համեմատության մեջ դնելով երկու երեւույթները` գալիս ենք այն եզրակացության, որ մեր երկրում իրավապահ համակարգը գործում է` ոչ թե հիմքում դնելով օրենքը, իրավաբանությունը, այլ իրավիճակային արդարադատությունը: Ի դեպ, գեներալի որդին այլ զորամաս չի տեղափոխվել եւ մնացել է նույն զորամասում:
Քնար Մանուկյան