Armenian text to speach

Լարված մթնոլորտ Հայաստանի կրթության տեսչական մարմնում. ինչու է նկատողություն ստացել վարչության պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է, իսկ տեսչական մարմինը ղեկավարող Ալեքսանդր Շագաֆյանի մոտ չի ստացվում մեղմել ստեղծված վիճակը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ այս տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Դրա հետեւանքով նա արժանացել է նկատողության, որից հետո Համբարձումյանը գնացել է արձակուրդի եւ չպետք է վերադառնա աշխատանքի:

Նշենք, որ այս վարչությունը մի շարք քոլեջներում յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացնում է ստուգումներ, որոնք նախանշվում են իրենց աշխատանքային ծրագրով: Իսկ եթե դիմում-բողոքներ է ստանում վարչությունը, ապա իրականացվում է լրացուցիչ ստուգում: Մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականին իրականացվել են ստուգումներ ՀՀ-ում գործող նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում: Ավելին, 8 ուսումնական հաստատությունում իրականացվել է աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգում, իսկ մեկ-երկու ուսումնական հաստատություն ստուգվել են` դիմում-բողոքների հիման վրա:

Այս տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը եղավ Կրթության տեսչական մարմնում: Պարզվեց` Սասուն Համբարձումյանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվեց` ինչու է նկատողություն ստացել: «Կարգապահական տույժ է եղել, նկատողություն չի եղել, այլ նախազգուշացում: Այսինքն` նախազգուշացումը կարգապահական տույժ է եղել, որը որ կարգապահական տույժերից ամենամեղմն է: Ընդ որում, այն եղել է ոչ միայն Նախնական կամ միջին մասնագիտական կրթության վարչության կոնկրետ պետի նկատմամբ, այլեւ վարչության երեք աշխատակիցների: Աշխատանքային գործունեության ստուգումների ընթացքում այս վարչության աշխատակիցների կողմից եղել է գործունեություն, որը որպես պրոֆեսիոնալ չի ընկալվել: Միայն իմ նկատմամբ չի կիրառվել նախազգուշացում, այլ վարչության երեք աշխատակցի նկատմամբ»,- ասաց նա:

Վարչության պետը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է արժանացել կարգապահական տույժի: «Ուսումնական հաստատությունում երկու աշխատող իրականացրել են բաժնի վարիչի գործառույթ: Յուրաքանչյուր աշխատող ուսումնական հաստատությունում ունի պաշտոնի անձնագիր, եւ դրան համապատասխան պետք է մշակված լինի տարեկան աշխատանքային պլան` այդ մարդը ինչ պետք է իրականացնի X տարվա ընթացքում: Հիմա պայմանական երկու հոգի 2018 թվականին պետք է իրականացնեին բաժնի վարիչի պաշտոնի անձնագրերով նախանշված իրենց գործողությունները. նրանցից մեկը 2018 թվականի ապրիլից աշխատանքից ազատվում է, մյուսի պաշտոնը նկարագրող նախանշված աշխատանքների պարտականությունները դրվում է երկրորդի վրա: Այսինքն` եթե նրանք նախկինում 0.5 դրույքաչափով էին այդ աշխատանքն անում, ապա նրանցից մեկի աշխատանքից ազատվելուց հետո մյուսի համար դրույքաչափը 0.5-ից դառնում է 1: Բնականաբար, այս դեպքում լիազորությունները եւս դրվում են նրա վրա, պաշտոնի անձնագիրն էլ»,- նկարագրեց Սասուն Համբարձումյանը:

Ըստ Համբարձումյանի` Տեսչական մարմնի ծառայողները պետք է արձանագրած լինեին այն` եթե Պողոսյանի պարտականություններ դրվել են Պետրոսյանի վրա, ուրեմն պետք է Պետրոսյանը պաշտոնի անձնագրով ընդունի իրեն նախանշված աշխատանքը, դրա համար ինքը պետք է ստորագրի, հանձնում-ընդունում անի:

Մեր զրուցակիցը պնդեց նաեւ, որ քոլեջում իրականացված ստուգումների արդյունքները չեն թաքցվել, այլ լիարժեքորեն արտացոլվել են ստուգման ակտում: «Մենք չենք իրականացրել գնահատման համակարգի 10 նիշին համապատասխան աշխատանք, կոնկրետ աշխատանքային խմբի անդամները, որոնք երեքն են, չեն իրականացրել եւ ես` որպես իրենց պատասխանատու պաշտոնատար անձ, իրենց վերադաս, իմ վերադասի կողմից արժանացել եմ կարգապահական տույժի` նախազգուշացում»,- անկեղծացավ մասնագետը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ վերջին շրջանում բավականին լարվել են իր եւ իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները, Համբարձումյանն արձագանքեց` նշելով. «Մարինե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ, նաեւ աշխատանքային անհամաձայնություններ. սա պրոֆեսիոնալ աշխատանք է, հասկանո՞ւմ եք:

Կան իրավական ակտեր, որոնցից պետք է հղումներ իրականացնենք մեր աշխատանքը կատարելիս, եւ դա անելուց կարող է մեկը մի իրավական ակտը այլ ձեւ պատկերացնի, մյուսը` այլ: Կարող են լինել աշխատանքային տարբեր քննարկումներ: Ինչ վերաբերվում է բանակների վերածվելուն, այդպիսի բաներ Տեսչական մարմնում գոյություն չունեն: Եկեք աշխատասենյակներով պտտվենք, տեսեք` ինչ աշխատանքային պրոցես է: Ամեն բան կարգին է մեզ մոտ, իսկ Տեսչական մարմնում աշխատողները բանակների չեն բաժանվել»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս