ՍԴ-ի համար արտահերթ նիստը բուռն է ընթացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ առավոտյան՝ մինչեւ ԱԺ նիստի մեկնարկն արտահերթ նիստ էր հրավիրել: Նպատակը՝ քննարկել է Կառավարության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Բանն այն է, որ այս նախագծով առաջարկվում էր փոփոխություն կատարել եւ սահմանել, որ եթե նախագահի կողմից առաջադրված դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա տասն օր անց կարող է առաջադրել թեկնածու, այլ ոչ թե «նոր թեկնածու» , ինչպես այժմ է: Տեսակետ կա, որ այսպես է արվում, որպեսզի հնարավորություն լինի կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին:

Սակայն նիստի ժամանակ քննարկումները բավական բուռն են ընթացել: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ է արտահայտվել այդ փոփոխությանը, ասելով թե միեւնույն է, փոփոխություններն արվում են կոնկրետ անձի համար, ինչն անընդունելի է:

Ի վերջո, տեւական բանավեճից հետոորոշվել է չփոխել այդ դրույթը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ իրավական վակուում չառաջանալու նկատառումներից ելնելով Սահմանադրական դատարանն այդ դրույթները ուժը կորցնելու ժամկետը հետաձգել էր մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը եւ դրա ժամկետներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Այնուամենայնիվ, իրավաբանների լայն շրջանակ էլ կարծիք է հայտնել, թե ապրիլի մեկիցմիեւնույնն է այդ դրույթն ինքնին հակասահմանադրական է եւ Վահե Գրիգորյանը կարող է առաջադրվել:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Սակայն ԱԺ մեծամասնությունը դեմ է այս առաջադրմանը, եւ սպասվում է՝ նրանք դեմ կքվեարկեն Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը կամ կտապալեն ընտրությունը: Սակայն երեկ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին, նշել է. «Մենք նախ առաջարկել ենք մեխանիզմ, որպեսզի սա լինի թափանցիկ, երկրորդ՝ ես նայել եմ թեկնածուներին, ովքեր առաջադրվել են, և 3 թեկնածուներին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս