ArmLur.am-ի զրուցակից Հրայր Մելքոնյանն առաջարկում է երկրի տնտեսության կառավարման նոր մոդել:
Դուք առաջարկում եք տնտեսության կառավարման նոր մոդել: Ի՞նչն է եղել այդ մոդելի ստեղծման շարժառիթը:
Շարժառիթները մի քանիսն են. Առաջինը այն է, որ ինչպես իր բազմաթիվ ելույթներում նշում է Հանրապետության Վարչապետը, մեր երկրին ոչ թե զարգացում, այլ թռիչքային զարգացում է պետք:
Խորապես համամիտ լինելով պարոն Փաշինյանի հետ, ես կարծում եմ մենք պարտավոր ենք մտածել ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարող են երկրում տնտեսության զարգացման որակական և թռիչքային աճի խթան դառնալ:
Երկրորդ շարժառիթն այն է, որ մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որը ՀՀ քաղաքացին իր հոգում կհամարի արդար: Հատուկ ուզում եմ նշել, որ արդարը դա օրինականը չէ, որովհետև կարող է լինել օրինական, բայց մարդիկ դա արդար չհամարեն:
Եվ երրորդը ես համոզված եմ, որ մենք ինչ էլ անենք, ինչպես էլ կառավարենք մեր երկիրը, հաջողություն կունենանք միայն այն դեպքում, երբ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրեն համարի երկրի տեր, իրեն համարի պատասխանատու երկրի համար, իրեն համարի իրականացվող գործընթացների մասնակից:
Բայց չէ՞ որ այսօր էլ քաղաքացին է երկրի Տերը:
Իհարկե, եթե ուղղորդվենք դեկլարատիվ հայտարարություններով, քաղաքացին է երկրի տերը:
Ըստ ՀՀ անկախության հռչակագրի 7-րդ կետի էլ. “Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները… …նրա ժողովրդի սեփականությունն է:”
Սակայն արդյո՞ք սեփականատեր հռչակված քաղաքացին իրեն համարո՞ւմ սեփականատեր: Արդյո՞ք այդ հարստությունը կառավարվո՞ւմ ու պահպանվո՞ւմ է այնպես, ինչպես կկառավարեր ու կպահպաներ իրական սեփականատերը:
Իհարկե մտնելով պոպուլիզմի դաշտ, կարելի է հայտարարել, որ պետությունը ժողովրդինն է, հետևաբար ինչ արվում է, արվում է ժողովրդի կողմից:
Սակայն ՔԱՂԱՔԱՑԻՆ այդպես չի մտածում:
Որևէ քաղաքացի չի մտածում, որ Հայաստանի ընդերքը, կամ ջրային ռեսուրսները իրենն են, որ ինքն է որոշում, ինչպես դա տնօրինել, որ ինքն է այնպես վայրենաբար շահագործում, որ Արարատյան ջրային ավազանը 1,5 մետրով իջեցնի առանց որևէ նկատելի օգուտ տալու:
Արդյունքում Քաղաքացին չի հավատում, որ ազգային հարստության բաշխումը արդարացի է, իր իրավունքը համարում է ոտնահարված ևիրեն համարում է խաբված:
Ո՞րն է այդ դեպքում Ձեր առաջարկած լուծումը, ի՞նչ պետք է արվի, որ քաղաքացու համար բարիքի բաշխումը դառնա արդարացի:
Պետք է վերջապես հասկանալ և ԸՆԴՈւՆԵԼ, որ հռչակագրում գրվածը ոչ թե պոպուլիստական լոզունգ է, այլ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ուժով տրվող սեփականության իրավունք:
Բնական իրավունքը, մարդու անօտարելի պահանջների, նորմերի, ու արժեքների համախումբն է, որը թելադրված է մարդու բնույթով և կախված չէ պետությունների օրենսդրություններից ու սահմանադրական կարգից:
Մարդը բնության մասն է և օգտվում է բնության իրեն հասանելիք բաժնեմասից. օդից, ջրից, հողից, բուսական ու կենդանական աշխարհից: Մարդու օրգանիզմում առկա են և մարդուն ապրելու համար անհրաժեշտ են բնական էկոհամակարգում, օդում, ջրում, երկրագնդի վրա ու երկրի ընդերքում գտնվող քիմիական տարրերը:
Հետևաբար մարդը այդ ամենից ունի իր բաժնեմասը և իրավունք ունի պահանջելու, որ պահպանվեն ու չփոշիացվեն ոչ միայն իր, այլև իր ապագա սերունդներին հասանելիք օդի, ջրի, հողի, էկոհամակարգի տարրերի բաժնեմասը:
Ընդունելով մարդու բնական իրավունքի գերակայությունը, մենք համարում ենք, որ մարդուն օրենսդրորեն պետք է ամրագրվի այն բոլոր նյութական ու ոչ նյութական արժեքների անօտարելի սեփականության իրավունքը, որին մարդը հավակնում է բնական իրավունքի ուժով:
Հաշվի առնելով այն, որ բնական իրավունքով մարդուն հասանելի նյութական արժեքները անբաժանելի են, մենք համարում ենք, որ դրանք պետք է որպես անբաժանելի ամբողջություն պատկանեն մեր հասարակությունը և սահմանադրորեն ամրագրվեն որպես ժողովրդի սեփականություն, այնպես, ինչպես դա հայտարարված էր ՀՀ Անկախության Հռչակագրում:
Դա բխում է նաև մեր հայտարարած արժեհամակարգից: Չէ՞ որ մենք հայտարարում ենք, որ բարձրագույն արժեքը մարդն է` ՀՀ քաղաքացին, իսկ մեր պետության գերակա գործառույթը ՀՀ քաղաքացու շահերի սպասարկումն է:
Ենթադրենք փոփոխվեց սահմանադրությունը և սահմանադրորեն ազգային հարստությունը հռչակվեց ժողովրդի սեփականություն: Ի՞նչն է փոխվելու մեր տնտեսության մեջ:
Եթե փոփոխվի, ապա կառաջանա ժողովրդի սեփականությունը կառավարելու ձևի ու գործիքի անհրաժեշտություն: Իսկ այդպիսի գործիքի ստեղծումը ենթադրում է տնտեսվարման այնպիսի տարբերակ, որում ՀՀ բոլոր քաղաքացիները ներկայացվում են որպես շահառուներ, ունենում են որոշումների և գործառույթների վրա ազդելու իրական լծակներ և ներկայացվում են բիզնես գործառույթներ իրականացնող միավորումների մեջ, որոնք էլ իրականացնում են ՀՀ ազգային հարստության գործադիր կառավարումը: Այսինքն կստեղծվի այնպիսի միջավայր և կապահովվեն այնպիսի պայմաններ, որով համաձայն ՀՀ Անկախության Հռչակագրի, Ազգային հարստության տնօրինումը և առանց միջնորդավորման կառավարման իրավունքը կվերադարձվի Հայաստանի ժողովրդին:
Դրա համար մենք առաջ ենք քաշել ՀՀ քաղաքացիական շրջանառու ներդրումային անկախ հիմնադրամի ստեղծման և փուլ առ փուլ տնտեսության հիմնադրամային կառավարման անցնելու սկզբունքը:
Ի՞նչ է Քաղաքացիական Շրջանառու Ներդրումային Անկախ Հիմնադրամը և մի՞թե այդպիսի հիմնադրամի ստեղծմամբ ամբողջ ժողովուրդը կդառնա կառավարման գործընթացների մասնակից և կունենա գործընթացների վրա ազդելու իրական լծակներ:
Քաղաքացիական Շրջանառու Ներդրումային Անկախ Հիմնադրամը.
– Հիմնադրամ է, որի շահառուները ՀՀ բոլոր քաղաքացիներն են, որպես բնական ռեսուրսների անօտարելի սեփականատերեր,
– Հիմնադրամ է, որի միջոցները օգտագործվում են միայն ներդրումային նպատակներով,
– Հիմնադրամ է, որի ներդրումային ծրագրերի համար միջոցների վերադարձելիությունն ու շահութաբերությունը պարտադիր պայմաններ են:
– Հիմնադրամ է, որի գործառույթները անկախ են, չեն թելադրվում ԱՄՀ, կամ նմանատիպ այլ կառույցների կողմից և բխում են միայն իր շահառուների շահերից:
Որո՞նք են լինելու Հիմնադրամի սկզբունքային ու հայեցակարգային առանձնահատկությունները
1. Հիմնադրամը պետք է ձևավորվի օրենսդրորեն:
2. Հիմնադրամի միջոցների ձևավորման աղբյուրները դիտարկվելու են որպես շահառուների (սեփականատերերի) կողմից կատարված ներդրումներ: Իսկ հիմնադրամի գործառույթների արդյունքում ստեղծվող արժեքները դառնալու են ՀՀ քաղաքացիների սեփականություն և կդառնան հիմնադրամին մշտապես կայուն մուտքեր ապահովող աղբյուրներ:
3. Հիմնադրամի միջոցներով կատարվող ներդրումների ծավալները չեն արտացոլելու տվյալ պահին պետության ունեցած ֆինանսական հնարավորությունները: Դրանց մի մասը դիտարկվելու են բնապահպանական խնդիրների համատեքստում և դրանով հանդերձ, ներգրավելու են նաև միջազգային բնապահպանական ֆոնդերի միջոցները:
4. Հիմնադրամը ներկայացնելու է ազգային հարստության սեփականատիրոջը`ժողովրդին: Դա նշանակում է, որ հիմնադրամը կլինի այն շահագրգիռ կառույցը, որը կկարողանա հաշվարկել ու ապահովել բնօգտագործման գումարների ու բնավճարների այնպիսի հաշվարկման մեթոդներ և այնպիսի չափեր, որոնք կլինեն իրական, կբացառեն այդ ռեսուրսների փոշիացումն ու կապահովեն դրանց շահագործման շահավետությունը:
Այժմ Ձեր կողմից նշված գումարները համարվում են հարկատեսակներ ու գնում են պետական բյուջե: Ինչո՞ւ եք կարծում, որ հիմնադրամը դրանք առավել արդյունավետ կօգտագործի, քան օգտագործում է պետությունը:
Նախնական քննարկումների ընթացքում ընդիմախոսների կողմից շրջանառվում էր այդ թեզը, որ պետությունը ներկայացնում է ամբողջ ժողովրդին և դրանից ելնելով հնարավոր է նախատեսվող գործառույթները իրականացնել պետության միջոցով: Ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ թեկուզ այն պարզ պատճառով, որ պետությունը չունի բիզնես գործառույթներ:
Պետության գործառույթը ժողովրդին սպասարկելն է (և անվտանգության ապահովումը, և օրինականության պահպանումը, և արդարադատության իրականացումը, և սոցիալական խնդիրների լուծումը սպասարկման գործառույթի բաղկացուցիչներ են):
Այդ բոլոր գործառույթները իրականացնելու համար պետությունը հավաքագրում է բյուջե, որը ծախսվում է ըստ ծախսային հոդվածների (այլ կերպ ասած, պետությունը չունի այնպիսի ուղղակի գործառույթ, որով պարտավոր է բյուջե մտած 1000 դրամը դարձնել 1500 դրամ):
Բացի այդ կա մի անուղղակի պատճառ, որը կարծում եմ շատ ավելի էական է:
Դա տնտեսվարման մեզանում ներդրված ու արմատացած փիլիսոփայությունն է, որը ուղղակիորեն բնութագրվում է հետևյալ կերպ.
Արտերկրից տարբեր ճանապարհներով Հայաստան եկած դրամական միջոցներով գնվում է արտերկրում արտադրված արտադրանքը, ապահովելով արտերկրյա արտադրողի եկամուտը, դրսից տրված դրամական մասսայի վերադարձը և այդ պրոցեսի անշրջելիությունը: Կարծում եմ սա իրողություն է, որի հասկանում են բոլորը, սակայն սրա մասին աշխատում են չխոսել:
Ես կասեի, որ նույնիսկ խոշոր ներդրումների պարագայում, մեզանում հնարավոր չի լինի թռիչքային աճ ապահովել, քանի դեռ մենք չենք փոխել այդ փիլիսոփայությունը, քանի որ այն ներդրվել է մեր երկիրը “սպսռողական շուկա” կարգավիճակում պահելու համար: Իսկ փոխելու լավագույն գործիքներ կարող են դառնալ ՀՀ Քաղաքացիական Շրջանառու Ներդրումային Անկախ Հիմնադրամն ու ՀՀ Վարչապետի քաղաքական կամքը:
Ինչո՞ւմ է Վարչապետի քաղաքական կամքի դերակատարումը այս դեպքում:
Զարգացած երկրների համար հետխորհրդային պետությունները, պետք է դառնային հումքային ու սպառողական շուկաներ: Դա արվել է տարբեր ձևերով ու մեթոդներով, սակայն միշտ իրականացվել է այդ պետությունների իշխանությունների միջոցով:
Մեզանում դրա իրականացման հիմնական գործիքներ դարձան այնպիսի գաղափարների ներարկումը, ինչպիսիք են.
• Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հայաստանում տնտեսության գերակա ոլորտ հայտարարել Տուրիզմը:
• հայկական արդյունաբերական ու գիտական արտադրանքը անորակ է, ոչ մեկին պետք չէ և համաշխարհային շուկայում չի կարող իրացվել:
Ընդ որում արդյունաբերական հզորությունների ստեղծման անհնարինությունը ապահովելու համար մշակվեցին այնպիսի պայմաններ, որոնք արտադրանքը դարձնում էին գնային առումով անմրցունակ: Դրանք ստանդարտիզացիայի, մաքսային, հարկային ու վարկային օրենքներն էին, իսկ հետագայում «Գնումների մասին ՀՀ օրենքի» ընդունումով նշված գործընթացները դարձվեցին անշրջելի և մեր ամբողջ տնտեսությունը սկսեց գործել վերը նկարագրված սխեմայով:
Այժմ այդ սխեման կոտրելու համար միայն տնտեսվարման մոդելը քիչ է: Անհրաժեշտ են նաև քաղաքական առաջնորդի հստակ դիրքորոշումն ու կամքը: Որովհետև այն ինչ ես եմ առաջարկում, հանդիպելու է թե կառավարության շատ օղակների կատաղի դիմադրությանը, թե ձևավորված և այս պահին ընդհատակում հայտնված օլիգարխիկ ուժերին և թե գործող տնտեսական համակարգի ճարտարապետներին:
Ձեզ չի՞ թվում, որ Ձեր առաջարկած մոդելից խորհրդային տնտեսվարման հոտ է գալիս:
Առանց հարցի հեգնական բնույթին անդրադառնալու ասեմ, որ կապիտալիզմի միջնաբերդ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում որպեսզի կասեցնեն բնակչության արտահոսքը, 1976 թվականին, հանրաքվեով նավթային ռեսուրսները հռչակեցին Ալյասկայի բնակիչների սեփականություն: Իսկ 1981թվականին ստեղծեցին Ալյասկայի մշտատև հիմնադրամը, որի շահառուներ դարձան Ալյասկայի բոլոր մշտական բնակիչները:
Չնայած այն հանգամանքին, որ Ալյասկան 9 անգամ ավելի քիչ է նավթ արդյունահանում քան Ռուսաստանը, հիմնադրամի ներդրումային ծրագրերի արդյունքում այսօր Ալյասկայի մշտատև հիմնադրամում կուտակվել է 90 մլրդ Դոլար, որը 5 անգամ ավել է ՌԴ տնտեսության կայունացման հիմնադրամից:
Այսինքն աշխարհում կան նմանատիպ ստեղծված հիմնադրամներ և կառավարման նման փորձ, ու Ձեր առաջարկը չի դառնալու Հայաստանում հերթական չհիմնավորված փորձարկումը:
Այո կան և դրանք բոլորը հաջողված փորձեր են: Իհարկե մեր ընդիմախոսները շեշտում են, որ մենք նավթ չունենք: Սակայն տնտեսվարման առումով ես որևէ տարբերություն չեմ տեսնում նավթի ու ջրի, նավթի ու պղնձի կամ մոլիբդենի մեջ:
Ընդ որում բոլոր նրանց համար, ովքեր կարծում են որ նավթն է որոշողը, ասեմ, որ Նիգերիան արդյունահանում է այնքան նավթ, ինչքան արդյունահանում է Նորվեգիան, բայց Նորվեգիայում հիմնադրամային տնտեսվարման արդյունքում 14 տարվա ընթացքում բյուջեի մուտքերը հասել են 280մլրդ-ի, աճելով 3,5 անգամ, իսկ հիմնադրամում կուտակվել է 1 ՏՐԻԼԻՈՆ դոլար, այն դեպքում, երբ Նիգերիայի բյուջեն 10 անգամ փոքր է և համարվում է աշխարհի աղքատ երկրներից մեկը: Նշեմ, որ նավթարդյունահանող ֆիմաները Նիգերիայում ստանում են տարեկան մոտ 180 միլիարդ դոլար շահույթ:
Դուք աշխատում եք որպես պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական: Այս մոդելի մշակման ժամանակ եղե՞լ է պատգամավոր Միքայելյանի աջակցությունը:
Իհարկե եղել է: Ճիշտ է հայեցակարգի մշակումը սկսվել էր ավելի վաղ, սակայն այն ավարտուն տեսքի կարողացանք հասցնել Սասուն Միքայելյանի հետ համագործակցությունից հետո: Մասնավորապես, եղել են շատ հարցեր, որոնք պետք է մշակվեին այնպես, որ հակասություններ չառաջացնեին կառավարության ծրագրի հետ. կարգավորվել են Սասուն Միքայելյանի խորհուրդներով:
Զրուցեց Լուսինե Մինասյանը