Արտագաղթի նոր ալիք կլինի. իշխանական նախաձեռնությունը լուրջ սպառնալիք. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների մեծ մասը փակելու իշխանական նախաձեռնությունը սպառնում է առնվազն մի քանի հարյուր ընտանիքի արտագաղթելու պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման գրասենյակների երկարամյա աշխատակիցներից մեկը նշեց, որ հիմա մի քանի օրով գնում է ընտանիքի հետ Շենգենյան գոտու երկիր։ Ապա հետ է գալու, որպեսզի դիմի ԱՄՆ-ի դեսպանատուն՝ հույս ունենալով, որ հեշտ կստացվի վիզա ստանալը, ինչից հետո ընտանիքով արտագաղթելու է։

Մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, թե ստացել է բավականին բարձր աշխատավարձ, ունի վարկեր, բայց չի կարողանալու փակել, քանի որ նման աշխատավարձով այլ աշխատանք այլեւս չի կարող գտնել։ «Այդ ընկերությունների սեփականատերերը հա-
րուստ են. նրանք հետ գցած փողեր ունեն, որով կարող են ապահովել անգամ իրենց թոռներին։ Տուժում ենք մենք։ Մեր գրասենյակի մի քանի տասնյակի հասնող աշխատողներ արդեն պատրաստվում են լքել երկիրը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին՝ արդյոք խաղամոլության դեմ պայքարը վատ է, հուսահատված քաղաքացին արձագանքեց՝ նշելով, որ այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում համացանցով են սկսելու իրականացնել բոլոր խաղադրույքները, ապա լրացրեց. «Բայց դա գոնե կտեւեր 4-5 տարի, ու ժամանակ կունենայինք այլ աշխատանք գտնել ու մնալ մեր երկրում։ Հիմա մեզ ուղղակի դուրս են շպրտում փողոց, միակ ելքը արտագաղթելն է»։ Մեր զրուցակիցը խնդրեց նաեւ փոխանցել իր թախանձագին խնդ-րանքը. գոնե երկու տարով հետաձգել օրենքի՝ ուժի մեջ մտնելը, ինչը կարող է ժամանակ ու հույս տալ հազարավոր մարդկանց այլ աշխատանք գտնել ու մնալ հայրենիքում. «Միակ խնդրանքս այս պահին դա է»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս