Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը Վիեննայում վայրէջք կատարեց երեկ ուշ երեկոյան: Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ, Իլհամ Ալիևը նույնպես երեկվանից արդեն Վիեննայում է:
Ակնկալվում է որ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին այստեղ` Ավստրիայում կմինանան նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը:
Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցում:
Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան: