Բալային համակարգի նախագիծն արդեն կառավարությունում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ վարորդների համար բալային համակարգի ներդնումը բավականին զսպող մեխանիզմ է լինելու: Ըստ պատգամավորի` վարորդին վարորդական իրավունքից զրկելով` Հայաստանում լուծելի կլինի երթեւեկության կանոնների խախտումների կանոնակարգման հարցը:

-Պարո՛ն Խաչատրյան, ամիսներ առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ է մշակել, այսինքն` բալային համակարգ է ներդնելու: Նշվում էր, թե բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություններ կլինեն, ու նրանք ավելի օրինապահ կդառնան: Ի՞նչ փուլում է գտնվում նախագիծը:

-Նախագիծը դրված էր հանրային քննարկման, ներկայումս արդեն նախագիծը գտնվում է կառավարությունում, այն պետք է հաստատի կառավարությունը, որից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: Որպես փաստաթուղթ կարող եմ ասել, որ այն պատրաստ վիճակում է: Մենք հանրային քննարկումներ, լսումներ ենք արել, բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտել են իրենց դիրքորոշումները, առաջարկությունները, դիտողությունները, առարկությունները. մենք բոլոր փուլերը մանրամասն անցել ենք:

-Արդյոք ուսումնասիրե՞լ եք միջազգային փորձը, որքանո՞վ է իրատեսականՀայաստանում ներդնել բալային համակարգը:

-Իհարկե, ուսումնասիրվել է միջազգային փորձը, այս փաստաթղթի հիմքում դրված է միջազգային փորձը, սա առաջին անգամ Հայաստանում չէ, որ կիրառվելու է: Զարգացած երկրներում տասնամյակներ առաջ է կիրառվել տուգանային միավորների ինստիտուտը, ինչը բավականին դրական արդյունքներ է տվել, եւ այդ ամենը, իհարկե, համապատասխանեցնելով մեր պայմաններին:

-Վարորդների շրջանում քննարկվող եւ նրանց հուզող հարցերից մեկը վերաբերում է «հանդիպակացի» ու «խմածության» համար քրեական հոդված սահմանելուն եւ ոչ թե բալային համակարգի միջոցով վարորդին «պատժելուն»: Ի՞նչ լուծում է տրվել այս հարցերին:

-Այդ դեպքերում բավականին մեծ տուգանային միավորներ են կիրառվելու, որը թույլ կտա նույն արարքը կրկնելու դեպքում վարորդի նկատմամբ կիրառել տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Այսինքն` տուգանային միավորը լրացուցիչ տույժի տեսակ է այս պայմաններում, ու միայն տուգանքով չենք բավարարվում:

Տուգանային միավորների ինստիտուտի հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ, կարելի է ասել, երկու տույժի տեսակ է կիրառվելու` տուգանային միավոր եւ գումարած տուգանք: Իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների մասով ՀՀ քրեական օրենսգրքում կա համապատասխան նորմ, ըստ որի` եթե երթեւեկության մասնակիցը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչի արդյունքում քաղաքացուն պատճառվել է միջին, ծանր աստիճանի մարմնական վնասվածք կամ երկու կամ ավելի անձանց մահ է պատճառել, այս բոլոր դեպքերը քրեականացված են:

Նշվածի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Նման դեպքերում բալային համակարգը չի կիրառվելու, այլ կլինի քրեական պատասխանատվություն. այս դեպքերը վարչական պատասխանատվությունից դուրս են:

-Դուք, շատ լավ տեղյակ լինելով ՀՀ երթեւեկության խնդիրներին, ի՞նչ եք կարծում, արդյոք բալային համակարգի ներդրմամբ լուծվելո՞ւ են բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են:

-Ես վստահ եմ, որ դրական ներգործություն է ունենալու այս համակարգի կիրառումը երթեւեկության ոլորտում. նախ` միջազգային փորձը կա, իսկ երկրորդն էլ` այս համակարգի կիրառման հետեւանքով, այսպես ասած, չարամիտ իրավախախտում կատարողները արդեն վտանգի տակ են դնում իրենց վարորդական իրավունքը: Այսինքն` վարորդը միայն տուգանք վճարելով չի սահմանափակվում, այլ կա այս վտանգը, ինչը վարորդին կստիպի նման խախտումներ թույլ չտալ:

Գաղտնիք չէ, որ այսօր կան վարորդներ, որոնք բազմաթիվ խախտումներ են կատարում, վճարում են դրանց համար ու այլեւս որեւէ խնդրի առաջ չեն կանգնում:

Բայց նրանք բարձրացնում են վտանգավորության աստիճանը. ահա, այս տուգանային միավորների թիրախը, կարելի է ասել, այս վարորդներն են: Եթե վիճակագրությամբ ասենք, ՀՀ-ում վարորդների մոտ 80 տոկոսը տարվա մեջ թույլ է տալիս մոտ 5 խախտում, այսինքն` նման վարորդները վտանգ չեն ներկայացնում մեր երթեւեկության համար, բայց, կարելի է ասել, 1 տոկոս վարորդներ կան, որոնք թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ. թիրախը լինելու են հենց այդ վարորդները: Կարծում եմ` սա լուրջ զսպող մեխանիզմ է: Այս դեպքում կլինի նաեւ սոցիալական բեռի թեթեւացում, կլուծվի անվտանգության հարցը:

-Իսկ ե՞րբ Հայաստանում կկիրառվի բալային համակարգը:

-Ըստ իս` ուժի մեջ կմտնի 2020 թվականին, այսինքն` այդ ժամանակ արդեն կիրառության մեջ կլինի օրենքը: Մենք կանխատեսում ենք, որ 20-30 տոկոս կնվազի զոհերի թիվը այս համակարգի ներդրմամբ: Պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ համակարգը կիրառելու համար անհրաժեշտ է լուրջ ծրագրատեխնիկական հնարավորություններ ստեղծել, որը բավականին մեծ աշխատանք է: Թեեւ ասեմ, որ ՃՈ-ն այդ ծրագրատեխնիկական հնարավորությունները ստեղծելու աշխատանքներն արդեն անում է, արդեն մի քանի ամիս է` բավականին աշխատանք կատարված է:

Հ.Գ. Արմեն Խաչատրյանը վերջում հավելեց, որ այս ամենին զուգահեռ պետք է լուծվի նաեւ հանրային տրանսպորտի հարցը, որպեսզի Երեւանում թեթեւանա երթեւեկությունը, ինչը կնպաստի նաեւ վթարների քանակի նվազեցմանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս