Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ժամը 22:00-ի սահմաններում ձերբակալել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել:
Դատավոր Գագիկ Հեբոյանը 1985 թվականից մինչեւ 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում: 1990 թվականից մինչեւ 1991 թվականն աշխատել է «Հայքիմմեքենա ԳԱՄ»-ում` որպես իրավախորհրդատու: 1991 թվականից մինչեւ 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում` որպես ավագ խորհրդատու:
1993 թվականից մինչեւ 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում` որպես ավագ խորհրդատու: 1998 թվականից մինչեւ 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում`որպես ավագ խորհրդատու: 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Եւ, ահա, ձերբակալվել է 20 տարվա դատավորի աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Հեբոյանը:
Դեպքից հետո` առավոտյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է:
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով` հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին, նշված հոդվածով սահմանված կարգով, տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ ՀՀ գլխավոր դատախազը:
Իսկ որքա՞ն գումարի կաշառքի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին գումարի չափի, ինչպես նաեւ դեպքի օպերացիայի մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ակնատեսներից մեկը նկատել է, թե ինչպես են Բջնիի ճանապարհին իրավապահները մեքենայի միջից մի տղամարդու դուրս հանում: Ականատեսներից մեկը ճանաչել է նրան` ասելով, թե նա Կոտայքի մարզի դատարանի դատավորներից է: Մեքենայից դատավորին իջեցնելուց հետո իրավապահները սկսել են ստուգել նրա գրպանները: Դատավոր Հեբոյանի գրպանից հանել են գումարը: Ականատեսներից մեկը լսել է, որ տեղում աշխատանք իրականացրած իրավապահները ասել են, որ դատավորի գրպանից հանված գումարի չափը կազմել է մոտ 2500 դոլար: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դատավորն իրավապահների կողմից ձերբակալման պահին մեքենայում եղել է մենակ:
Ըստ ականատեսների` այդ պահին խոսակցություններ են եղել այն մասին, որ իրավապահներն արդեն օպերատիվ տեղեկություներ են ունեցել, որ նա այդ օրը գումար պետք է վերցներ, եւ նրան կաշառքը վերցնելուց հետո են ձերբակալել: Ի դեպ, իրավիճակին վերաբերյալ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նիստ կհրավիրի եւ, ամենայն հավանականությամբ, թույլ կտա, որ իրավապահները կալանավորեն դատավորին:
Քնար Մանուկյան