«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հանդիպումը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ առաջինն էր, տեւել է ավելի քան 3 ժամ: Սկզբում Փաշինյանն ու Ալիեւն առանձնազրույց են ունեցել, հետո նրանց են միացել համանախագահները:
Այս հանդիպման վերաբերյալ կողմերի հիմնական գնահատականը կարծես նույնն էր` «դրական», «կառուցողական»:
Հանդիպման արդյունքների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ու համադրելով այն Փաշինյանի խոսքերի հետ` կարելի է ընդհանուր եզրակացություններ անել բանակցությունների մանրամասների վերաբերյալ:
«Երկու ղեկավարներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման եւ բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարեւորությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով: Հղում կատարելով Դուշանբեում տեղի ունեցած իրենց զրույցին՝ ղեկավարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` ամրապնդելու հրադադարը եւ բարելավելու ուղիղ հաղորդակցության մեխանիզմը։ Նրանք նաեւ համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ մարդասիրական ոլորտում»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Կարո՞ղ ենք արդյոք մենք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայունություն, կարո՞ղ ենք արդյոք այնպես անել, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, սահմանամերձ համայնքներում լինի խաղաղություն, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ առանց մտածելու, թե դիմացի դիպուկահարները իրենց հանկարծ կվնասեն:
Կարո՞ղ ենք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որոնք կարող ենք մենք հիմա քննարկել, օրինակ` կան 2 կողմերում 2 երկրների բնակիչներ, որոնք կարող են հանգիստ ապրել»:
Այլ կերպ ասած` հակամարտության կարգավորմանը հասնելու որպես առաջին քայլ` շեշտվել է վստահության մթնոլորտի հաստատումը, ինչն առաջին հերթին նշանակում է սահմանին պահպանել հրադադարը` միաժամանակ հնարավորություն տալով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ապրել հանգիստ կյանքով:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: