«Ժամանակ» թերթը գրում է. «Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարեւոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, արդյո՞ք սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ապրել իրենց բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության համար նպաստավոր մթնոլորտ:
Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել, թե արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձեւաչափ վերադարձնելու խնդիրը: Այդ հարցը չեն շոշափել նաեւ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած ամփոփիչ հայտարարության մեջ: Մյուս կողմից՝ այստեղ թերեւս զարմանալի բան չկա, եւ իրավիճակը առավել քան պարզ է: Գործնականում դիրքորոշումները կողմերի միջեւ խիստ հակասական են, ըստ այդմ՝ որեւէ հիշատակում անկասկած լինելու էր հերթապահ: Մյուս կողմից՝ այս տեսանկյունից հիշատակման բացակայությունը՝ թեկուզ, այսպես ասած, մերժողական տոնով, արդեն իսկ հատկանշական եւ հետաքրքիր փաստ է: Միաժամանակ, ամենից հետաքրքիր նորությունը, որ կա համանախագահների հայտարարության մեջ, եւ ինչի մասին նաեւ Հայաստանի վարչապետի աշխատակազմն է հայտնել հաղորդագրությամբ, այն է, որ կողմերը պայմանավորվել են կատարել մարդասիրական միջոցառումներ:
Ինչ է սա նշանակում, դեռ պարզ չէ: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է նշանակում մարդասիրական, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ միջոցառման մասին է խոսքը: Այդ իմաստով, իհարկե, առաջին թիրախային հասցեատերը Ադրբեջանն է, քանի որ հայկական կողմը ամենեւին չի տվել մարդասիրության հարցում կասկածի տեղիք: Արդյո՞ք Ադրբեջանն, ի վերջո, դրական կարձագանքի Հայաստանի վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որին միանալը Ադրբեջանի նախագահի կինը ամիսներ առաջ մերժել էր, թե՞ մարդասիրական միջոցառում ասելով նկատի է առնվում գերիների փոխանակումը:
Մարդասիրական նախաձեռնությունների հանգամանքն, անշուշտ, հետաքրքիր է, սակայն առաջին հերթին նաեւ նրանով, թե Ադրբեջանը որքանով է համարժեք լինելու այդ խնդրին եւ հավատարիմ լինելու այդ պայմանավորվածություններին, որովհետեւ այդ պարագայում գործնականում անհամատեղելի են թվում մարդասիրությունն ու հայատյացության պաշտոնական քարոզը: Ինչպե՞ս է Ադրբեջանը «համատեղելու» դրանք, կամ որի՞ց է հրաժարվելու: Իր հերթին այս հանգամանքը հիմք է տալիս գնահատել իրողությունը նաեւ այն տեսանկյունից, որ պայմանավորվածությունը որոշակի պատասխանատվության շրջանակ է սահմանում Բաքվի համար: Իհարկե, այստեղ խնդիրը պատրանքները չեն, այլ այն, որ հայկական կողմը կարող է այդպիսով տնօրինել խաղաքարտ, որը կօգտագործի Բաքվի հակամարդասիրական քաղաքականության շարունակության դեպքում:
Ընդհանուր առմամբ, Վիեննայի հանդիպման դրական տոնայնությունն ու զուսպ տեղեկատվությունը ողջունելի է, որովհետեւ կարեւոր է, երբ կողմերը խոսում են միմյանց հետ, թեկուզ իրարամերժ օրակարգերով: Այստեղ առանցքայինն այն է, որ հայկական կողմը նկատելիորեն ձեւավորել է իր օրակարգը, եւ զուսպ ու դրական մթնոլորտը հենց դրա հետեւանքն է, քանի որ հակառակի դեպքում որոշակի փաստի առաջ կանգնելու է Ադրբեջանը: Իհարկե, սրանով հանդերձ, կասկածից վեր է եւ թերեւս հիշեցման համար ավելորդ, որ այդուհանդերձ, Երեւանը չպետք է ձեռքից ցած դնի փայտը՝ ռազմական առումով փաստի առաջ չկանգնելու համար: Զգոնությունը չպետք է թուլացնել: Ավելին՝ հենց դա է նաեւ, որ Ադրբեջանին ստիպելու է մնալ զսպվածության շրջանակի մեջ:
Այդ իմաստով, Վիեննայի հանդիպումը կարծես թե արդյունավետ հանգրվան է մթնոլորտն ու տրամաբանությունը փոխելու Երեւանի նախաձեռնած քաղաքական գործընթացում, ինչի մասին զգուշավոր արտահայտվում է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայ համայնքի հետ հանդիպմանը: Զգուշավոր, քանի որ այդ նախաձեռնության տրամաբանությունն, իհարկե, ենթադրում է Ադրբեջանի զսպվածությանը որոշակի չափավորության բոնուս Հայաստանի հռետորաբանության մեջ: Գործնականում, Վիեննայի հանդիպումը որոշակիորեն հիմք է տալիս մտածել հակամարտության կամ պարզապես ստատուս քվոյի կառավարման քաղաքական նոր տրամաբանության, նոր մեթոդաբանության ձեւավորման, սաղմնավորման մասին, որը տեղի է ունենում պատերազմը բացառելու Մինսկի խմբի համանախագահների բավականին հստակ ազդակների եւ հաղորդագրությունների ֆոնին:
Մոտեցումներ, որ գործնականում փնտրվում էին դեռեւս 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո, սակայն որոնք պետք է ձեւավորվեին կողմերի նախաձեռնությամբ, կողմերից մեկի: Այդ իմաստով, Ադրբեջանը դրան դեմ էր, իսկ հայկական կողմը ուներ այդ փոփոխությունը նախաձեռնելու քաղաքական ներուժ, անհրաժեշտ լեգիտիմություն: Մեկ տարի առաջ հայկական կողմը ստացավ դրա հնարավորությունը եւ անմիջապես ձեռնամուխ եղավ իրականացմանը: Վիեննայում գործնականում նշմարվեցին ծիլերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: