Ինչպես հայտնի է, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ին աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական եւ գիտական աշխատանքից, իսկ Օրբելյանը զբաղեցնում էր միաժամանակ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները:
Նշենք, սակայն, որ Կոնստանտին Օրբելյանն այժմ էլ շարունակում է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Օպերային թատրոնի նախկին աշխատակից, իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց` ինքն ինն ամիս շարունակ դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն` ներկայացնելով իրավական հիմնավորումներ առ այն, որ նախկին իշխանությունն ապօրինաբար է Օրբելյանին նշանակել տնօրենի պաշտոնում:
«Ի սկզբանե Օրբելյանը նշանակվեց տնօրենի պաշտոնում առանց մրցույթի այն պարագայում, որ տասը տարուց ավել բոլոր տնօրենները մրցութային կարգով էին նշանակվում: Նա նույնիսկ չի տիրապետում հայերենին. թղթերը, որոնց տակ ստորագրում է, չի կարողանում կարդալ: Ամբողջ տարին երկրից դուրս է գտնվում: Պաշտոնական տվյալներով` 2018թ.-ին 160 աշխատանքային օր նա չի ներկայացել թատրոն այն դեպքում, երբ իր ենթակայության ներքո ունի 600 աշխատակից:
Երբ Օրբելյանը նշանակվեց տնօրենի պաշտոնում, աշխատանքից ազատեց ոչ յուրայիններին, այդ թվում` ինձ: Կոնկրետ ինձ նա ազատել է առանց իրավական հիմքի, անօրինաբար: Ու եթե շատ աշխատակիցներ բողոքեցին, բայց կարճ ժամանակ անց հուսահատվեցին, ապա ես գնացի մինչեւ վերջ»,- մեկնաբանեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը Օպերային թատրոնի իր աղբյուրներից պարզեց, թե ինչ տրամադրություն է տիրում թատրոնում, ինչպես են աշխատակիցները վերաբերվում Օրբելյանի` աշխատանքից ազատմանը: Մեր անանուն աղբյուրներից մեկը նշեց, որ անձնակազմը բացասաբար է արձագանքել Օրբելյանի ազատմանը, քանի որ նա պրոֆեսիոնալ է, ունի թատրոնի համար նպաստավոր կապեր, որոնք քչերն ունեն: Մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ թատրոնում արդեն իսկ շրջանառվում են նոր տնօրենի, գեղարվեստական ղեկավարի անուններ:
«Խոսակցություններ կան, որ Օրբելյանին տնօրենի պաշտոնում փոխարինելու է հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, իսկ գեղարվեստական ղեկավար է նշանակվելու օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Ասում են նաեւ, որ Նազենի Ղարիբյանի գործողությունների ետեւում կանգնած է օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որին նախկին իշխանության օրոք կրճատել էին, եւ հիմա նա վերադառնալու նկրտումներ ունի: Ի դեպ, Նազենի Ղարիբյանը Կարեն Դուրգարյանի կնոջ ընկերուհին է: Օպերային թատրոն նոր, խոշոր պաշտոնով մուտք գործելու «ախորժակ» ունի նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը»,-հավաստիացրեց նա:
Իսկ, ահա, օպերային թատրոնի մեր մյուս աղբյուրը տեղեկացրեց` արտիստներն այնքան են ուրախացել Օրբելյանի ազատմամբ, որ անթաքույց շնորհավորում են մեկը մյուսին: «Երկրում իրավիճակ է փոխվել, ապօրինությունների դեմ պայքար է սկսվել, ինչը գովելի է: Օրբելյանի ազատումը ոչ ոքի համար անակնկալ չէր. բոլորն էլ սպասում էին դրան, գիտեին, որ արդարությունը վերականգնվելու էր: Ես չեմ հանդիպել մեկին, ով դժգոհ է մնացել նրա ազատումից, ավելին` շատերը կուզենան, որ նա լքի նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Հիմա թատրոնում անհամբեր սպասում են, թե ով կփոխարինի Օրբելյանին»,- եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան