ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ այն տեղեկությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում խմորումներ են, և օր-օրի իրավիճակը «թեժանում» է, իրականության հետ որեւէ առնչություն չունեն:
-Պարո՛ն Աղազարյան, ընդդիմությունը քննադատում է իշխանություններին այն բանի համար, որ նպատակ ունեք ավելացնել արտաքին պարտքը: Հայտնի է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն առաջիկայում «Սթենդ-բայ» ծրագրով Հայաստանին $250 մլն կտրամադրի, սակայն անհայտ է, թե ինչի համար է այդ գումարը օգտագործվելու: Արդյոք ընդիմադիրները կհամաձայնե՞ն նոր օրենք հաստատել, որով կկարողանաք գումարը վերցնել: Տեղյա՞կ եք` ինչ դիրքորոշում են հայտնել նրանք:
-Ընդդիմության շատ ներկայացուցիչներ խոսել են այդ հարցի հետ կապված, նշվել է` եթե դրանք հիմնավորված լինեն, եթե մենք ներկայացնենք, թե այդ գումարները ինչ նպատակի համար են ծախսվելու, ինչպես նաեւ գնահատվեն ծախսերից հետո ձեռք բերված արդյունքները, ապա, կարծում եմ, նրանք կտան համաձայնություն:
-Ընդդիմադիրները նշում են նաեւ, որ այդ քաղաքականությամբ նոր իշխանությունները չեն տարբերվի նախորդներից, քանի որ նրանք եւս իրենց ղեկավարման տարիներին մշտապես ավելացրել են արտաքին պարտքը` այդպիսով ծանրացնելով պետության «հոգսերը»:
-Մենք պետք է գնահատենք իրավիճակը, հասկանանք, թե ինչ է արվելու, ինչ պետք է անել` ծրագրերը հստակ ներկայացվեն: Մենք գումարը չպետք է վերցնենք ու վատնենք, թալանենք, մենք հստակ կներկայացնենք ամբողջ իրավիճակը: Բոլորն էլ ասում են, որ գումարները պետք է ծախսվեն նպատակային, իսկ դրա մասին մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք դրա հետեւանքները: Հաշվի առնելով այսօրվա կառավարության ուղղվածության հզոր մակարդակը, ի հակառակ դրա` նախկին կառավարության կոռումպացվածության մակարդակը, պետք է արդեն հասկանալի դառնար, թե ինչ են արվելու այդ գումարները: Հետեւաբար, սա շատ լուրջ նախադրյալ է: Եթե կառավորությունը ունի հստակ ուղղվածություն, գիտի իր հստակ անելիքները, ապա խոսել ինչ-որ այլ բաների մասին, կարծում եմ, իրատեսական չէ: Կարծում եմ` այս ամենը հաշվի առնելով` արդեն կարելի է արդյունքներն ապահովվել:
-Բայց հանրությունը վստահ էր, որ իշխանությունները կաշխատեն այնպես, որ արտաքին պարտքի ավելացման փոխարեն լինի նվազում:
-Գուցե հանրությունն իր մաշկի վրա չզգա այն փոփոխությունները, որոնք կատարվում են ամեն օր, ամեն ժամ, բայց ասել, որ փոփոխություն չի կատարվում, կարծում եմ, սխալ կլինի: Կան բաներ, որոնք պետք է արձանագրել, օրինակ` այն, որ 40 մլն-ով ավելանում է պետական բյուջեն: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս ամենի շնորհիվ բարձրանալու է ուսուցիչների ու զինվորականների աշխատավարձերը: Իսկ ես կարծում եմ, որ առաջիկայում ավելի կավելանա բյուջեում գումարների չափը, ավելի շատ կլինեն աշխատավարձերի բարձրացումը, այսինքն` ասել, որ մենք չենք աշխատում եւ, ավելին, կրկնում ենք նախորդների սխալները, կարծում եմ, շատ սխալ է: Չտեսնել այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, շատ սխալ է:
-Բավական երկար ժամանակ է` մամուլում շրջանառվում է մի տեղեկություն, ըստ որի` Ձեր կուսակցությունում խմորումներ են, նույնիսկ նշվում է, որ հնարավոր է վարչապետի փոփոխություն: Դուք, լինելով կուսակցության վարչության անդամ, կասե՞ք` արդյոք իրական են այդ տեղեկությունները. ի՞նչ չեք կարողանում «կիսել» կուսակցությունում:
-Ես երբեմն կարդում եմ այնպիսի բաներ, որ, լինելով կուսակցության վարչության անդամ, ինձ թվում է, թե ես, կարող է, կապ չունեմ այս ամենի հետ, մտածում եմ, կարող է, ես նման բաների մասին տեղյակ չեմ (ծիծաղում է-Ս.Գ.): Իհարկե, կան շատ տարբեր հարցեր, որի մասին կան տարբեր կարծիքներ, կամ մենք բանավիճում ենք այդ հարցերի շուրջ, որը շատ բնական բան է, դա դեռ չի նշանակում, թե մեր կուսակցությունում ինչ-որ խմորումներ են: Կարծում եմ` դրանք ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունքն է: Դե փորձ է արվում անվստահության սեպ խրել մեր ու ժողովրդի միջեւ, բայց վստահ եմ, որ դա անհնարին բան է, քանի որ ժողովուրդը մեզ վստահել է, իսկ մենք բաց ներկայացնում ենք մեր անելիքներն ու այն, ինչ կատարվում է իրականում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ