2018 թվականի նոյեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայրում կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, ընտրվել է ԲԴԽ նոր անդամ` Նախշուն Տավարացյանը: Ընտրությունից հետո դատական համակարգում «կռիվ» է ընկել, որից հետո Նախշուն Տավարացյանը հրաժարվել է ԲԴԽ անդամ լինելուց: Այդ օրվանից մինչ օրս ԲԴԽ անդամի տեղը շարունակում է թափուր մնալ, քանի որ մինչ օրս չեն կարողանում նիստ անցկացնել եւ դատավորների միջից ԲԴԽ անդամ ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց դատավորների ընդհանուր միություն՝ պարզելու, թե ինչու չեն կարող նիստ անցկացնել եւ ԲԴԽ անդամ ընտրել:
Ի պատասխան` ՀՀ դատավորների միության մամուլի պատասխանատու Աննա Բալյանը հայտնեց. «Դատավորների միությունը հասարակական կազմակերպություն է, եւ Միությունը չէ, որ զբաղվում է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու հարցով: Դատավորների ընդհանուր ժողովը ինքնակառավարվող մարմին է, որը, իմ տեղեկություններով, արդեն 3 նիստ է գումարել նշված հարցով: Խնդիրը օրենսդրական բացն է, որի հնարավոր հաղթահարման ճանապարհներն էլ այժմ քննարկում է Դատավորների ընդհանուր ժողովը:
Բանն այն է, որ, օրենքով սահմանված կարգով, ԲԴԽ-ի նախագահից Վճռաբեկ դատարանի նախագահին գրություն ուղարկելուց հետո` 1 ամսում, հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որում, ինչպես հայտնի է, ընտրություն չի կայացել. Նախշուն Տավարացյանը հրաժարվել է:
Այս պարագայի համար «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը այլ կարգավորում չի նախատեսում: Իմ տեղեկություններով` այժմ քննարկվում է օրենսդրական բացի պայմաններում լուծումներ գտնելու հնարավորությունը: Դատավորների ընդհանուր ժողովի նիստեր պարբերաբար գումարվում են, կարծիքներ են հնչում, եւ քննարկվում են առաջարկները»: