«Ոչ միշտ ենք մենք տենդեր շահում, օդի մեջ չենք ասում». «Հրաշք այգին» մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բողոք է ստացել այն մասին, որ Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին: Ու կան հիմնավոր կասկածներ, որ Գյուղատնտեսության նախարարությունը հատուկ է այդպիսի պայմաններով մշակում մրցութային տեխնիկական բնութագիրը, որ ուրիշ ընկերություններ չկարողանան հաղթող ճանաչվել:

Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անցած տարվա նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Հրաշք այգի» ընկերության հետ եւ ձեռք բերել «ռոդիֆակում» տեսակի թունանյութը: Այն, ի դեպ, նախատեսված է կրծողների դեմ պայքարի համար եւ համարվում է մկնասպան միջոց:

Պարզվում է, որ մկնասպան միջոցների ձեռքբերման համար նախատեսված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է երկու ընկերություն`«Հրաշք այգի» եւ «Ագաստ ու Ջի Թի Սի» ընկերությունները: Դրանցից երկուսը` «Ագաստ ու Ջի Թի Սի», միասին առաջարկել են 32 մլն 687 հազար դրամ, իսկ «Հրաշք այգի»-ն` 25 մլն 680 հազար դրամ: Բնականաբար, ԳՆ-ն պայմանագիրը կնքել է «Հրաշք այգի» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գնվել է 4142 կգ մկնասպան միջոց, իսկ ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 25 մլն 680 հազար 400 դրամ:

Ըստ որոշ տեղեկությունների` այս տարեսկզբին «Հրաշք այգին» նախապես Հայաստան է ներկրել նախարարության կարիքների համար պահանջվող քանակն ու տեսակը այն դեպքում, երբ մրցույթը դեռեւս չի էլ հայտարարվել: Տեսակետ է շրջանառվում անգամ այն մասին, որ Գյուղատնտեսության նախարարությունը «Հրաշք Այգի» ընկերության հետ նախապես է պայմանավորվածություն ձեռք բերել:

Եւ ամենաուշագրավն այն է, որ Գյուղատնտեսության նախարարությունը մրցույթը հայտարարելուց հետո մատակարարման համար հատուկ է սեղմ ժամկետ սահմանել, որպեսզի ոչ մի ընկերություն չկարողանա գործնականորեն մատակարարել պահանջվող թունանյութը: Չէ՞ որ այդ ամենը դեռ պետք է ներկրել, գործընթաց, որը ժամանակատար է: Բայց սա դեռ ամենը չէ. կան այլ ընկերություններ, որոնք կարող են ավելի էժան գնով մատակարարել թունանյութ, քան «Հրաշք այգի»-ն է առաջարկում, բայց նրանց այդպես էլ հաշվի չեն առել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Հրաշք այգի» ընկերությունը ակտիվ է պետական գնումների գործընթացներում: Միայն 2015 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով կառավարությունը ավելի քան 300 մլն դրամ էր հատկացրել «Հրաշք այգի»-ին, իսկ ընկերությունն էլ այդ պարարտանյութերի մատակարարումները կազմակերպել էր:

Ավելին, նախկինում պարզվում է` «Հրաշք այգի» ընկերությունն անգամ 310 մլն դրամ բյուջետային վարկ է ստացել առանց գրավի` տարեկան 0,001 տոկոսադրույքով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մկնասպան թունանյութը նախարարությունը 2016 թվականին դարձյալ ձեռք է բերել «Հրաշք այգի» ընկերությունից, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն 900 հազար դրամ:

Բայց, ամենակարեւորը. «Հրաշք այգի»-ն Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության մեջ ավելի ակտիվ եղել է 2016-2017 թվականներին, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոսեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի մասին: Իհարկե, հետագայում Վերահսկիչ պալատը (ներկայիս Հաշվեքննիչ պալատը) մի շարք թերություններ արձանագրեց ծրագրում:

Հիմա կհարցնեք, թե այս ծրագրի հետ ինչ գործ ունի «Հրաշք այգի»-ն: Պարզվում է` այս ծրագրի հետ հենց անմիջական կապ ունեցել է ««Հրաշք այգի»-ն, որը մատակարարել է ապրանքները: Ի դեպ, այս ծրագրի խոշոր շահառուներից է եղել «Ֆիառ Գրուպ» ընկերությունը, որի հիմնադիր Լենա Բաղդասարյանը հանդիսանում է «Հրաշք այգի» ընկերության տնօրեն Արթուր Իվանյանի կինը: Ավելին, ԳՆ աշխատակիցների խոսքերով` այդ ժամանակահատվածում` 2017 թվականին, Արթուր Իվանյանը շատ հաճախ է հյուրընկալվել նախարարությունում. նրան այնտեղ շատ են տեսել:

Պարզվում է, որ «Հրաշք այգի» ընկերությունը մասնակցել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պետական պահպանության ծառայության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող պետական գնումների գործընթացում եւ, բնականաբար, հաղթող ճանաչվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչպես է ստացվում, որ գրեթե բոլոր պետական գնումների մրցույթներին «Հրաշք այգի»-ն հաղթող է ճանաչվում, ընկերությունից արձագանքեցին. «Ոչ միշտ ենք մենք տենդեր շահում: Մենք ունենք փաստեր, օդի մեջ չենք ասում: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարի հետ մտերմությանը, ես նույնիսկ չեմ ճանաչում իրեն, հանդիպած չկամ իրեն: Տեխնիկական բնութագիրը մենք մեզանից չենք հորինում: Հրավիրում ենք Ձեզ մեր մոտ եւ կարող ենք Ձեզ օրինակներ նշել, որ մենք շատ մրցույթների դիմել ենք ու չենք շահել: Դուք ասում եք, որ ներկայացրել են, որ մենք շահենք, բայց ես կարող եմ հակառակը ասել. այնպես են ներկայացրել, որ ընդհանրապես մենք չշահենք»:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանին եւ հետաքրքրվեց, թե իրականում ինչ կապ ունի Գեղամ Գեւորգյանը «Հրաշք այգի» ընկերության հետ: Հարցին ի պատասխան` մամուլի խոսնակն ասաց. «Մրցութային գործընթացում Գեղամ Գեւորգյանը որեւէ փոփոխություն չի իրականացրել եւ այդ ամենի հետ որեւէ կապ չունի»: Ապա փոխանցեց, որ գնման այս գործընթացին վերաբերող հարցերը գրավոր ուղարկենք:

Մինչ այդ, արձանագրենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնոց է նետել կոռուպցիային` պայքարելով նաեւ հովանավորչության նման դրսեւորումների դեմ, այնինչ իշխանական որոշ օղակներ շարունակում են նախկին ավանդույթներով շարժվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս