ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրու շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:
Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել՝ իրենց տնակում գոտիով բազկաթոռի հետնամասում տեղադրված աթոռակից կախվելու միջոցով:
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին երեխայի հագին եղած հագուստները:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու բավարար հիմք և առիթ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։