ՕԲՅԵԿՏԻՎ ԸՆԹԱՑՔԻ ԱԿՆԿԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով: Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով: Երկու անգամ որպես վկա հարցաքննվել է երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանը, որ մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այդ իրադարձությունների արդյունքում ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ին դեռ գործող նախագահն էր, արդեն մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով է, այս գործով մեղարյալներից միայն ինքն է կալանքի տակ, ավելին՝ երեկ էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքը:
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը կարող է օբյեկտիվ ընթացք ստանալ. ի վերջո, երեք նախագահներն էլ այս իրադարձությունների կողմ են եղել, պարզապես եղել են երկու տարբեր կողմերում: ՈՒ տրամաբանությունը հուշում էր, որ այդ հարցաքննությունները պետք է կատարվեին դեռ տասը տարի առաջ: Այս տարիներին շատ է խոսվել նրանց հարցաքննելու անհրաժեշտության մասին. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն էլ ասելիք ուներ հավանաբար: Նաեւ նրանցից յուրաքանչյուրը, հատկապես՝ 2008թ. իշխանության ղեկին եղածները, կարող են տալ կարեւորագույն հարցերի պատասխանները, եթե անկեղծ լինեն:
Հ.Գ. Զարմանալի է, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետը, ավելին՝ 2008թ. կեղծված ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում դարձել է երկրի նախագահ, բայց սահմանադրական կարգի տապալման մեղադրանք նրան այդպես էլ չի առաջադրվել: Նա ընդամենը վկա է:

 

 

Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում, նիստը տեւեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին: Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախարարությունում ամենամեծ պարգեւատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց եւս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տեւել»։ Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որեւէ մեկի հետ չունեմ։ Հիմա որեւէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ չարորակ նորագոյացությունների վիրահատությունները քաղաքացիների համար բացարձակ անվճար իրականացնելու մասին, միանգամից դրական արձագանք ստացավ: Եթե հաշվի առնենք այդ հիվանդությամբ տառապողների թիվը, ապա իսկապես նման նախաձեռնությունը մեզանում խիստ անհրաժեշտ է: Միայն թե այս ծրագիրը լիարժեք ներդնելու մեխանիզմներն ամբողջությամբ չեն հստակեցվել, ու կան որոշակի ռիսկեր: Քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել: Այսօր ոչ բոլոր բժիշկներն են պատրաստ պետության սահմանած ավելի ցածր վճարով վիրահատություններ անել: Արդյունքում այդ հիվանդանոցները կարող են զրկվել փորձառու վիրաբույժներից, քանի որ նրանք հանուն փողի կգերադասեն այն բուժհաստատություններում աշխատել, որտեղ քաղցկեղի վիրահատությունը կլինի վճարովի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ եւ հարթ չի ընթացել: Նրա նշանակմանը ներքին կարգով փորձել է խոչընդոտել նախկին մարզպետը, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Նա ցանկացել է, որ այդ պաշտոնում նշանակվի Գյումրիում կահույքի սրահներից մեկի սեփականատեր Վարդան Գրիգորյանը՝ ապաքաղաքական անձնավորություն: Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Պետրոսյանի անունը, Սարուխանյանն իր օրոք մարզպետարան աշխատանքի ընդունված անձանց համոզել է նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` ընդդեմ այդ թեկնածուի: Սակայն նամակը որեւէ ազդեցություն չի ունեցել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Սարուխանյանին, որը հերքեց լուրը. «Ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որեւէ բան չկա: Դրա համար որեւէ պատճառ չունեմ»:

 

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԱԽՔ
Ակնհայտ է, որ մինչեւ 2020 թվականը, այսինքն՝ մինչեւ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը, չի հաջողվի զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սակայն ակնհայտ է նաեւ՝ հակառակ բոլոր ջանքերին` Բելառուսին էլ չի հաջողվի սահմանված ժամկետից շուտ այդ պաշտոնում ստանալ Հայաստանի համաձայնությունը իր թեկնածուին նշանակելու հարցում: Ու որքան էլ ՀՀ ԱԳՆ-ն խոսնակի մակարդակով հայտարարի, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեր երկրում սպասված հյուր է, միեւնույն է, քանի դեռ ՀԱՊԿ-ում խնդիրները լուծված չեն, ակնհայտ է՝ այս խոսքերն ասվում են քաղաքավարությունից դրդված, եւ Լուկաշենկոյին այստեղ որեւէ մեկը չի սպասում, մանավանդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուի՝ այդ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի երեկվա հայտարարություններից հետո: Բանն այն է, որ Զասը հայտարարել է, թե իր նշանակման հարցում դեռ էական տեղաշարժ չկա, ու ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռեւս հանդիպում չի կայացել: Միաժամանակ, Զասը նշել է, թե առաջարկել է հանդիպել Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: «Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա: Սակայն Բելառուսի ԱԽՔ-ը չի սահմանափակվել իրավիճակը ներկայացնելով: Նա ակնարկել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում միգուցե դիմեն անցանկալի մեթոդների: Այս առումով նա հիշատակել է ՀԱՊԿ կանոնադրությունը, որ սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Բայց, մյուս կողմից, Զասը նաեւ ընդունել է, որ այդ մեթոդն անընդունելի է, եւ ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:
Նկատենք, որ Բելառուսի կողմից նման ակնարկներն ավելի շուտ շանտաժ են հիշեցնում: Եւ եթե այդ երկիրը փորձի, ՀԱՊԿ կանոնադրության սողանցքներն օգտագործելով, առաջ տանել այս հարցը, ապա լուրջ հարված կհասցնի առաջին հերթին ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությանը: Պատահական չէ, որ այս հայտարարություններին արձագանքել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է անդամ երկրների ղեկավարների կոնսենսուսի միջոցով: Շատ կարեւոր պաշտոն է դա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է Բելառուսի պաշտոնյայի նման հրապարակային խոսքը: Կարծում եմ` դա չի նպաստում կոնսուլտացիաների արդյունավետ անցկացմանը»:




Լրահոս