Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից, իսկ հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ տեղում նորագոյացություններն են:
Ավելին, մեր հանրապետությունում մահվան ամենատարածված պատճառներից մեկը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա ընթացքում մահացել է 5 հազար 233 մարդ:
ՀՀ-ում այս հիվանդությունների տարածվածությունն էր պատճառը, որ դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա: Ըստ «Panorama.am» լրատվամիջոցի` դրանք են «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն, «Նաիրի» ԲԿ-ն, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, «Արթմեդ»-ը, «Շենգավիթ» ԲԿ-ն, Վ. Ավագյանի անվան ԲԿ-ն:
Նախարար Թորոսյանը խոսել է մի խնդրի մասին, որը, իհարկե, ողջունելի է, շատ կարեւոր է եւ շատ գովելի: Ի վերջո, ՀՀ-ում քաղցկեղն այսօր ամենատարածված հիվանդությունն է, եւ հիմա մարդիկ պարզապես հիացած են անվճար վիրահատությունների խոստմամբ` անհամբեր սպասելով ծրագրի մեկնակին: Բայց հարց է, թե այդ հիվանդության դեպքում անվճար վիրահատությունների ծրագիրն ինչպես է արվելու, ինչ մեթոդներով, ու որոնք են ծրագրի ռիսկերը: Եւ հաշվի առնելով այդ անհնարինությունը` արդյոք արժեր զուտ փիառի համար հայտարարություններ անել, որոնք, ըստ որոշ մասնագետների, անիրականանալի են:
Օրինակ` «Արմենիա» ԲԿ-ի բժիշկ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը դեմ է, որ մի քանի կենտրոնում իրականացվի դա: «Նոր են սկսել, բայց արդեն առաջին հիվանդանոցի ԿՏ-ն չի աշխատում, «Էրեբունին» էլ լցվել է, ասում է` էլ հիվանդ չբերեք: Հիվանդները գնում են տարբեր հիվանդանոցներ ու կռվում բժիշկների հետ: Կրակն են ընկել բժիշկները: Եթե այսպես շարունակվի, բժիշկներ էլ կծեծեն, նույնիսկ կդանակահարեն»,- իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Խաչատրյանը: Ըստ Մարինա Խաչատրյանի` քաղաքացիները ճիշտ չեն ընկալում այն, ինչը հրահանգված է առողջապահության նախարարի կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ նա անգամ ծրագիրը չի քննարկել մասնագետների հետ: Սա խիստ զայրացրել է բժիշկներին:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները: Պարզվում է` նրանք իրենց հետաքրքրող պատասխանները չեն ստանում անգամ բուժհաստատություններից:
Մինչ այդ նկատենք, որ քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել:
Ըստ որոշ մանագետների` եթե նախկինում մարդիկ իրենց հերթն առաջ գցելու համար համաձայնում էին կատարել համավճարում, ապա այս ծրագրի իրագործման արդյունքում նրանք պարզապես չեն ունենա այդ հնարավորությունը: Եթե այսօր քաղաքացին ցանկանա իր հերթն առաջ գցել, ապա նա պետք է կրկնակի վճարի կամ էլ դիմի այն բուժհաստատություն, որը պայմանագիր չի կնքել ԱՆ-ի հետ եւ այդ կարգի վիրահատությունները կատարում է վճարովի ու բարձր գնով: Ավելին` այս ամենի արդյունքում քաղաքացուն չի տրվում բժշկին ընտրելու հնարավորություն: Այսինքն` ԱՆ-ի կողմից ներկայացված ցանկում եւ ծրագրում սահմանափակ թվով կլինիկաներ են ներառված:
Բացի այս, ըստ մասնագետների` «Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի 2019 թվականի բյուջեի 700 մլն դրամի աճը շատ քիչ գումար է, որպեսզի հարցը կարգավորվի: Չէ՞ որ չնչին գումարի մեջ մտնում են նաեւ այլ ծառայություններ` կատեն, հետազոտություններ, դեղեր, հիվանդասենյակի վճարը: Սա ձեռնտու չէ ոչ միայն բժշկական կենտրոնի, այլ բժշկի համար, քանի որ այս դեպքում բժիշկը իր ծառայության դիմաց կստանա չնչին գումար: Թեեւ չի բացառվում, որ պետությունը ֆինանսավորի միայն վիրահատության գումարը, իսկ, ահա, դեղորայքի, հետազոտությունների ու հիվանդասենյակների համար մարդիկ այնուամենայնիվ վճարեն: Մասնագետների պնդմամբ` խնդիր է այն, որ կարող է վիրահատության համար հերթեր գոյանան: Չէ՞ որ երբ պետությունը մատչելիության հնարավորություն է տալիս, այդ դեպքում մարդկանց հոսքը ավելանում է, իսկ բուժհաստատությունները դրան պատրաստ չեն` սկսած վերակենդանացման բաժանմունքի ծանրաբեռնվածությունից, մահճակալների քանակից եւ այլն: Բժիշկների մի մասը թեեւ ողջունում է նախարարի ծրագիրը, բայց, այնուամենայնիվ, խուճապի մեջ է, քանի որ պատասխանատվության զգացումը հիմնականում ընկնում է իրենց, ապա բժշկական կենտրոնի վրա: Շատերը համոզված են, որ այս ամենի արդյունքում ստվերը կշատանա: Այսինքն` բժիշկները կսկսեն հիվանդից գումար վերցնել, որովհետեւ չեն բավարարվի պետության տված չնչին ֆինանսավորումից:
Բայց ինչպես հայտնի է, այսօր հանրապետությունում համապատասխան վիրաբույժներ կան, որոնց ծառայությունը թանկ է եւ սկսում է 1 մլն դրամից: Հիմա կառավարությունն առաջարկում է թողնել 1 մլն դրամանոց վիրահատությունը եւ այն անել 600-700 հազար դրամով: Չի բացառվում, որ սրա արդյունքում ավելի փորձառու վիրաբույժները աշխատանքի անցնեն այն բուժհաստատություններում, որտեղ քաղցկեղի վիրահատությունը վճարովի կլինի:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ որոշ բուժհաստատություններ հրաժարվել են պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության հետ, քանի որ այդ կարգի հիվանդների համար պետք է համալիր համակարգ, որը որ ունի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային ինստիտուտը: Որոշ բուժհաստատություններ քննարկել եւ նպատակահարմար են գտել հրաժարվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ՄԱԴՐԻԴՈՒՄ
Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Կատալոնիայի «Կամպ Նոու» մարզադաշտում միմյանց դեմ դուրս եկան իսպանական երկու առաջատար թիմերը՝ «Բարսելոնան» եւ «Ռեալ Մադրիդը»: Իսպանական Սուպերկլասիկոն անցավ շատ լարված պայքարում եւ ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 1-1: Սանտիագո Սոլարիի ընտրած մարտավարությունը առաջին խաղակեսում նշմարում էր մադրիդյան թիմի վստահ հաղթանակը, սակայն կատալոն «չե գեւարաների» բուռն երկրպագության ներքո «Բլաուգրանան» կարողացավ ուշքի գալ եւ փրկել խաղը: Այնպիսի տպավորություն էր, կարծես «Բարսելոնան» այս մրցաշրջանի առաջին Կլասիկոյի ազդեցության տակ էր մնացել (5-1). կատալոնացիների մոտ շատ բան ուղղակի չէր ստացվում, իսկ, ահա, «Մադրիդը» վստահ տեսք ուներ: «Ռեալում» թվում է` արդեն սովորել են «ապրել» առանց գոլահար Կրիշտիանուի եւ անկանխատեսելի Զիդանի: Սանտիագո Սոլարին այս խաղում լռեցրեց այն բոլոր քննադատներին, ովքեր իմաստ չէին տեսնում Լուկաս Վասկեսին դաշտ դուրս բերելու. խաղի 6-րդ րոպեին հենց իսպանացին բացեց խաղի հաշիվը: Լյորենտեն ու Կրոսը առաջին խաղակեսում կազմաքանդում էին «կապտանռնագույնների» գրոհները, Մոդրիչը ֆանտաստիկ էր փոխանցումների հարցում, իսկ արդեն ֆուտբոլային երկնակամարում նոր փայլատակող աստղ Վինիսիուս Ժունիորը փչացնում էր գոլային պահերը: Սանտիագո Սոլարին խելացի մարտավարություն էր ընտրել, որն օգնեց առաջին խաղակեսում գրեթե շանս չտալ «Բարսելոնային»: Ընդմիջման ընթացքում ինչպես երեւաց, Էռնեստո Վալվերդեն մի լավ «թափ տվեց» իր սաներին եւ ուղարկեց մարտի դաշտ: «Բարսայի» ֆուտբոլիստները առանց իրենց առաջնորդ Լեո Մեսսիի կարողացան խաղային առավելությունը վերցնել իրենց ձեռքը, որն էլ խաղի 57-րդ րոպեին արդյունք դարձրեց բրազիլացի Մալկոմը: Վալվերդեին նույնպես մեղադրում էին Մալկոմին խաղադաշտ դուրս բերելու համար. պատասխանը երիտասարդի ցուցադրած խաղն ու գոլն էր:
Գոլից հետո խաղադաշտ դուրս եկավ Սուպերկլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն` Լեո Մեսսին (26գոլ): Արգենտինացին էական ոչինչ չփոխեց, միայն վիճակագրության մեջ ավելացան կանոնների խախտումների քանակները: Հանդիպման մնացած հատվածը անցավ կարմրակապույտների աննկատ առավելությամբ, բայց խաղի հաշիվը այդպես էլ չփոխվեց: Ոչ-ոքի, որը ձեռնտու է, իհարկե, «Ռեալին» (արտագնա գոլ):Կարելի է արձանագրել, որ Սանտիագո Սոլարիի ընտրած մարտավարությունը աշխատեց, «Մադրիդը» պետք է որ գոհ լինի այս արդյունքից: Վալվերդեի թիմի մոտ զգացվում էր մի տեսակ զգոնության բացակայություն, որը մադրիդցիների համար պատասխան խաղից առաջ պետք է լուրջ ահազանգ լինի: «Բարսան» երկրորդ խաղում կրծելու է «Սանտիագո Բերնաբեուի» խոտածածկը հաղթանակի համար: Այսպիսի խաղերում այդ մեկ գոլը մրցակցի դաշտում միայն փաստացի է համարվում առավելություն, պարզից էլ պարզ է, թե ինչ խաղ է ընթանալու մադրիդյան հողի վրա:
Դեռ այս խաղը չմարսած` ֆուտբոլային հանրությունը արդեն մեծ անհամբերությամբ սպասում է պատասխան խաղին, որը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ