ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեեւ չի ներկայացվել ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն երեկ գործադիրը հրապարակեց 12 նախարարությունների անունները: Ըստ այդմ, առաջիկայում կառավարությունը կունենա հետեւյալ կազմը. Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա դրա փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:
Փաստորեն, ներկայիս 17 նախարարության փոխարեն կունենանք 12-ը: Ընդ որում, տեղի է ունեցել ոչ թե սոսկ միավորման գործընթաց, այլեւ որոշ նախարարությունների դեպքում կատարվել է անվանափոխություն: Չկա Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ այս գործառույթները կիրականացնի Էկոնոմիկայյի նախարարությունը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության փոխարեն կլինի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարությունը, նաեւ նրանց լիազորության շրջանակներում կլինի տրանսպորտի եւ կապի ոլորտները՝ որպես առանձին ենթակառուցվածքներ: Իսկ ՏՏ ոլորտով կզբաղվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը: Մեկ հետաքրքիր փաստ էլ. եթե այս փոփոխությունների արդյունքում Մշակույթի նախարարությունը միացվելու է ԿԳՆ-ին, ապա հայտնի չէ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը. համենայն դեպս, 12 նախարարություններից որեւէ մեկի անվանումից պարզ չէ, թե ով է զբաղվելու այդ հարցերով:

 

 

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ում երկու անգամ հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին նրա հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որեւէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել: Դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության:

 

 

Ինչպես հայտնի է, 2020 թ. Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, սակայն, բախվել է սահմանադրական արգելքի հետ. վերջին տասը տարում չի բնակվել Արցախում: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել ԼՂՀ սահմանադրությունում փոփոխությունների հավանականությունը: «Ինչքան գիտեմ, կա սահամանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների, սահմանադրագետների հետ ճշտվի, եւ տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան… Պետք է օրենքը նայել եւ, ըստ օրենքի, տեսնել` ինչ փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար»:

 

 

Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ֆուտբոլի սիրահար է, նաեւ մշտապես քարոզել է առողջ ապրելակերպ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից փորձեց ճշտել՝ արդյոք իրենք են ֆուտբոլային այդ խաղի կազմակերպիչը, եւ Ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում արդյոք կիրակի է անցկացվելու խաղը, սակայն նա հերքեց մեր տեղեկությունները:

 

 

ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՇՓՈԹՄՈՒՆՔ
Անդրադառնալով նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպմանը` ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնել ընդունված որոշումների մասին: Նա տեղեկացրել է. «Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլեւս չեն լինելու: Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն: Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգեւավճարներ, եւ սահմանված չի եղել պարգեւավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար»:
Հիշո՞ւմ եք` հասարակական-քաղաքական շրջանակներն ինչ բուռն արձագանքեցին Ամանորից առաջ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատոնական շռայլ պարգեւատրումների թեմային: ՈՒ, ընդհանրապես, արդեն մի քանի շաբաթ է` քննարկումների ամենամոդայիկ թեման դարձել է հենց այս հարցը: Եթե անկեղծ, այդ քննադատությունների մեծ մասը հիմք ուներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք պետական գերատեսչություններում (ՊԵԿ, Ֆինանսների նախարարություն) ղեկավար անձնակազմն իրեն պարգեւատրելիս առավել քան առատաձեռն է գտնվել: Նաեւ դա էր պատճառը, որ իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը բացատրություն տալու համար ԱԺ հրավիրեց ՊԵԿ նախագահին ու ՀՀ ֆինանսների նախարարին:
Սակայն հետաքրքիր է փաստը, որ իրականում պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդերը վերացնելու որոշումները, որոնց մասին այսօր խոսում է ԱԺ փոխնախագահը, ընդունվել են ոչ թե նախարարի հետ խմբակցությունում օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այլ դրանից շատ ավելի շուտ:
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ քննարկվում էր 2019թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, պարզ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը որոշել է սահմանափակել արտաբյուջետային հաշիվների գոյությունը: Ավելին` գործադիրը մշակել էր համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի` արտաբյուջետային միջոցներն այսուհետ պետք է ներառվեին պետական բյուջեում: Ու այդ տրամաբանության շրջանակներում 2019թ. համար կառավարությունն արտաբյուջետային միջոցների չափը սահմանել էր մոտ 28 մլրդ դրամ: Այդ մասին գրվել էր նաեւ մամուլում, նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր որոշակի մեկնաբանություններով հանդես եկել: Ու հիմա ԱԺ փոխնախագահի հայտարարությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում. նա տեղյակ չէ՞ ընդունված որոշումներից, թե՞ սա շփոթմունքի հետեւանք է:




Լրահոս