ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ամենաքննարկվող թեման դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որը վերջնական տեսք կստանա եւ խորհրդարան կուղարկվի միայն այսօր։ Իսկ մինչ այդ կառավարության նախօրեի նիստում ներկայացվել, ապա հրապարակվել էր ծրագրի նախնական տարբերակը։

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր կառավարության ծրագրին՝ այն համեմատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ 2018 թվականին խորհրդարանում հաստատված ծրագրի հետ, եւ արձանագրել, որ դրանք շատ նման են: Տարբերությունն այն է, որ նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, եւ, բացի այդ, կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ, օրինակ` տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս:
Եվ երեկվա համարում նաեւ նկատել ենք արտաքին քաղաքականության ոլորտի մի քանի շեշտադրումները եւ այն հանգամանքը, որ ծրագրում բացակայում են Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու մասին տեսլականը: Փոխարենը մեծ տեղ է հատկացված Արցախյան հակամարտության հարցին։
Շատ ավելի հետաքրքիր պատկեր է լինում, երբ այս կառավարության ծրագիրը համեմատում ես նախկին իշխանությունների ծրագրերի հետ։ Մասնավորապես, խոսքը Կարեն Կարապետյանի կառավարության՝ 2016 թվականին ներկայացրած ծրագրի մասին է։
Նախ նշենք, որ ծավալային առումով ծրագրերը բավական տարբերվում են. Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի փաստաթուղթն ամբողջությամբ բաղկացած է եղել 28 էջից, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը՝ 71 էջից։
Կարեն Կարապետյանի կառավարությունն արձանագրում էր, որ պետության զարգացման խոչընդոտներից են հովանավորչությունը, յուրացումները, կաշառակերությունը եւ կոռուպցիայի այլ երեւույթները, միաժամանակ նշում քայլերը, որ պետք է կատարի եռամսյա եւ վեցամսյա ժամկետներում։ Այդ առումով շատ դրույթներ իրականացվել են։ Խոսքը, մասնավորապես, ապօրինի հարստացման քրեականացման, գույքի եւ եկամուտի հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին է։ Այսինքն` նախատեսված փաստաթղթերն ընդունելու առումով ծրագիրն իրականացվել է, սակայն այլ հարց, թե դրանից հետո նույն Կարեն Կարապետյանի կառավարությունը որքանով է հետամուտ եղել դրանց գործնական կիրառմանը։
Եվ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւս ձեռնամուխ է լինելու օրենսդրական կարգավորումներ անելուն։ «Ընդ որում, պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման եւ վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարեւորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով»,- ասված է ծրագրում:
Այժմ անդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին: Փաշինյանի ծրագրում կարդում ենք. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում կարդում ենք. «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»։
Հիմնականում արտաքին քաղաքականության ոլորտում ծրագրային դրույթները նույնն են, սակայն Կարապետյանի կառավարության կետերից մեկը վերաբերել է Թուրքիայի հետ հարաբերություններին, ինչն այս անգամ բացակայում էր։ Մասնավորապես ձեւակերպված է այսպես. «հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը»։ Հետաքրքիր է , որ Կարեն Կարապետյանի կառավարությունը միայն 13, 14, 15 կետերում էր խոսում ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, այնինչ Փաշինյանի կառավարության ծրագրում ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները երկրորդն են՝ անմիջապես Ղարաբաղյան հակամարտության մասին դրույթներից հետո։ Արդեն երրորդը ՌԴ-ի հետ հարաբերություններն են, ապա ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Իրանը, Վրաստանը եւ Չինաստանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԾԱՌԱՅԵԼՈՎ` ԱՏԱՄԱՆԻՑ  ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը գրեթե ամբողջությամբ պտրաստ են: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այն, հետաքրքիր պատկերի է ականատես եղել: ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդգրկվել է պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում: Մինչդեռ նախորդ գումարման խորհրդարանում նա տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էր: Ղուկասյանի այս ընտրությունն ուշագրավ է այն առումով, որ խորհրդային տարիներին նա ազատվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից, եւ տարիներ առաջ մամուլում հրապարակվեց փաստաթուղթը, որի հիման վրա նա բանակում չէր ծառայել. Ղուկասյանն իբր հոգեկան հիվանդություն է ունեցել: Ավելի ուշ նա մեկնաբանել էր, որ այդ փաստաթուղթը ձեռք է բերել, որովհետեւ ինքը դեմ է եղել խորհրդային կարգերին ու չի ցանկացել ԽՍՀՄ զինված ուժերում ծառայել, մինչդեռ հիմա պարոն Ղուկասյանն ընտրել է պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը:
Մեկ ուշագրավ փաստ էլ. այս հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, որը 1994-96թթ. եղել է Աղետի գոտում կառավարության լիազոր ներկայացուցիչը: Գյումրու քաղաքապետ աշխատած տարիներին, երբ Ղուկասյանը ՀՀԿ-ական էր, բազմիցս հրապարակային ելույթներում Անդրանիկ Քոչարյանին ու ՀՀՇ իշխանությանը մեղադրել է Աղետի գոտին թալանելու մեջ, մինչդեռ հիմա աշխատելու է նրա ենթակայության ներքո: Թե ինչպես են նրանք հիմա միմյանց հետ աշխատելու, պարզ չէ:
Բայց, մյուս կողմից, Ղուկասյանի ընտրությունը տրամաբանական է այն առումով, որ ինքը կազակական զորքերի գեներալ-մայորի կոչում ունի: Ճիշտ է, ԱԺ պաշտոնական կենսագրության մեջ այս մասին որեւէ տող չկա, բայց ավելի վաղ՝ քաղաքապետ եղած ժամանակ, Ղուկասյանը մատնանշել էր, որ 2009թ. արժանացել է «Հայ-կազակական բարեկամության համագործակցության միջազգային միավորում» կազմակերպության պատվավոր ատամանի, կազակական զորքերի գնդապետի կոչմանը եւ, վերջապես, 2010-ին` պատվավոր ատամանի, կազակական զորքերի գեներալ-մայորի կոչման:

 

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Այս տարվա հունվարին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանից մեկնել եւ չի վերադարձել 3 հազար 831 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներից: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել էր 1029 ուղեւոր: Նշենք, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում:

 

 

ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությունները` սահմանափակ կազմով որոշում կայացնելու եւ հայկական կողմի հետ հանդիպումը չկայանալու վերաբերյալ, Ա. Նաղդալյանն ասել է.«Հաշվի առնելով, որ կարեւոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջեւ` այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի` բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ն. Զոհրաբյանի խոսքով` հանձնաժողովի օրակարգում է նաեւ երեխաների հարցերով զբաղվող հատուկ հանձնակատար ունենալու հարցը, որը հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունների գործունեությանը, մասնավորապես` ԵԽԽՎ-ում, որի աշխատանքներն արդեն 5 տարի է` ռուսական պատվիրակությունը բոյկոտում է, քանզի զրկված է ձայնի իրավունքից:

 

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ: Շոյգուն նշել է, որ Երեւանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի հուսալի դաշնակիցը եւ առանցքային գործընկերը: «Հույս ունեմ, որ այսօր մենք կստորագրենք հերթական փաստաթուղթը, որը թույլ կտա ընդլայնել մեր դաշնակցային համագործակցության շրջանակները»,- ասել է Շոյգուն: Առաջին հերթին դա վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, որը կուժեղանա: Շոյգուն նաեւ շնորհակալություն է հայտնել Տոնոյանին Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

 

 

ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ
«Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլեւս չեն լինելու»,- նշել է, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի հետ մոտ 5 ժամ քննարկել են պարգեւավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր: Նազարյանը տեղեկացրել է, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգեւավճարների հարցում: Նա վերջում հավելել է, որ վերջին 10 տարում պարգեւավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ:




Լրահոս