ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՌԴ ԿԱՊԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սրվել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները, իսկ Փաշինյանն էլ դրանց կարեւորություն չի տալիս: Սակայն մինչեւ այսօր երկու երկրների ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել եւ քանիցս վերահաստատել հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը: Նախկինում վատատեսական հայտարարություններ էին հնչեցնում նաեւ ռուս փորձագետները: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովին:

-Պարո՛ն Սկակով, ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունները. նախկինում վատատեսական մոտեցումներ էին հնչում:
-Գիտեք, ես խնդիրներ շատ չեմ տեսել: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո խնդիրները ոչ ադեկվատ իրավիճակի պատճառ էին միայն: Այստեղ հարցը ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախկին իշխանությունների մեջ չէ, այլ Հայաստանի եւ ՌԴ-ի շահերի համատեքստը: Իսկ երկու երկրների հարաբերությունների առումով ես շատ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, ճգնաժամ չի եղել: Խնդիրներ կան եւ եղել են ու կարող են լինել. դա անխուսափելի է:
-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
-Խնդիրներ կան, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, որը որոշակի էմոցիաներ է առաջացնում Հայաստանում: Խնդիրներ կան, օրինակ, նախկին իշխանությունների այն ներկայացուցիչների հետ, որոնք ունեն իրենց կապերը ՌԴ-ում եւ ակտիվորեն աշխատում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:
-Ո՞ւմ նկատի ունեք:
-Նախկին իշխանություններին, նախկին նախագահներին, որոնք, իհարկե, լավ հարաբերություններ ունեն ՌԴ իշխանությունների հետ:
-Կարեն Կարապետյանին եւ՞ս նկատի ունեք:
-Ոչ, ես նկատի ունեմ ՀՀ նախկին նախագահներին, ոչ թե նախկին վարչապետին: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. հենց նրանք են փորձում այդ կապերն օգտագործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ նաեւ այլ պետությունների հարաբերությունների հետ կապված:
-Վերջերս արդեն հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, եւ բոլորը նկատեցին, որ ծրագրում ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններն առաջնային են` ի տարբերություն նախկին կառավարությունների ծրագրերի: Դա զարմանալի՞ էր Ռուսաստանի համար:
-Ո՛չ, այդ հարցում ոչ մի զարմանալի բան չկա: Նիկոլ Փաշինյանի ծրագրում տեղ գտած դրույթները միանշանակ տրամաբանված են դեռեւս, եւ մինչ այժմ որեւէ լուրջ սխալներ չկան: Դեռ ամեն ինչ հանգիստ է ընթանում:
-Վերջին շրջանում նկատում ենք, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում հաճախակի հանդիպումներ եւ զրույցներ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ: Ըստ Ձեզ` մոտակա ժամանակաշրջանում որեւէ լուծումներ հնարավո՞ր են:
-Ես մոտակա ժամանակներս չեմ տեսնում հակամարտության լուծման հնարավորություն: Բանն այն է, որ երկու կողմերի համար չկա հիմնականը, որը պետք է հանդիսանա զրույցի թեմա: Իսկ այն, որ հանդիպումներ հաճախ են լինում, նորմալ է: Պետք է փորձել հարաբերություններ հաստատել, նորից երկխոսություն սկսել եւ գտնել կոնտակտի, փոխհարաբերությունների եզրեր: Իհարկե, կա վտանգ այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն անփորձ է, իսկ, ահա, Իլհամ Ալիեւը մեծ փորձ ունի, սակայն չի եղել այնպիսի բան, որ Ալիեւն իր փորձառությամբ առաջ անցնի Փաշինյանից:
-Իսկ ի՞նչ դերակատարում ունի ՌԴ-ն հակամարտության լուծման հարցում, քանի որ ասում են` ԱՄՆ-ն ավելի ակտիվ է:
-Ես, ճիշտն ասած, ԱՄՆ-ի կողմից այդքան մեծ ակտիվություն չեմ նկատում, եւ ՌԴ-ի կողմից էլ շատ ակտիվություն չկա: Ամեն ինչ նույնն է: ԱՄՆ-ն ունի այժմ մեծ խնդիրներ, եւ այդ կոնֆլիկտը ԱՄՆ-ի համար, օրինակ, ոչ թե հինգերորդ, այլ նույնիսկ հիսուներորդ տեղում է:
-ԱՄՆ-ն ասում է` այդ հարցը ՌԴ-ն կարգավորելու է ուժային ճանապարհով, ձեր կողմից այլ հայտարարություններ են հնչում: Ի վերջո, ի՞նչ է ստացվում:
-Ասել կարելի է ամեն ինչ, սակայն Մինսկի խմբի շրջանակներում ՀՀ-ի եւ ՌԴ-ի կողմից կոնտակտ կա, եւ որեւէ խնդիրներ չեն առաջանում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ԳՏՆՈՒՄ

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանի շուրջ ծավալվող իրադարձությունները վերջնական արդյունք չեն գրանցում։ Մի քանի ամիս առաջ Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Գալստյանի հրաժարականը։ Դժոգոհության ալիքը այնքան էր սաստկացել որ Ջրառատի համայնքապետարանի առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ մարզպետարանի երկու աշխատակցի եւ համայնքի բնակիչների միջեւ։

Հիշեցնենք` Սամվել Գալստյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է։
Գյուղապետի հետ կապված դժգոհությունների ալիքը սկսել էր ավելի վաղ։ Գյուղապետն ասել է` եթե 600 ստորագրություն հավաքվի, հրաժարական կտա։ Հավաքվել է պահանջածից ավելի շատ ստորագրություն, սակայն գյուղապետը հրաժարական չի ներկայացրել` պատճառաբանելով, թե ինչպես վստահ լինի, որ այդ ստորագրությունները հենց իրեն ընտրած մարդկանցն են եղել։ Ավելի վաղ գրել էինք, որ, ըստ մեր տեղեկությունների, գյուղապետը աշխատողներին ասել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տալու։
Ծեծկռտուքի դեպքից հետո Ջրառատի գյուղապետարանի աշխատողներին կանչել են մարզպետարան խնդրին լուծում տալու համար։ Սակայն հանդիպումից հետո այդպես էլ մանրամասներ հայտնի չդարձան, եւ, ըստ էության, հարցին լուծում չտրվեց։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գյուղում չեն դադարել պահանջել Սամվել Գալստյանի հրաժարականը։ Վերջինս գյուղապետարան է գնում 10 օրը մեկ, իսկ ավագանու անդամները կտրականապես մերժում են վերջինիս։
Թավշյա հեղափոխությունից հետո նման խնդիրներ կան շատ համայնքներում։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը համայնքապետերի եւ մարզպետների հետ միտված էր նման խնդիրների լուծմանը։ Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց օրինագիծ ստեղծել, որն էլ հնարավորություն կտա համապատասխան ստորագրությունների քանակի հիման վրա անցկացված հանրաքվեով ետ կանչել համայնքապետերին եւ մարզպետներին։

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը գրեթե ամբողջովին պատրաստ են, եւ այն ուսումնասիրելով` հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում: Նախ՝ ԱԺ փոխնախագահներից միայն Լենա Նազարյանն է, որ ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովի կազմում, իսկ, ահա, մյուս փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում են: Հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանն էլ ընտրել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովը: Քանի որ նրա կենսագրական տվյալները պաշտոնական կայքում չկան, դժվար է գնահատել նրա ունակություններն այդ ոլորտում: Միայն կարելի է ենթադրել՝ սա պայմանավորված է հանձնաժողովի նախագահի անձով. այն ղեկավարում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, որը, հավանաբար, իր ղեկավարի նախկին թիկնապահի բացակայությունները կփորձի չնկատելու տալ, աշխատավարձերից պահումեր չի անի, եթե լինեն նման դեպքեր:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածից: Ըստ այդմ, Մ. Գրիգորյանը եղել է սպա: Նա դիրքում ժամկետային զինծառայող Աշոտ Կիրակոսյանի ձեռքից վերցրել է հեռախոսը: Արդյունքում՝ ժամկետային զինծառայողի եւ Մ. Գրիգորյանի միջեւ վիճաբանություն է սկսվել: Վեճը այն աստիճան է թեժացել, որ ժամկետային զինծառայողը կրակել է սպային, որն էլ ստացած վնասվածքից մահացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում: Վիճաբանությունը եղել է դիրքերում, իսկ ահա մահացու կրակոցն արձակվել է արդեն «բլինդաժում»: Նշենք, որ այս տարվանից նորակոչիկներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ հեռախոսներ, սակայն հրամանատարական կազմը վերահսկողություն է իրականացնում, եւ հատկապես դիրքերում հեռախոսներ ունենալն արգելված է:

 

ԱՀԱԶԱՆԳ
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել քաղաքացի Վարդան Մելիքյանը եւ պնդում է, որ ՀՀ առեւտրի կետերում վաճառվող հավերը փաթեթի հաշվին կշռում են ավելի, քան առանց փաթեթի: Ըստ նրա` ինքը «Այգեկ» թռչնաբուծական ֆաբրիկայի ծուղակն է ընկել` գնելով «Շուշի» կոչվող հավի բդիկներ, որոնց զտաքաշը կազմում է 1 կգ, եւ որի դիմաց նա վճարել է 1400 դրամ: «Հավի բդիկները դրված են դեղին տարայի մեջ եւ պոլիէթիլային տոպրակով փաթեթավորված են: Հիմնականում տարան թեթեւ է լինում` 10-20 գրամ, բայց ես, երբ բացեցի տուփը, զգացի, որ տարան սովորականից ծանր էր: Մատով երբ սեղմեցի, տարայից ջուր դուրս եկավ: Դրա համար հետ գնացի խանութ եւ փորձեցի առանց տարայի կշռել»,- նկատեց քաղաքացին: Պարզվում է` առանց տարայի հավի բդիկները կշռում են 850 գրամ: Ստացվում է, որ հատուկ մեխանիզմով է տարան պատրաստված, որպեսզի ջուրը քաշի, ինչի հաշվին էլ ծանրանա ապրանքատեսակը: Այսինքն` կոնկրետ այս դեպքում քաղաքացին մեկ կիլոգրամ հավի բդիկների դիմաց ավելի է վճարել, քան այն արժե: Սա նշանակում է, որ որոշ թռնաբուծական ընկերություններ, առիթից օգտվելով, սպառողներին խաբում են:




Լրահոս