ԲՆԱԿԱՐԱՆ ԿՈՂՈՊՏՈՂ ԲԱՆԴԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երեւան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել ամփոփելու 2018թ. Երեւան քաղաքի դատախազության եւ Երեւանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին առնչվող հարցեր:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին եւ արձանագրված թերություններին:
Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք` նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը` 2018թ. կազմելով ընդամենը 9.5 տոկոս:
Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների` այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները եւ վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին եւ դատախազներին, ինչպես նաեւ յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել` որքանով են այն ժամանակ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաեւ նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ:
Ամփոփման արդյունքներից ելնելով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տվել է քննարկված խնդիրների եւ դրանց շրջանակում դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված կոնկրետ հանձնարարություններ:
Փաստորեն, համաներումից հետո անգամ իրավապահ մարմիններն են ահազանգում, որ հափշտակությունների դեպքերը շատացել են եւ իրավապահները կանգնել են խնդրի առաջ: Սա այլեւս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Բանը հասել է այնտեղ, որ իրավապահ մարմինները կանխարգելիչ միջացառումների են անցել հնարավոր գողության դեպքերը կանխելու համար: Մասնավորապես, այս օրերին տարբեր համայնքային ոստիկաններ այցելում են իրենց համայնքներում գտնվող կրպակներ, դեղատներ, ինչպես նաեւ բնակարաններ եւ քաղաքացիներին զգուշացնում են, որ բավականին շատացել են գողության, տարբեր օբյեկտների վրա ավազակային հարձակման դեպքերը: Հանդիպման ընթացքում վերջիններս հետաքրքրվում են, թե արդյոք, օրինակ, կրպակի, դեղատան անվտանգությունը ապահովված է, ինչ կազմակերպության են դիմել անվտանգության ապահովվման համար եւ նման այլ հարցեր: Հանդիպումից հետո վերջիններս քաղաքացիներին հորդորում են հնարավոր քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովվան համար` տեսախցիկներ տեղադրել, անվտանգությունը ապահովող անձանց ներգրավել եւ այլն: Ի դեպ, բնակիչները, տարբեր սպասարկման կենտրոնների աշխատակիցները անհանգստացել են, թե ինչով է պայմանավորված այս հանդիպումները: Իրավապահները հայտնել են, որ մտահոգվելու կարիք չկա, սակայն հաշվի առնելով փաստը, որ վերջին շրջանում շատացել են տարբեր օբյեկտների վրա գողության նպատակով հարձակման դեպքերը, իրենք իրազեկում են մարդկանց լինել զգոն:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին իրավապահների այդ կանխարգելիչ միջոցառումների պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահները դուրս են եկել մի հետքի վրա, որ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում, ուստի նրանց հետագա գործողությունները կանխելու եւ բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների եւ սպասարկման կենտրոնների նկատմամբ:

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԲԵՐԻ

Երեկ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում էլ բազմաթիվ հարցեր են քննարկել. «Օրինակ` քննարկել են տեսակցության հարցը` կապված ընտանիքի անդամների հետ, բնականաբար, մենք սրանով ակտիվ զբաղվել ենք: Արգելանք կա, բայց մենք աշխատել ենք այս ուղղությամբ, կարծում եմ, որ նաեւ մեր միջամտությունից հետո որոշակի թույլտվություններ եղան»:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Թաթոյանն ասաց, թե ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի` գործող քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացվում է, թե ոչ: Թաթոյանի խոսքով` իրենք մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց իր հրաժարականի մասին:
-Պարո՛ն Թաթոյան, երբ Դուք ընտրվեցիք ՄԻՊ, դրանից հետո ՄԻՊ-ի աշխատակազմ գնացիք, Ձեզ ներկայացրեց ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը: Դուք ասոցացվել եք միշտ ՀՀԿ-ի հետ. ի՞նչ եք կարծում, ավելի ազնիվ չի՞ լինի, եթե հրաժարական տաք, որպեսզի նոր Աժ-ն օմբուդսմեն ընտրի, քանզի այն Աժ-ն, որն ընտրել է Ձեզ, այլեւս չկա:
-Դուք, կարծում եմ, շատ հետաքրքիր ու պրովոկացիոն հարց եք տալիս: Մարդու իրավունքների պաշտպանը ոչ մի կապ չունի կուսակցության եւ կուսակցականության հետ: Ես նշեցի, որ ինձ նաեւ ընտրել էր….
-Բայց Ձեզ մեծամասնությունն է առաջադրել ու ձայն տվել:
-Հասկանո՞ւմ եք, ամբողջ աշխարհում է այդպես, մեծամասնությունն է առաջադրում:
-Այդ մեծամասնությունը առաջադրեց, ընտրեց ու հիմա չկա:
-Ի՞նչ անենք, ես կուսակցական չեմ:
-Բայց Ձեզ ասել են` ՀՀԿ-ի պաշտպան, հիշո՞ւմ եք հայտնի ասուլիսը:
-Դա կարծրատիպ է, Դուք մի հատ հիշեք Մարդու իրավունքների բոլոր պաշտպաներին. առաջին երկու-երեք տարին միշտ ասոցացվել է այս կամ այն քաղաքական ուժի հետ: Հետո, երբ հանրությունը տեսնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, դիրքորոշումը փոխում է: Հիմա ասեք` իմ որ աշխատանքն է, որ ասոցացվել է կուսակցականության հետ: Չկա նման բան, բացառված է: Իմ զեկույցները, այդ թվում` նախորդ տարվա ապրիլյան, մայիսյան իրադարձությունների ժամանակ, իմ հայտարարություններն ու աշխատանքը` 24 ժամվա սկզբունքով, այսօրվա կառավարության ներկայացուցիչների հետ նաեւ ամենօրյա կապի մեջ էի, երբ խզված էին հարաբերությունները բոլոր ուժային կառույցների հետ, չգիտեինք` երբ ուժ կկիրառեն, դրա համար ստիպված էինք բառիս բուն իմաստով գիշերել աշխատակազմում: Երբ ամենամեծ հարթակներից, այդ թվում` այն ժամանակ գործող վարչապետի հրաժարականի օրը, գովում էին մարդիկ, այդ թվում` Սասուն Միքայելյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արայիկ Հարությունյանը հրապարակային ընդգծում էին Մարդու իրավունքների պաշտպանի օբյեկտիվ աշխատանքը, եւ հրապարակում գտնվողները ծափողջյուններով էին ընդունում այն, դա մեծագույն գնահատական է եւ այդ կարծրատիպը կոտրող մեծագույն գործոնը:
-Այսինքն` Դուք հրաժարական, եթե ազնվության տեսանկյունից նայենք, չե՞ք տալիս:
-Դա ազնվության հետ կապ չունի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը քաղաքական աշխատանք չէ: Եթե Մարդու իրավունքների պաշտպանը փորձի հրաժարական տա, դա շատ ավելի վտանգավոր հետեւանքների կբերի, բայց Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող այդպիսի քայլի գնալ եւ, առավելեւս, ես, ով միջազգային բարձր հեղինակություն ունի այս ոլորտում եւ ունի ամենաբարձր կարգավիճակը, որը աշխարհում քիչ պետություններ ունեն:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ
Հայ ազգային կոնգրեսը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Վահագն Հայոցյանին: Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով մեղավոր ճանաչված ընդդիմադիրը, որը նախկինում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարն էր, դատապարտվել էր մեկ տարի վեց ամիս ազատազրկման։ Կես տարի կալանքի տակ անցկացնելուց հետո դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել։ Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ նման դիմում ներկայացնելու համար առիթ է հանդիսացել Եվրոպական դատարանի վճիռը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ըստ որի` ստրասբուրգյան դատարանը ընդգծել էր բացառապես ոստիկանական ցուցմունքներով մեղադրական դատական ակտ կայացնելու փաստը, ինչպես նաեւ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ոչ իրավաչափության հարցը, որը, ինչպես նշված էր վճռում, կարող է անդրադառնալ այլ ընդդիմադիր գործիչների վրա։

 

 

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախցում կալանավորների եւ դատապարտյալներին հեռախոսակապից, նամակագրությունից եւ այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը: Ըստ ՄԻՊ-ի` դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ վիճարկվող կարգավորումները հակասում են Սահմանադրության այն հոդվածներին, որոնք երաշխավորում են մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքները, ինչպես նաեւ համաչափության սկզբունքը: ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ` ՍԴ-ն վերահաստատել է Պաշտպանի դիրքորոշումը, որ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները պետք է անմիջական կապ ունենան թույլ տրված խախտման հետ, իսկ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով ստացել էր հրազենային վնասվածք: Ջ. Հարությունյանը նախկին պատգամավոր Շշի Մելո մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի ազգականն էր: Նշենք, որ հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդներ տեղափոխվել էին «Աբովյան» բկ: Տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել էր զինված միջադեպի, օգտագործվել էր հրազեն: Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:




Լրահոս