«ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՍՏԱԿ ԲԱՑԱՏՐՈ՞ՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիա առաքված հումանիտար առաքելության շուրջ զրուցեցինք ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ:

-Պարո՛ն Զոլյան, վարչապետ Փաշինյանը անցյալ տարի` հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ասաց, որ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականազերծման եւ բժշկական առաքելություն»: Այս խումբը, սակայն, ներկայացնում է ՀՀ զինված ուժերը, քանի որ խումբն ուղարկել է ՀՀ ՊՆ-ն: Ի վերջո, սա զորախո՞ւմբ է, թե՞ առաքելություն:
-Այս հարցին վերջերս պատասխանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հստակ նկարագրեց այդ խմբի առաքելությունը: Մասնավորապես, նա ասաց, որ խումբը կազմված է բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ այն անձնակազմից, որը նրանց անվտանգությունն է ապահովում: Այսինքն` դա հումանիտար առաքելություն է, եւ այս առումով նա նշեց, որ դա տարբերվում է այն խաղաղապահ առաքելություններից, որոնք մենք իրականացնում ենք, քանի որ զուտ հումանիտար նպատակներ է հետապնդում, եւ ես հիմքեր չեմ տեսնում չվստահելու թե՛ վարչապետին, թե՛ պաշտպանության նախարարին: Նաեւ ՊՆ խոսնակը անդրադարձավ իրավական հիմքերին, եւ ես պատճառ չեմ տեսնում չվստահելու: Բոլոր հիմքերը ներկայացվում են` իրավական, քաղաքական, ուրիշ հարց է, որ որոշ քաղաքական ուժերի ձեռնտու է այստեղ ինչ-որ թերություններ գտնել եւ քննադատել:
-Ասում եք` այդ մակարդակով արված հայտարարություններին չվստահելու հիմք չկա: Այսպես, ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշում է. «Օժանդակելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով սիրիական կողմի գրավոր խնդրանքները», եւ մի քանի ժամվա տարբերությամբ վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ. «դա բանավոր մակարդակում է եղել»: Այս մակարդակով արված հայտարարությունների հակասությունը արդյոք ոչ թափանցիկությա՞մբ է պայմանավորված:
-Դե, գիտեք, այդ հարցերը երեւի կոնկրետ խոսնակներին պետք է տալ, բայց, ընդհանուր առմամբ, մենք որեւէ բան չենք անում, որը հակասում է ՀՀ շահերին, եւ կարծում եմ նաեւ, որ ոչ թափանցիկություն կլիներ, եթե գաղտնագողի կմեկնեին այդ մարդիկ:
-Գաղտնագողի հնարավոր չէր երեւի, որովհետեւ դրոշ ներկայացնելու խնդիր է դրված, կարծես թե:
-Կարծում եմ, որոշում անողները հաշվի են առել ՀՀ շահերը, հաշվի են առել թե՛ իրավիճակը Սիրիայում, թե՛ հայկական համայնքում, թե՛ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի դիրքորոշումները, եւ այդ որոշումը կայացվել է այս ամենը հաշվի առնելու արդյունքում: Ես կասկած չունեմ, որ հանուն Հայաստանի շահերի է այդ որոշումը կայացվել:
-Ասում եք` սա հումանիտար խումբ է. ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը «իրականացվում է ռուսաստանյան կողմի աջակցությամբ», այնինչ ՊՆ փոխնախարարը նշել է, որ «միջազգային որեւէ կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է»: Ի վերջո, քաղաքական ի՞նչ կոնտեքստում է խումբը հումանիտար առաքելություն իրականացնելու:
-Կա շահերի համընկնում ե՛ւ Սիրիայի կողմից, ե՛ւ մեր կողմից, ե՛ւ տվյալ դեպքում Ռուսաստանի կողմից: Կա նաեւ Արեւմուտքի վերաբերմունքը այդ հարցով, որ նրանք ըմբռնումով են մոտենում: Արեւմուտքի կողմից հատարարություն եղավ դեկտեմբերին եւ դեսպանատան կողմից ԱՄՆ-ի, այնտեղ շատ հստակ ասվում էր, որ նրանք հասկանում են ՀՀ կառավարության ցանկությունը աջակցել Սիրիայի հայկական համայնքին: Այնտեղ նաեւ նշվում էր Արեւմուտքի վերաբերմունքը Իդլիբ նահանգում Ռուսաստանի եւ Իրանի գործողությունների հետ կապված: Կարծում եմ, հիմա որեւէ ուժ, որն այսօր Սիրիայի խնդիրներին մասնակցում է, խնդիր չունի նրա հետ, որ մեր առաքելությունը աշխատի Հալեպում, ուր կա հայկական համայնք: Այս իմաստով, կարծում եմ, թափանցիկության ու ոչ թափանցիկության խնդիր չկա: Ընդհանուր առմամբ, դիվանագիտության մեջ թափանցիկության աստիճանը մի փոքր պակաս է լինում: Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը հստակ բացատրում է մեր բոլոր գործընկերներին` լինեն դրանք թե՛ հյուսիսում, թե՛ արեւելքում, թե՛ հարավում, թե՛ արեւմուտում, թե մեր քայլերը ինչ նպատակներ են հետապնդում, եւ ինչ նպատակներ չեն հետապնդում: Մենք թյուրըմբռնումներ չենք ունենա: Այն մեկնաբանությունը, որ մենք սա արել ենք, որ իբր ռուսներին դուր գալու համար, լուրջ չի, որովհետեւ նման քայլերը արվում են շատ ավելի լուրջ հիմնավորումներով:
-Անհանգստությունն, ի վերջո, ոչ այնքան այն է, թե ինչպես կարձագանքեն ԱՄՆ-ն կամ եվրոպական պետությունները, այլ այն, թե հումանիտար առաքելություն իրականացնողները ինչ անվտանգային երաշխիքներ ունեն. կա՞ որդյոք այդ երաշխիքների իրավական ամրագրումը:
-Ես համոզված եմ, որ գործադիր իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ապահովի մեր հումանիտար առաքելության անդամների անվտանգությունը: Ինձ թվում է` ՊՆ-ի փոխարեն ես այս հարցին ճիշտ չի լինի, որ պատասխանեմ: Համոզված եմ, որ խորհրդարանը այդ գործընթացները պահելու է իր ուշադրության ներքո, եւ եթե որեւէ խնդիր լինի, վստա՛հ եղեք, որ այն կբարձրաձայնվի:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

 

ԱՇՈՑՔՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ Է
Շիրակի մարզի Աշոցք համայնքում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Մեկ աթոռի համար 7 անձ է պայքարում: Միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 հոգի է առաջադրվել: Նրանց մեջ է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Մանուկյանը: Թե ինչու կուսակցությունը չի կողմնորոշվել եւ միանգամից 3-ին է առաջադրել, հայտնի չէ, բայց, ըստ ՔՊ-ականների, նրանք երեքն էլ ինքնաառաջադրվել են:
Ըստ տարածված լուրերի` Կ. Մանուկյանի թիկունքին Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Նրա իշխանավարման ամիսներին Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական տվեց: Ալոյանին փոխարինեց մարզպետ Սարուխանյանի ընկեր Կ. Մանուկյանը: Ըստ շրջանառվող լուրերի` Մանուկյանն Աժ ընտրությունների ժամանակ աշխատեց Սարուխանյանի օգտին` բավարար ձայներ ապահովելով վերջինիս համար: Հիմա էլ, ըստ շրջանառվող լուրերի, Կ. Սարուխանյանն է աջակցելու Կ. Մանուկյանին: Այդ ուղղությամբ Կ. Մանուկյանը կարծիք հայտնել հրաժարվեց, պարզապես հավելեց, որ ՔՊ անդամ է, եւ իր անձնական որոշումն է մասնակցել ընտրություններին:
Աշոցքում 7 թեկնածուներից հիմնական պայքարը երկուսի` համայնքապետի պաշտոնակատարի ու նախկին ղեկավարի` Արթուր Ալոյանի միջեւ է: Ա. Ալոյանի հրաժարականի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջն էր. վերջինս հորդորել էր նախկին կառավարության համայնքի ղեկավարներին հրաժարական տալ ու ժողովրդի պահանջի դեպքում կրկին առաջադրվել: «Որոշել եմ ինքնաառաջադրվել, քանի որ դա ժողովրդի պահանջն է»,-ասաց Ա. Ալոյանը: Նա ՀՀԿ-ին անդամակցել էր ամենեւին վերջերս: Մինչ անդամակցումը անկուսակցական է եղել, 4 անգամ ընտրվել է համայնքի ղեկավար, բնակչության շրջանում էլ սիրված ու ընդունված է եղել: Այժմ էլ լուրեր են շրջանառվում, որ Ա. Ալոյանի թիկունքին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն է: Վերջինս Ալոյանի հետ լավ հարաբերությունների մեջ է եւ իր աջակցությունն է ցուցաբերում Ալոյանին: Սակայն Ա. Ալոյանը հերքեց այդ մասին տարածված լուրերը. «Շատ հարգում եմ պարոն Ցոլակյանին, բայց վստահեցնում եմ, որ աջակցություն նրա կողմից չկա: 4 անգամ ընտրվել եմ համայնքի ղեկավար, եւ ոչ մի տարի ինձ որեւէ աջակցություն չի եղել: Անգամ 2016 թվականին, երբ արդեն ՀՀԿ-ի կազմում էի, կուսակցությունը ինձ չպաշտապանեց»:
Աշոցքի համայնքապետի պաշտոնի համար նաեւ Բավրայի հնդկաձավարի վերամշակման արտադրամասի տնօրեն Կորյուն Սումբուլյանն է պայքարում: Վերջինիս հնարավորությունները եւս քիչ չեն: Կ. Սումբուլյանն էլ ազգակցական կապեր ունի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ:
Մյուս թեկնածուներն էլ Աշոցքի տարածաշրջանից են: Նրանց առաջադրումն առավել ձեւական բնույթ է կրում: Սակայն թեկնածուների մեծ թիվն էլ բնակչության համար է դժգոհության առիթ դարձել, քանի որ կողմնորոշվելն է դժվար: Աշոցք համայնքն առաջիններից էր, որ խոշորացավ: Աշոցքի կազմում 11 գյուղական բնակավայր է ընդգրկված:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՏՎԵԼ

Փետրվարի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկեց այդ տարածաշրջանում ապօրինի ծառահատումներին առնչվող մի խումբ անձանց դատավարությունը:

Վասիլ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության ներկայացուցիչ, միաժամանակ 2016-2017թթ. ընթացքում ընդգրկված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում իրականացված ստուգումների ստուգող խմբերում, շահադիտական եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով` ստուգումների ընթացքում չի կատարել նորմատիվ ակտերով իր վրա դրված պարտականությունները, իր նախաձեռնությամբ եւ այլ անձանց դրդմամբ ոչնչացրել է հիշյալ անտառտնտեսություններում իրականացված ստուգումների ընթացքում կազմված ցուցակները եւ պաշտոնեական փաստաթղթերում` ստուգման ակտերում, մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է նաեւ Սասուն Հայրապետյանը, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության ֆոնդից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանին եւ անտառապահ Անդրանիկ Եսայանին 5 առանձին դրվագով տվել է կաշառք: Էդգար Ղարագյոզյանը մեղադրվում է նույն վայրից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապահ Անդրանիկ Եսայանին 7 առանձին դրվագով կաշառք տալու համար: Ավետիք Շառյանը մեղադրվում է խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանին եւ անտառապահ Անդրանիկ Եսայանին 2 առանձին դրվագով կաշառք տալու համար: Նշված անձինք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Վ. Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, մնացածների հանդեպ` չհեռանալու մասին ստորագրությունը: Հավելենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում շարունակվում է Անդրանիկ Եսայանի եւ Վարդան Թարխանյանի դատավարությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս