ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարը մտահոգություն է առաջացրել ծխախոտ արտադրող եւ ներկրող ընկերությունների մոտ:

Ինչպես հայտնի է, Հայաստանը դեռեւս 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծի համաձայն` Հայաստանում առաջին անգամ օրենսդրությամբ կարգելվի ծխելը ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, կազինոներում եւ առեւտրի կենտրոններում: Օրինագիծը բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու համար 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում: Նշենք, որ այս օրինագծի դեմ արդեն հասցրել են իրենց դժգոհությունը հայտնել նարգիլեի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները: Նրանք պահանջում են, որ այդ նախագիծը ներկայիս տեսքով ԱԺ չմտնի: Բացի այս, առաջիկայում իրենց դժգոհությունը կհայտնեն նաեւ սրճարանների, ռեստորանների, բարերի սեփականատերերը, որտեղ այս ընթացքում արդեն աստիճանաբար նվազում է այցելուների թիվը:
Այս օրինագիծը, դեռ Ազգային Ժողով չհասած, հասցրել է արդեն մտահոգել նաեւ ծխախոտ արտադրողներին եւ ներկրողներին: Նշենք, որ Հայաստան ծխախոտ ներկրում է «Ավերս»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն (այս ընկերությունը նաեւ արտադրում է):
«Ժողովուրդ» օրաթերթը «Ավերս» ընկերությունից հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն կունենա օրինագծի ընդունումը իրենց գործունեության վրա: Պարզվում է, որ ընկերությունում թեեւ հատուկ ուսումնասիրություններ չեն անցկացվել այս թեմայի շուրջ, այնուամենայնիվ վստահ են, որ ազդեցությունը բացասական կլինի:
Ընկերության` Ալլա ներկայացած աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով. «Պարզից էլ պարզ է, որ կանդրադառնա, ներկրման ծավալները կպակասեն: Մեր ընկերության կողմից ներկրած ծխախոտի գնորդները տանը չեն նստում ծխում, այլ դրսում են այն օգտագործում: Իսկ այն մարդուն, ում անընդհատ ասում են` չի կարելի, չի կարելի, նշանակում է, որ նա այդ սովորությունից կամաց-կամաց կհրաժարվի: Ես ինքս անձամբ չեմ ծխում, բայց նախօրեին ընկերներիս հետ գնացել էինք ընթրելու. 8 հոգով էինք, որից 5-ը ծխող են: Բայց մենք ընթրեցինք այն վայրում, որտեղ չէր կարելի ծխել: Եւ ինքներս մեզ խոստացանք, որ այլեւս այդ վայր չենք գնա: Դա մեր վերջին այցելությունն էր: Իրենք երեք ժամ ստիպված չծխեցին, եւ, բնականաբար, մարդիկ, տեսնելով, որ կարողանում են իրենց զսպել, կամաց-կամաց կպակասեցնեն ծխախոտ օգտագործելը: Ինչպե՞ս կարող ենք չմտահոգվել: Դա բիզնես է, տարիներ առաջ ստեղծվել է, 20 տարուց ավել մենք ներմուծմամբ ենք զբաղվում: Մեր ընկերությունը 100-ից ավել աշխատատեղ ունի: Եթե ներկրման ծավալները պակասեն, բնականաբար, այն կանդրադառնա վաճառքի վրա: Արդյունքում աշխատողներ կկրճատվեն, իսկ պետական բյուջե վճարվող հարկերը կնվազեն»: «Ավերս»-ի ներկայացուցչի խոսքերով` յուրաքանչյուր մարդ պետք է ինքը մտածի իր առողջության մասին:
Արդյոք այս ամենի արդյունքում կպակասեն ծխախոտ արտադրողների հարկային վճարումները` ցույց կտա ժամանակը: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ սիգարետների արտադրության ծավալները 2018 թվականի ընթացքում, 2017-ի համեմատ, 11 տոկոսով ավելացել են: Օրինակ` 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 31 մլն 602 հազար հատիկ սիգարետ` 2017 թվականի 28 մլն 476 հազար 600 հատիկի դիմաց: Նշենք, որ Հայաստանից նույն հաջողությամբ մեծ քանակությամբ սիգարետ է արտահանվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաեւ ծխախոտ արտադրող եւ ներմուծող ընկերությունների կատարած հարկային վճարումները` 2016, 2017 եւ 2018 թվականներին (2018 թվականի չորրորդ եռամսյակը դեռ չի հրապարակվել, այդ պատճառով մենք կներկայացնենք երրորդ եռամսյակի տվյալները): ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում 2017 թվականի ընթացքում 2-րդ հորիզոնականում տեղ է գտել ծխախոտի խոշոր արտադրող «Գրանդ Տոբակո»-ն: Իսկ պետական բյուջե ընկերությունը 2017 թվականի ընթացքում վճարել է 34 մլրդ 751 մլն 753 հազար դրամ հարկ ու տուրք: Նույն ընկերությունը արդեն 2016 թվականին պետական բյուջե վճարել է 22 մլրդ 571 մլն 90 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ, ահա, 2018 թվականի երրորդ եռամսյակում «Գրանդ Տոբակո»-ն պետական բյուջե վճարել է 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ հարկ: Ծխախոտ ներմուծող «Ավերս» ընկերությունը 2016 թվականին պետական բյուջե կատարել է 5 մլրդ 43 մլն 632 հազար դրամի, 2017 թվականին` 4 մլրդ 874 մլն 454 հազար դրամի, 2018 թվականի երրորդ եռամսյակում` 4 լրդ 221 մլն 622 հազար դրամի հարկային վճարումներ: Նկատենք, որ այս ընկերությունը վերջին երեք տարիներին աստիճանաբար նվազեցրել է հարկային վճարումները:
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2016 թվականի ընթացքում 813 մլն 807 հազար դրամ հարկ է վճարել: Այս ընկերությունը 2017 թվականին ավելացրել է հարկային վճարումները` հասցնելով 1 մլրդ 303 մլն 823 հազար դրամի: Իսկ, ահա, անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 1 մլրդ 577 մլն 996 հազար դրամի հարկ ու տուրք: Մյուս ընկերությունը` «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, 2016 թվականին կատարել է 9 մլրդ 275 մլն 848 հազար դրամի, 2017-ին` 11 մլրդ 644 մլն 618 հազար դրամի, անցած տարվա հունվար-սեպտեմբերին` 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամի հարկային վճարումներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

Play-off. ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՇԱՐԸ

Շատերը փետրվար ամիսը համարում են սիրո ամիս, իսկ ֆուտբոլի երկրպագուների համար այդ ամիսը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վերսկսման տոնն է։

Այսօր` փետրվարի 12-ին` Երեւանի ժամանակով ուղիղ 00։00-ին, կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի Play-Off փուլը: Չ/Լ-ի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում այսօր կկայանա երկու հանդիպում. «Ռոման» սեփական դաշտում՝ «Ստադիո Օլիպիկոյում», կընդունի «Պորտուին», իսկ օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեստերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում. ֆուտբոլային աստվածները երկրպագուների համար մեծ հանդիպում են պատրաստել «Մանչեստեր Յունայթեդ»-«Պարի Սեն-Ժերմեն» հակամարտության տեսքով:
«Ռոմա»-«Պորտու»
«Ստադիո Օլիմիկոյում» դեռեւս թարմ են «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայից «վռնդելու» հիշողությունները: Հռոմում անցած մրցաշրջանի ֆանտաստիկ հանդիպումների ազդեցության տակ են եւ, իհարկե, մեծ սպասելիքներ ունեն նաեւ այս մրցաշրջանից: Պորտուգալիայի ամենազորեղ թիմերից մեկը Եվրոպայում խաղալու լավ փորձ ունի, բայց վերջին տարիներին, մեղմ ասած, հաջողությունը նրանց չի ուղեկցում` չնայած նրան, որ թիմում ֆուտբոլիստների մեծամասնությունն ունի բարձր անհատական որակներ: Այս զույգում ֆավորիտ փնտրելը հանցագործության նման մի բան է. հավասար թիմեր, հավասար կարգեր եւ հավասար պայքար է սպասվում:
«Մանչեստեր Յունայթեդ»-«ՊՍԺ»
Գերֆանտաստիկ դիմակայություն Չ/Լ-ի Փլեյ-օֆֆ փուլում: Սուլշերի շնորհիվ վերածնված Մանչեստերը կմրցի միլիոններ ծախսող, բայց արդյունք չգրանցող «ՊՍԺ»-ի հետ: Փարիզյան ակումբը այս տարի զորեղ տեսք ուներ եւ համարվում էր այս դիմակայության ֆավորիտը, սակայն դա մեկ ամիս առաջ էր: Այս ընթացքում մանկունյական ակումբը ոտքից գլուխ փոխվեց, հասցրեց անպարտելի մնալ 12 անընդմեջ խաղերում, պաշտպանողական ֆուտբոլը դարձրեց հարձակվողական եւ վերադարձրեց նախկին «Յունայթեդի» պատիվն ու համբավը: Սիրո քաղաքը ներկայացնող թիմն էլ ամեն խաղում, ըստ հերթականության, սկսեց կորցնել իր առաջատարներին. Մենյեն մկանային խնդիր ունի, Կավանին վնասվածք է ստանում տասնմեկ մետրանոցն իրացնելիս, Նեյմարը եւ Վերատին (հնարավոր է մասնակցի խաղին) ոտնաթաթն են վնասել, Ռաբիոն խաղալ չի ցանկանում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս