ԵԹԵ ԽՈՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը հրապարակային հայտարարություններով պարբերաբար տհաճ անակնկալներ է մատուցում` նրան դնելով անհարմար դրության մեջ: ՈՒ տպավորություն է, որ վարչապետը պարզապես կրակն է ընկել այդ թիմի ձեռքը: Արդեն մի քանի օր է՝ քննարկման թեմա է դարձել համացանցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումները, ավելի ճիշտ` վիրավորական արտահայտությունները, ՀԱԿ ներկայացուցիչների հասցեին: Երեկ նրան միացավ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամներին անվանել էր ԿԳԲ գործակալներ:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, ընդ որում՝ արձագանքը բավական խիստ էր: Նա խորհրդականից այդ խոսքերի համար պարզաբանումներ է պահանջել: «Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- տեղեկացրել է Փաշինյանի խոսնակը: Երեկ` ավելի վաղ` կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ չի կարող այդ կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ:
Մինչ այդ նկատենք՝ սա առաջին նման դեպքը չէր. թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունում պաշտոն ստացած մի քանի հոգի հրապարակային հայտարարություններում անցել էին թույլատրելիի սահմանը եւ ստիպված եղան աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Սակայն տեղի ունեցածը կարծես դաս չեղավ թիմի մյուս անդամների համար. նրանք մոռացել են այդ ամենը, մինչդեռ ճիշտ կանեին, եթե հիշեին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Փաշինյանի ելույթի հատվածը, երբ խորհուրդ էր տվել խոսելուց առաջ մտածել: Հիմա այս խորհրդի կարիքն ունեն հենց նրա կողմնակիցները:

 

 

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել ուրիշ երկրների համար: Սակայն, ըստ դեսպանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է որոշ քայլեր անի։ Այս առումով նա կարեւորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրությունը, այլեւ անվտանգությունը: «Իհարկե, շատ կարեւոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում։ Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, եւ, իհարկե, այդ ամենը երկարատեւ գործընթաց է, եւ պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները։ Այսօր մենք քննարկում ենք Հարկային օրենսգիրքը, եւ, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար։ Ես կարծում եմ՝ ամենակարեւորն անվտանգությունն է։ Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու։ Այս ամենը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունը աշխատի»,- ասել է նա։

 

 

 

ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում: Միայն թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բավական կոշտ է հակադարձել ՀՅԴ-ին. ««Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»: Ինչ վերաբերում է իշխանության թեւերի հավասարակշռվածության խնդրին, Հարությունյանը նշել է, թե իրենք էլ են այդ տեսակետը կիսում. «Պարզապես պետք է մեխանիզմներ գտնել»:

 

 

 

Առողջապահական տեսչական մարմնում ՀՀ վերաքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել: Չնայած ՀՀ պետական բյուջեից ստացված ֆինանսական միջոցներին` այս տեսչական մարմինը համապատասխան ստուգումներ չի իրականացրել, անգամ գործունեության տարեկան ծրագիր չի ունեցել: Փոխարենը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՊ եզրակացությունից, այս կառույցի անդամներն ակտիվ են եղել գործուղումների մեկնելու հարցում, նաեւ առատորեն պարգեւատրվել են: Օրինակ` տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով՝ 2018 թվականի ընթացքում աշխատողների նկատմամբ կիրառվել են միանվագ դրամական խրախուսանքներ եւ պարգեւատրումներ: Մինչդեռ տվյալ ֆինանսական միջոցների կարգադրիչը հանդիսանում է ոչ թե տեսչական մարմինը, այլ Առողջապահության նախարարությունը: Բացի այս, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տեսչական մարմնի ղեկավարի եւ տեղակալների նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ կիրառում է ՀՀ վարչապետը` խորհրդի ներկայացմամբ: Վերջիններս, սակայն, խրախուսում ստացել են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով:

 

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկը` մանրամասնելով, թե ինչ մեթոդներով է պատրաստվում իրագործել ցանկությունը: Ըստ Փաշինյանի` քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքացիները փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը: «Տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը, ըստ էության, նույնն է, ինչ քաղաքական հեղափոխությանը, եւ պետք է անցնի այն նույն կետերով, ճանապարհով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը… Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին, եւ քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից»,- մանրամասնել է վարչապետը՝ կոչ անելով գնումներ կատարելիս պահանջել ՀԴՄ` այդպես նպաստելով պետական բյուջե է՛լ ավելի շատ հարկ վճարելուն:
Միաժամանակ, Փաշինյանն ասել է, թե տնտեսությունը այլեւս չպիտի հիմնվի հանքանյութ արտահանելու վրա եւ կախված չպետք է լինի մի քանի մենաշնորհներից, այլ հինգ տարի անց պետք է դառնա բարձր տեխնոլոգիաներ ու նորարարություն արտադրող ու արտահանող երկիր:
Վարչապետի ուղերձն իսկապես հետաքրքիր է: Փաշինյանը, առաջարկելով իր տեսլականը, միանգամայն ունի հիմքեր հավատալու դրա հաջողությանը. թավշյա հեղափոխությունը հաջողվեց այն բանի շնորհիվ, երբ այդ պայքարում յուրաքանչյուր քաղաքացի զգաց, որ ինքը գործոն է: Սակայն արդյոք քաղաքական գործընթացների ժամանակ հասարակության յուրաքանչյուր անդամ վերափոխե՞ց սեփական անձն ու արդյոք տնտեսական առումով էլ պատրա՞ստ են այդ նույն մեթոդը որդեգրել: Հիշո՞ւմ եք, երբ Տավուշի մարզ այցերից մեկի ժամանակ Փաշինյանը մարդկանց խորհուրդ էր տվել աշխատել, ինչ աղմուկ բարձրացավ դրանից հետո: Որոշակի շրջանակներ, իրենց ձեռնտու համատեքստում շահարկելով այս թեման, փորձում էին վարչապետի հայտարարությունները ներկայացնել այլ ենթատեքստով: Հավատացողներ եղան:
Բայց տնտեսական հեղափոխության գործում հիմա կարեւոր են նաեւ պետության անելիքները. արդյոք իշխանությունները երաշխավորո՞ւմ են հարկային մեղմ քաղաքականություն եւ տնտեսական ոլորտում կայուն օրենսդրական դաշտ: Նաեւ կարեւոր է՝ ինչ դեր է ստանձնելու իշխանությունը տնտեսության մեջ` ակտիվ միջամտելո՞ւ է տնտեսական հարցերին, թե՞, այնուամենայնիվ, լիբերալ քաղաքականություն է վարելու:




Լրահոս