Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մրցավազքի դուրս եկան, նախկին իշխանությունների պաշտոնատար անձանց գործողությունների մասով քրեական գործեր հարուցեցին եւ այդ քրեական գործերին հնչեղություն ապահովեցին: Սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները խոսքի փոխարեն գործի են անցել:
Դեռեւս 2018 թվականի հոկտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով նախաքննական մարմինների ղեկավարների կողմից աղմկահարույց քրեական գործերով հնչած գնահատականներին, ասել էր, թե այդ առումով լրջագույն խնդիրներ ունենք: Ըստ փաստաբանի` թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը անկախացել է, սակայն կան բացառություններ. «Հետաքրքրություն չներկայացնող, հնչեղություն չունեցող գործերով դատարանները իսկապես որոշում կայացնելիս անկախ են, իսկ, ահա, հնչեղություն ստացած գործերով դատարանները կաշկանդված են որոշումներ կայացնելիս»,- ասել էր նա: Ի դեպ, ըստ փաստաբանի` այժմ նախաքննական մարմինը եւս մեկ խնդրի առաջ է կանգնել. մասնավորապես, հայտնի գործերով գնահատականներ են հնչեցրել, հնչեղություն ապահովել, սակայն քննության ընթացքում հակառակն է պարզվել, պետք է կարճեն գործը, սակայն չգիտեն` ինչպես վարվեն. «Այսինքն` իրենց կատարած նախորդ հայտարարությունների համար կաշկանդված են»:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` հիմա նախաքննական մարմինները որոշել են աղմկահարույց գործերով ոչ թե հրապարակայնություն ապահովել, այլ, մեղմ ասած, գործ անել, ու բացահայտումների մասին խոսել գործը դատարան ուղարկելուց առաջ:
Բանն այն է, որ նախաքննական մարմինը, թավշյա հեղափոխությունից հետո մի շարք աղմկահարույց գործեր հարուցելով, դրանց հնչեղություն տվեց: Սակայն նախաքննության ընթացքում քրեական գործով անցնող անձինք փոխհատուցել են պետության հասցված վնասը կամ օգնել են նախաքննական մարմնին բացահատել կատարված դեպքը: Այս ամենի արդյունքում նախաքննական մարմինները իրենց կատարած նախորդ հայտարարությունների ձեռքը կրակն են ընկել. քրեական գործերը չեն կարողանում կարճել՝ կաշկանդված լինելով նախկինում արած հայտարարություններով ու հասարակության կողմից ուշադրությամբ:
Ուստի իրավիճակից դուրս գալու համար հիմա այլ գործելաոճ են ընտրել: Այսպիսով, իրավապահ մարմիները որոշել են` հայտնի պաշտոնյաներից ում մասին էլ ինչ բացահայտում իրականացնեն, հնչեղություն չապահովեն, այլ սպասեն նախաքննության ընթացքին ու հայտարարեն այդ մասին գործը դատարան ուղարկելուց առաջ: Վերջիններս ձգտում են այս ամենով հասնել մեկ բանի, որ հետագայում, երբ բացահայտումը լինի, թե, օրինակ, որեւէ մեկը յուրացրել է պետության փողերը եւ նախաքննության ընթացքում հայտնել է, որ պատրաստ է վերականգնել պետության վնասը կամ օգնել նախաքննական մարմնին գտնել իրական մեղավորներին, ապա այս պայմաններում առավել հեշտ լինի նախաքննական մարմնին այդ գործով հնարավոր ելք գտնելու կամ կարճելու կամ մեղմ պատիժ սահմանելու: Ասել է թե` նախաքննական մարմինները նախկինում իրենց արած հայտարարությունների եւ տարբեր գործերով հնչեղություն տված գործերով կանգնել են խնդրի առաջ եւ հիմա էլ դաս են քաղել, որ այլես հնչեղություն չեն ապահովի, այլ պետք է հասնեն նրան, որ կոնկրետ գործերով արդյուք ունենան:
Ստացվում է, որ ներկայումս իրավապահները ոչ թե աշխատում են հասարակությանը գոհացնել` այս կամ այն պաշտոնյայի մասին տեղեկություն հայտնելով, հնչեղություն ապահովելով, այլ կոնկրետ գործ են անում հասնելու այն արդյունքին, որ քրեական գործերով ունենան ցանկալի արդյունք, այն է` պետության վնասը վերականգնեն, իսկ մեղավորներն էլ պատժվեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՇԻՆԾՈՒ Է
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը եւ խնդրում է վերականգնել արդարությունը:
«Հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, երկար մտորումներից հետո որոշեցի դիմել Ձեզ, հույս ունեմ, որ ոչ միայն կհետաքրքրի ինձ հետ 5 տարիների ընթացքում կատարվող անօրինականությունները, այլեւ համոզված եմ, որ, որպես ՀՀ վարչապետ, որը ընտրվել է ժողովրդի կողմից, կանեք ամեն հնարավորինս վերականգնելու արդարությունը:
2014 թվականի փետրվարի 3-ին ինձ կալանավորել են, եւ հարուցվել է քրեական գործ` այսպես կոչված, քրեական հեղինակություն համարվող Թեւոսի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով, որի հետ ես ոչ մի կապ չունեմ, որի հիմնավորումները հակիրճ կնշեմ:
5-րդ տարին է` ես գտնվում եմ անազատության մեջ, եւ դատապարտվել եմ 25 տարի ազատազրկման: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ տարբեր ատյաններ` պահանջելով արդարացի նախաքննություն եւ դատաքննություն իրականացնել, բայց ապարդյուն: Քրեական գործը կառուցված է օպերատիվ բնույթի վարկածների, ենթադրությունների եւ այլ անհիմն իրադարձությունների շուրջ, բացակայում են հիմնավոր փաստարկներ, իրեղեն ապացույցներ, վկաներ: Բազմաթիվ տեխնիկական սարքերի, տեսախցիկների տեսագրությունները փորձաքննության ծառայության կողմից նույնպես չեն տվել ապացուցողական որեւէ հիմք իմ կողմից իբրեւ կատարված հանցագործության մասին, ավելին` մինչ օրս հայտնաբերված չէ նախաքննական մարմիների կողմից հորինված, ենթադրություների վրա հիմնված Մովսես Ներսիսյանի դին:
Արթուր Սաֆարյանի սպանության ժամանակ օպերատիվ քննչական խմբի կողմից դեպքի վայրում հայտնաբերվել են մի շարք առարկաներ` մակարով տիպի ատրճանակ, պարկուճներ, ռետինե բժշկական ձեռնոց եւ այլն: Դատաձգաբանական փորձագետների կողմից տված եզրակացությամբ պարզվել է, որ նշված բժշկական ռետինե ձեռնոցի վրա առկա են ատրճանակից արձակված գնդակի վառոդի հետքերը եւ մարդասպանի քրտինքի ԴՆԹ-ն: ԴՆԹ-ի փորձաքննական եզրակացությունը չի տվել հիմնավորում, որ տվյալ բժշկական ձեռնոցը պատկանելիս է եղել Մովսես Ներսիսյանին: Հետեւաբար հերքվում է նրա կողմից սպանություն կատարելու փաստը, դրանով իսկ հերքվում է այն, որ ես եմ պատվիրել Մովսես Ներսիսյանին սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ նշված ռետինե ձեռնոցը այդպես էլ դատաքննության ընթացքում չընդունվեց որպես իրեղեն ապացույց:
Այս եւ այլ փաստերը ապացույց են, որ քրեական գործը շինծու է եւ պատվերով, որի հետեւում կանգնած է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Այս եւ այլ հանգամանքների մասին գրավոր դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ պատկան մարմիններին, սակայն պատասխանները մնացել են անարդյունք: Չմանրամասնելով քրեական գործի անհեթեթ լինելը` հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պաշտպանված չէ սահմանադրությամբ եւ այլ օրենքներով: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս գործին եւ հույսով եմ, որ մարդու իրավունքների պաշտպանվածության մեթոդները սպառված չեն: Ձեր կողմից համոզված եմ` կարվի ամեն ինչ, որպեսզի կատարվի ճիշտ դատաքննություն, որով իսկ Դուք կօգնեք բազմաթիվ նման ապօրինի գործերի բացահայտմանը եւ անմեղ մարդկանց ազատվել զնդաններից»:
Դիմող` Իսրայել Սարգսյան
ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Հատուկ Քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Տեղեկացնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:
«ՀԱՍԱՆԵԼԻ»
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով լրատվամիջոցները կազատվեն պետական ռեգիստրում գրանցված ընկերությունների մասին տվյալներ ձեռք բերելու վճարից։ Այն ներկայում կազմում է 3000 դրամ։ Նախարարությունը նաեւ նշել է, որ անվճար տեղեկություն ստանալու համար բացառություն կլինեն այն դեպքերը, երբ մեկ ամսվա կտրվածքով պահանջվող տեղեկատվության քանակը կգերազանցի տպագրված կամ պատճենահանված տասը էջը։ Այլ կերպ ասած՝ եթե լրատվականը ձեռք բերի մեկ ընկերության մասին տեղեկատվություն, որը կգերազանցի տասը էջը, լրատվամիջոցը այդ ամիս ստիպված է լինելու դարձյալ տուրք վճարել 3000 դրամի չափով։ Նոր կառավարության ծրագրում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ կապված նշված էր, որ «անհրաժեշտ է վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմը՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պահանջը»։
ԿՓԱԿՎԻ՞
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետից հետաքրքրվել է պրոբացիոն ծառայություններից: Նա հարցրել է` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակման եւ տեղափոխման հարցն ինչ ընթացքի մեջ է: Վարչապետը նշել է, որ պրոբացիայի ծառայությունը է՛լ էֆեկտիվ չէ: «Ես՝ որպես նախկինում դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկում բավական երկար ժամանակ անցկացրած անձ, վստահ չեմ, որ այդ մեթոդները կարող են երբեւէ արդյունք ունենալ: Մենք պետք է այդ իրավիճակը շատ խորությամբ հասկանանք, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել: Ամեն ինչ պետք է անել, որ այդ կառույցն արդյունավետ դառնա»,-ասել է նա: Ի դեպ, ըստ վարչապետի` կառավարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակման պլաններ ունի: