Ինչպես հայտնի է, ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում որոշվել է առաջադրել «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի հետ:
-Պարո՛ն Կետիկյան, Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ ոչ ոք դահլիճում դեմ չեղավ իր ընտրությանը: Արդյոք Միքայելյանի հեղինակությունը պայմանավորված է միայն Արցախյան պատերազմում ունեցած անվիճելի ավանդո՞վ, թե՞ առկա է նաեւ այն հանգամանքը, որ նա իշխող կուսակցության վարչության անդամ է:
-Տղաներից շատերը նաեւ իրենց ելույթներում նշեցին, որ առաջին հերթին Սասուն Միքայելյանի հեղինակությունն է հաշվի առնվել որպես հրամանատար, որպես անձ, որ Երկրապահի ստեղծման ակունքներում է կանգնած եղել, երկրապահների հետ շատ լուրջ ճանապարհ է անցել: Սա է հիմնական պատճառը, որ միաձայն որոշվեց Սասուն Միքայելյանի թեկնածությունը առաջադրել առաջիկա համագումարում:
-Մանվել Գրիգորյանի կողմից ԵԿՄ-ն ղեկավարելու անարդար, քաղաքականացված ոճի դեմ Սասուն Միքայելյանը` որպես ընդդիմադիր, ինչպե՞ս է արձագանքել, ի՞նչ կերպ է մասնակցել կառույցի առողջացմանը:
-Նախ ասեմ, որ համաձայն չեմ, որ Մանվել Գրիգորյանը քաղաքականացրել էր կառույցը: Մանվել Գրիգորյանը, ինչպես նախկինում Վազգեն Սարգսյանը, զբաղվեց քաղաքականությամբ, որպեսզի Երկրապահը չքաղաքականացվի, եւ ես Ձեզ պաշտոնապես ասեմ, որ Երկրապահը չի քաղաքականացվել երբեւէ: Ես ինքս եղել եմ ընդդիմության ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից մեկը, երբեւէ ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ որեւէ մեկը ինձ դրա համար ոչինչ չի ասել: Սասուն Միքայելյանը միշտ ամեն ինչ արել է, որ կառույցը ավելի մաքուր ու առողջ լինի:
-Ս. Միքայելյանն ասաց. «Եկե՛ք տարբեր հարթության վրա նայենք քաղաքականությունն ու Երկրապահը»: Հաշվի առնելով, որ Միքայելյանը իշխող կուսակցության անդամ է, արդյոք վտանգ կա՞, որ ԵԿՄ կարող է ներքաշվել կուսակցական շահերի պայքարում: Այս մասին խոսեց նաեւ «Կառնիձորի» Արոն` նշելով, որ Միքայելյանը պետք է դուրս գա կուսակցությունից, այլապես կունենանք «Մանվել դուբլ»: Ի՞նչ կասեք այս մասին:
-Գտնում եմ` ե՛ւ Վազգեն Սարգսյանը, որը Հանրապետական կուսակցության առաջնորդն էր, ե՛ւ Մանվել Գրիգորյանը, ե՛ւ Սասուն Միքայելյանը երբեք հակված չեն եղել եւ չեն լինելու Երկրապահը քաղաքականացնել: Յուրաքանչյուր անձ` որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի նաեւ զբաղվելու քաղաքական գործունեությամբ, դա իր խնդիրն է: Երկրապահի մեջ միշտ էլ եղել են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հայացքներ ունեցող երկրապահներ, բայց կորիզը եղել է ապաքաղաքական: Երկրապահը միայն ու միայն երկրի սահմանները պաշտպանելու համար է: Այդ տղերքը համախմբված են իրար գլխի եւ նաեւ պատանի սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակություն են իրականացնում: Երկրապահը իր հստակ գործառույթները ունի:
-«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» դիվանագիտական առաջնահերթություն կա: Այս քաղաքական կոնտեքստում ի՞նչ դեր է ստանձնելու ԵԿՄ-ն:
-Շատերը, որոնք Երկրապահից հեռու են եւ շատ բան չեն հասկանում, կարծում են, որ Երկրապահը պատերազմի կազմակերպություն է: Իրականում Երկրապահը խաղաղության կազմակերպություն է: Ոչ ոք չգիտի խաղաղության գինը ավելի շատ, քան պատերազմ տեսած մարդը, եւ երկրապահն է, որ իր հաղթանակով ժողովրդին խաղաղություն է պարգեւել: Հավատացե՛ք, եթե թշնամին ավելի ուժեղ լինի, ավելի հզոր լինի, քան մեր բանակը եւ բանակի թիվ մեկ ռեզերվ Երկրապահը, այդ խաղաղությունը կխախտվի ամեն ամիս: Մենք խաղաղություն շատ ենք սիրում, բայց այնպես չի, որ այդ խաղաղությունը միայն մեզ է պետք, նաեւ հարեւան երկրին է պետք: Երբ մեզ ասում են` էս բանի դիմաց, էն բանի դիմաց խաղաղություն կտանք, պետք է ասել` չէ՛, այդ խաղաղություն տվողը մենք ենք: Մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղությանը:
-Որպես ապաքաղաքական կառույց` ինչպե՞ս եք կարգավորում ձեր ֆինանսական խնդիրները, ի՞նչ ֆինանսական աղբյուրներ ունեք:
-Հիմնականում բարեգործությունների ձեւով է դա կարգավորվել: Ավելի մանրամասն կխոսենք հետագայում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է, ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ` ՀԵՌԱՆՈՒՄ
Հայկ Չոբանյանի` Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանի աշխատանքային ոճում որոշակի փոփոխություն է եղել: Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ մարզպետարանն աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ, միջազգային կազմակերպությունների, գործարար մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված մասնագետների: Հայտարարության մեջ նշված է, որ ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրությունը ներկայացնեն մարզպետարանի աշխատակազմ: Կարելի է կարծել, որ նման մասնագետի մարզպետարանում աշխատանքի ընդունելով՝ մարզպետարանը փորձում է արտերկրից ֆինանսական ներդրումներ բերել Տավուշի մարզ: Իսկ անգլերեն գերազանց իմացող, միջազգային կազմակերպությունների, գործարար անձանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված, այդ գործում մեծ փորձ ունեցող Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել: Փետրվարի 11-ին նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ Տավուշի մարզպետարանի համապատասխան բաժին հանձնեցի դիմումս աշխատանքից ազատվելու մասին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Պարզապես համոզված եմ՝ այս փուլում թե՛ մեր մարզին, թե՛ երկրին շատ ավելի օգտակար կարող եմ լինել հասարակական ասպարեզում: Մեր նորանշանակ մարզպետին կրկին մաղթում եմ ամենայն հաջողություններ, իսկ կառավարությանն էլ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել աշխատանքի այս հնարավորությունն ընձեռելու համար: Այս երեք ամիսների ընթացքում սովորեցի շատ բան, ծանոթացա բազում հրաշալի մարդկանց հետ, վերստին համոզվեցի, որ ունենք հրաշալի՛ ժողովուրդ, որն արժանի է ու անպայման կառուցելու է ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը քանդման վտանգի տակ է: Ակտիվացող սողանքի պատճառով հողի զանգվածն աստիճանաբար ավելի է ճնշում ճանապարհը: Ավտոճանապարհի այդ հատվածում` 3-4 տեղ, ասֆալտի ծածկը ձեւախեղված է: Ընթացիկ ձմեռը սակավաձյուն է, այդ պատճառով ճանապարհի այդ հատվածը դեռ դիմանում է: Անկասկած, գարնանը, երբ հորդ անձրեւներ կտեղան, ճանապարհի այդ հատվածը կքանդվի: Հարկավոր է մինչ այդ տեղանքում հակասողանքային միջոցառումներ ձեռնարկել, քանզի փլուզումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, կարող են զոհեր լինել: Սակայն Տրանսպորտի նախարարությունն այս հարցում անգործություն է ցուցաբերում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
ՀՀ Սյունիքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Տեղի գյուղապետարանում: Նշենք, որ Տեղը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ:
Ըստ Սյունիքի մարզպետարանի` համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թիվը 9 է, որի պարագայում ավագանին, 2016 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ, ստեղծել է 3 մշտական հանձնաժողով, սակայն հանձնաժողովների նիստեր չեն գումարվել: Ասել է թե` հանձնաժողովները ստեղծվել են միայն աչք փակելու համար: Իսկ, ահա, 2018 թվականի փետրվարի 28-ին համայնքի ավագանու երկու անդամների հրաժարականների արդյունքում ավագանու անդամների թիվը պակասել է 2-ով եւ դարձել է 7: Այս դեպքում եւս համայնքի ավագանին պետք է ունենա նման հանձնաժողովներ, որը չունի: Պարզվում է` Տեղի գյուղապետը տեղական հարկերի ու տուրքերի հավաքագրումը ամբողջությամբ չի կատարում: Ավելին, հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ նրա կողմից չեն կիրառվում:
Նաեւ գերեզմանատներում տրամադրվող գերեզմանների չափերը չեն պահպանվում, հաճախ դրանք հատկացվում են առանց սահմանված չափերի պահպանման:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղապետարանը 2017 թվականին ուսումնասիրություն չի իրականացրել առեւտրի օբյեկտներում, կրպակներում, դեղատներում: Ինչպես հայտնի է, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Բայց պարզվում է, որ «Սալ-Քար» ընկերությանը պատկանող, Տեղ համայնքի Քարաշեն գյուղում գործող գազալցակայանի հասարակական զուգարանը չի համապատասխանում ստանդարտներին: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ համայնքի տարածքում գործող 3 օբյեկտներից 2-ը չունեն թույլտվություն, չեն էլ դիմել ստանալու համար: Այս դեպքում Սյունիքի մարզպետարանը առաջարկել է Տեղի գյուղապետարանին հարուցել վարչական վարույթ: Իսկ, ահա, ձմռանը փողոցների` հետիոտնի համար նախատեսված եւ երթեւեկելի հատվածները ձյունից եւ սառույցից թերի են մաքրվում: Այս գործառույթը, ըստ մարզպետարանի, գյուղապետարանը մասնակի է կատարում:
Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ Տեղի գյուղապետարանը խախտել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը. չեն պահպանվել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության եւ պիտակի ձեւերը: Նույն օրենքի համաձայն` կենդանիների հաշվառումը, համարակալումը, կենդանիների անձնագրերի, հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման կարգ կա, որը եւս չի պահպանվել: Սյունիքի մարզպետարանը գյուղապետարանին առաջարկել է ստեղծել հանձնաժողով, խնդրի կարգավորման համար 2 ամիս ժամանակ է տվել:
Այս թեմայի շուրջ խոսելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Տեղի գյուղապետ Ներսես Շադունցի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ