Առողջապահական տեսչական մարմինը, որ գործում է ՀՀ կառավարության ենթակայության տակ, 2017 թվականին տեսչական ստուգումներ չի իրականացրել, թեեւ նախատեսված է եղել ստուգել 960 տնտեսվարող սուբյեկտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումներ չեն անցկացվել անգամ բարձր ռիսկային խմբում գտնվող հաստատություններում` դպրոցներում, մանկապարտեզներում:
Ի դեպ, նշենք, որ տեսչական մարմնի պահպանման ծախսերը 2017 թվականին կազմել են 736 մլն 783 հազար դրամ, իսկ 2018 թվականի 9 ամիսների համար` 380 մլն 217 հազար դրամ: Տեսչական մարմնի կողմից 2017 թվականին նշանակված տուգանքներ չեն եղել, քանի որ նույն տարում չեն իրականացվել ստուգումներ եւ վարչական վարույթներ: Ավելին, 2018 թվականին հաշվարկվել է 48 մլն 325 հազար դրամի տուգանք, որից պետական բյուջե մուտքագրվել է ընդամենը 1 մլն 470 հազար դրամ: Դեռ չենք խոսում այն մասին, որ տեսչական մարմինը չի ունեցել գործունեության տարեկան ծրագիր: ՈՒ քանի որ այս մարմինն իր գործառույթները չի իրականացրել, ստացվում է՝ ՀՀ պետական բյուջեի վրա այն անիմաստ բեռ է եղել, ծախսատար մի օղակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություններ է անցկացրել Առողջապահական տեսչական մարմնում: Մեզ հայտնի դարձավ, որ տեսչական մարմինն ու Առողջապահության նախարարությունը իրար հակասող տվյալներ են տրամադրել պալատին համայնքային աշխատանքային տարածքների մասին: Օրինակ, ըստ Առողջապահության նախարարության` 2017-2018 թթ. համայնքային աշխատանքային տարածքների համար վճարվել է 15 մլն 176 հազար դրամ, իսկ տեսչական մարմինը իր հերթին այլ տվյալ է ներկայացրել` 8 մլն 547 հազար դրամ: Թե այս երկուսից որն է ճիշտ տվյալ ներկայացրել, հայտնի չէ: Ստացվում է, որ մի կառույցը մյուսից տեղյակ չէ: Եւ այսպես էլ անտեղյակ գործունեություն են ծավալում մարդու կյանքի եւ առողջության համար կարեւոր ոլորտում:
Եւ, ամենակարեւորը, 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է եղել թվով 950 տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ, սակայն պարզվում է, որ տեսչական մարմինը 2017 թվականին չի իրականացրել այդ ստուգումները: Չնայած այն բանին, որ Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչական մարմնի լուծարման պահից սկսած եւ չավարտված` վարչական, դատական եւ այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահված է եղել տեսչական մարմնին: Ասել է թե` պահպանման համար պետական բյուջեից 2017-ին ստացել է ավելի քան 736 մլն դրամ, բայց, ըստ էության, չի աշխատել:
Անգամ ստուգումներ չեն իրականացվել բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ թիվ 26 (հանրակրթական դպրոցների) եւ թիվ 27 (նախադպրոցական կազմակերպությունների) ստուգաթերթերով:
Բացի այս, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում գտնվող հեռահար ջերմաչափման ստացիոնար սարքերից մեկը տեղադրված է եղել 2017 թվականի ամռանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղադրման հաջորդ օրվանից առաջացել են ծրագրային խնդիրներ, եւ ստացիոնար սարքը այլեւս չի օգտագործվել: Ու այս խնդիրը ծագել է այն դեպքում, երբ սարքերը գտնվել են երաշխիքային սպասարկման մեջ, եւ տեսչական մարմնի կողմից սարքերի անսարքության մասին պատշաճ չի իրազեկվել: Արդյունքում Առողջապահության նախարարության կողմից չի կազմակերպվել սարքերի սպասարկումը: Ստացվում է, որ օդանավակայանի 38 մլն 416 հազար 900 դրամ արժողությամբ հեռահար ջերմաչափման ստացիոնար սարքերը, գտնվելով երաշխիքային սպասարկման մեջ, մինչ օրս չեն աշխատում:
Բացի այս, տեսչական մարմնի ղեկավարի 2018 թվականի մի քանի հրամաններով` տեսչական մարմնի կենտրոնական ապարատի չորս աշխատակիցներ գործուղվել են Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի եւ Վայոց Ձորի մարզեր խորհրդատվության եւ իրազեկման գործառույթներ իրականացնելու նպատակով: Բնականաբար այս գործուղումների համար նրանց հատկացվել է գործուղման ծախս, տրանսպորտային միջոց եւ վառելիք: Մինչդեռ այդ գործառույթները առավել նպատակահարմար կլիներ իրականացնել համապատասխան տարածքային ստորաբաժանումների կողմից:
Ամենասարսափելին այն է, որ տեսչական մարմինը չի արել սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառում եւ գործիքային չափումներ իրականացնելու իր գործառույթը համապատասխան մանագետներ չունենալու պատճառով:
Սա դեռ ամենը չէ. տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով` 2018 թվականի ընթացքում աշխատողների նկատմամբ կիրառվել են միանվագ դրամական խրախուսանքներ եւ պարգեւատրումներ, մինչդեռ տվյալ ֆինանսական միջոցների կարգադրիչը հանդիսանում է ոչ թե տեսչական մարմինը, այլ Առողջապահության նախարարությունը: Հավելենք, որ պարգեւատրման գործընթացում բացակայում են աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պարգեւատրման հիմքերը, այն է` աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելը կամ երկարամյա աշխատանքը եւ ծառայությունը կամ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելն ապացուցող փաստերը: Բացի այս, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տեսչական մարմնի ղեկավարի եւ տեղակալների նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ կիրառում է ՀՀ վարչապետը` խորհրդի ներկայացմամբ, սակայն վերջիններս խրախուսում ստացել են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով:
Նկատենք, որ վերջին երկու տարիների ընթացքում այս գերատեսչության ղեկավարը մի քանի անգամ փոխվել է: Ինչպես հայտնի է, տեսչական մարմինների ղեկավարներին ներկայացնող խորհուրդների նախագահը օրենքով նախարարն է, այս դեպքում` Արսեն Թորոսյանը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ նախարարներն ամեն ինչ անում են իրենց «կադրերին» որպես տեսչական մարմնի ղեկավար նշանակելու համար (տեսչական մարմնի ղեկավար նշանակում է ՀՀ վարչապետը, բայց տեսչական մարմնի խորհրդի ներկայացմամբ, իսկ այս դեպքում խորհրդի նախագահը Արսեն Թորոսյանն է): Այդպես էր վարվել նաեւ նախկին նախարար Լեւոն Ալթունյանը, ով իր օգնական Գարուշ Հովհաննիսյանին նշանակեց այս պաշտոնին: Իսկ նախորդ տարվա ընթացքում Ալթունյանի այս «գործառույթը» մեծ պատվով ստանձնեց Արսեն Թորոսյանը, եւ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին նշանակվեց իր «ծանոթը»` Էդգար Խուրշուդյանը: Հուսանք` նոր իրողությունների պայմաններում նա կփորձի աշխատել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ ՓԼԵՅ-ՕՖ. ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղային օրը նույնպես հագեցած եւ ինտրիգներով լի է լինելու: Այսօր «չեմպիոնների արենայում» կկայանա երկու դիմակայություն. Հոլանդիայի «Յոհան Կրոյֆ» ստադիոնում տեղի «Այաքսը» կընդունի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», մյուս հանդիպումն էլ կկայանա Լոնդոնի լեգենդար մարզադաշտ «Ուեմբլիում». «Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ»:
«Այաքս»-«Ռեալ Մադրիդ»
Մեծ փո՞րձ, թե՞ երիտասարդություն. այսօր այս երկուսը կբախվեն իրար:
Չնայած մադրիդյան ակումբը համարվում է այս դիմակայության բացահայտ ֆավորիտ, դա դեռ չի նշանակում, որ Հոլանդիան ներկայացնող ակումբը ձեռքերը ծալած հետեւելու է «Ռեալի» հաղթանակին: «Այաքսում» հիանալի երիտասարդներ են հավաքվել եւ պատրաստ են արժանին մատուցել «սերուցքայիններին»: Վերջիններս կարծես դուրս են եկել ծանր վիճակից եւ հստակ քայլերով առաջ են շարժվում դեպի բաղձալի տիտղոսները: «Այաքսը» այս մրցաշարում թաքնված ֆավորիտի կարգավիճակ ունի, եւ «Ռեալի» հետ դիմակայությունը ծագող աստղերի համար մեծ փորձ կլինի նույնիսկ պարտության դեպքում: Այս անչափ հետաքրքիր խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ուղիղ 00:00-ին:
«Տոտենհեմ Հոտսպուր»-«Բորուսիա Դորտմունդ»
Լուսյեն Ֆավրի տված թեւերով ճախրող դորտմունդյան թիմը կփորձի հրաշքներ գործել նաեւ Չեմպիոնների Լիգայում: Մրցակիցը ուժեղ է, բայց ոչ սարսափելի: Դորտմունդցիները առաջատար են Բունդեսլիգայում եւ պատրաստվում են վերջ տալ իրենց ոխերիմ թշնամի Մյունխենի «Բավարիայի» մենիշխանությանը: Լոնդոնյան ակումբը նույնպես մեծ հույսեր ունի այս տարվա մրցաշարից: Մաուրիսիո Պոչետինոյի սաները Անգլիայում երրորդն են եւ 3 միավոր պակաս ունեն առաջատարից, իսկ Չ/Լ-ում գործերը դեռեւս վատ չեն դասավորվում: Երկու թիմերի դուրս մնալն էլ պայքարից մեծ կորուստ կլինի առաջնության համար, սակայն օրենքներն են այդպես. պայքարը շարունակում է մեկը: Այստեղ միանշանակ հավասար պայքար է, երկու թիմերն էլ արժանի են իրար, եւ իրոք այս զույգում սպասվում է կատաղի պայքար Զ եզրափակչի ուղեգրի համար: Այս հանդիպումը նույնպես մեկնարկելու է ուղիղ կեսգիշերին:
Չեմպիոնների Լիգայի երկրորդ խաղային օրը անասելի թեժ է լինելու եւ հնարավոր է նաեւ անակնկալներով լի:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ