Լուսանկարն արվել է Գյումրիում
Շիրակի մարզի Հայկավան համայնքի մշակույթի տունը կամաց-կամաց փուլ է գալիս: Այս անգամ կտուրից է քարաթափում եղել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հնարավոր է արդյոք տեղական արտադրության օղին վաճառել սահմանված արժեքի կես գնի չափով:
Հարություն Կյուրեղյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ակցիզային հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ենթակետով` «ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող շշալցված ապրանքների եւ 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը եւ (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ ՀՀ հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
ՀԱՐՑ. Ես ունեմ հաշմանդամության կարգ, հիմա ուզում եմ դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանամ ստանալ անժամկետ հաշմանդամության կարգ: Խնդրում եմ ասել` ինչ է անհրաժեշտ դրա համար:
Սահակ Մարտիրոսյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ.
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով ուղեկցվող առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: Նշենք, որ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն: