ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրությունում էր, հետո՝ Ֆրանսիայում, հիմա էլ պատրաստվում է մեկել Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահականի հաղորդագրության համաձայն` «Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները»: Հատկանշական է, որ նախորդ տարիներին եւս Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով. Սերժ Սարգսյանը պարտաճանաչ մեկնում էր այդ միջոցառմանը: Սակայն այն ժամանակ Ս. Սարգսյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր. սահմանադրությամբ նա ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր, երկրի անվտանգության երաշխավորը: Սակայն նոր սահմանադրության համաձայն` նախագահը պաշտպանության ու անվտանգության բնագավառում լիազորություններ չունի, նրա պաշտոնը խորհրդանշական է, իսկ համապատասխան ոլորտներում լիազորությունները վերապահված են վարչապետին: Այսպիսով, Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի ակտիվությունը միանգամայն հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տալիս, ու տպավորություն է, թե նա ամեն առիթ օգտագործում է` մտնելու վարչապետի լիազորությունների դաշտ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը: Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաեւ սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում: Սակայն Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չի լսել նման խոսակցություն, առավել եւս առաջակություն չի ստացել։ «Այնուամենայնիվ, եթե առաջակություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որեւէ քաղաքական պաշտոնի, որովհետեւ ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու»,-նշեց նա՝ հավելելով,- «Սակայն պատրաստ եմ իմ ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել եւ այլն»:

 

 

 

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որ հիմա մեղադրվում է այդ գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար ու գտնվում է հետախուզման մեջ, դժվար կացության առաջ է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վահագն Հարությունյանի որդին մտադիր է ամուսնանալ, սակայն քանի որ հայրը բացակայում է երկրից, ընտանիքը որոշել է հետաձգել հարսանիքը: Ըստ մեր աղբյուրների` Հարությունյանների շրջապատը չգիտի` հարսանիքը կկայանա, թե ոչ: Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն առանց պաշտպանական կողմի մասնակցության Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում էր կայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց որոշումը:

 

 

 

2018թ. հազար խոշոր հարկատուների ցանկն ուշագրավ փոփոխություններ է կրել. երբեմնի առաջատար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքերը: Հիմա այս ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որ 42.2 մլրդ դրամի հարկային վճարում է կատարել, մինչդեռ 2017թ.-ին այս ընկերությունը վճարել էր 34.7 մլրդ դրամ` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Այս ցուցակի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որի հարկային վճարները կազմել են 41.4 մլրդ դրամ, մինչդեռ 2017թ. այն հինգերորդ հորիզոնականում էր: Իսկ տարիներ շարունակ հազար հարկատուների ցուցակը գլխավորած ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս անգամ հայտնվել է երրորդ հորիզոնականում, թեեւ նախորդ տարվա համեմատ` մի փոքր ավելի շատ հարկ է մուծել. եթե 2017թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարկերը 39.7 մլրդ էին, 2018թ. դրանք կազմել են 39.9 մլրդ դրամ:

 

 

 

ՆԵՐՔԻՆ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին անցել է ռազմաշունչ հռետորաբանությանը: Երեկ նա ադրբեջանական Real TV լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե խնդիրը պետք է լուծվի բացառապես երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, ու իրենք կձեռնարկեն հնարավոր ջանքերը՝ տարածքային այդ ամբողջականությունը վերականգնելու համար: «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ»,- ասել է նա ու պնդել, թե միջազգային հեղինակավոր կառույցները հենց իրենց դիրքորոշումն են պաշտպանում: Միաժամանակ, Ալիեւը համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»:
Իլհամ Ալիեւի պահվածքը միանգամայն հասկանալի է: Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են ընդդիմադիր ուժերը, որոնք բազմամարդ հանրահավաքներ են անցկացնում Բաքվում: Ու հիմա Արցախյան խնդրի մասին կոշտ հայտարարություններով Ալիեւը փորձում է ազդել ներքին լսարանի վրա՝ հանդես գալով անզիջողականության դիրքերից, անգամ խոստանալով ուժ գործադրելով վերադարձնել իրենց կորցրած տարածքները: Այսինքն՝ նրա խոսքերի հասցեատերը ո՛չ Հայաստանն էր, ո՛չ էլ միջազգային հանրությունը, այլ բացառապես ադրբեջանական հասարակությունը, որի աջակցությունն են այդ երկրի իշխանությունները փորձում ստանալ:
Միայն թե Ալիեւի այս խոսքերը քննադատության չեն դիմանում. եթե Իլհամ Ալիեւն ու ԱԳ նախարար Մամեդյարովը համաձայնում են հանդիպել ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ, եթե համաձայնում են բանակցություններ վարել սեղանին դրված փաստաթղթի, տվյալ դեպքում՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ, նշանակում է՝ ընդունում են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականության պահպանում: Ավելին, դեռ 2008թ. Ալիեւը Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հետ ստորագրել է համատեղ Մոսկովյան հռչակագիրը, որտեղ համաձայնել է բանակցություններ վարել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Նաեւ փաստը, որ միջազգային հանրությունը մշտապես իր խոսքում շեշտում է հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված նորմերի համաձայն լուծելու անհրաժեշտության մասին, նշանակում է՝ խոսք անգամ չի կարող գնալ միայն Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու վերաբերյալ: Այնպես որ, որքան էլ Ալիեւը փորձի ներքին օգտագործման համար տարաբնույթ հայտարարություններ անել, միեւնույն է, իրականությունն այլ բանի մասին է վկայում:




Լրահոս