ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԿԱԶՄԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դաշնակցության» ընդհանուր ժողովի ժամանակ, որտեղ ընտրվեց ՀՅԴ ԳՄ-ի, բյուրոյի նոր կազմը, կուսակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շատ կոշտ քննադատությունների ենթարկեց իշխանություններին, որտեղ մատնանշվեց 5 պայմաններ, որոնք խախտվել են ՀՅԴ-իշխանություններ պայմանավորվածություններից հետո։ Վերջին շրջանում «Դաշնակցությունը» բավականին բուռն ընդդիմադիր գործունեություն է ծավալում եւ խոշորացույցի տակ է պահում ներկայիս իշխանությունների գործողությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Պարո՛ն Սաղաթելյան, նախ անդրադառնանք Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որում ասված է, թե պետք է ներկայիս իշխանություններին «տուն ուղարկել» եւ գալ իշխանության։ Իսկապես այդքան մտահոգի՞չ է ներկայիս իշխանությունների վիճակը։ Ինչո՞ւ նման կոշտ դիրքորոշում չկար ՀՀԿ-ի ժամանակ։
-Հայտարարությունը կոնտեքստից կտրել պետք չէ։ Հրանտ Մարգարյանը չի ասել` վաղը կամ վաղը չէ մյուս օրը իշխանություններին կուղարկենք տուն։ Կարծեմ ժամկետ չի նշել։ Ասել է` հաջորդ ընտրություններին։ Հաջորդ ընտրությունները կլինեն 5 տարի հետո, թե երբ, մենք խնդիր ենք դրել հաջորդին գալ իշխանության, եւ դա շատ բնական եւ շատ նորմալ է։ Ցանկացած ընդդիմություն այդ խնդիրը իր առաջ պետք է դնի, եւ մենք մեր առջեւ դրել ենք եւ պատրաստվում ենք այդ ընտրություններին։ Այս ժամանակահատվածում այդ կառավարությանը չենք խոչընդոտելու։ Մենք շահագրգռված ենք, որ իրենք հաջողեն։ Եթե հաջողեն, շատ ավելի լավ, որովհետեւ մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կառավարության ձախողումը մեր պետության եւ ժողովրդի ձախողումն է։ Մենք՝ իբրեւ ընդդիմություն, մեր քննադատություններով, մեր առաջարկություններով որտեղ երկրի, պետության շահը կպահանջի, համագործակցությունով ամեն ինչ անելու ենք, որ հաջողենք։
-Հրանտ Մարգարյանի նման կոպիտ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ հղեց ՀՅԴ ժողովին։ Դրանից հետո մամուլում սկսեցին կարծիքներ շրջանառվել այն մասին, որ վարչապետը դա անում է, ըստ էության, Սփյուռքի հետ կապերը ամուր պահելու համար։ Ի՞նչ կասեք այս մասին։ Իսկապես կա՞ նման բան։
-«Դաշնակցության» մեջ շերտեր փնտրել պետք չէ, որովհետեւ դրանք չկան։ Ես կարող եմ այսօրվա իշխանության մեջ գտնել այդ շերտերը, որովհետեւ շատ ժամանակ հայտնի չէ, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներ երբ կարծիք են ասում, ում կարծիքն են ասում: Դա իշխանութան կարծի՞քն է, թե՞ իշխանության ինչ-որ անհատ ներկայացուցիչների կամ իշխանության մեջ եղող ինչ-որ խմբի։ Բայց «Դաշնակցության» մեջ որքան էլ փնտրեն, չեն կարող շերտեր գտնել, որովհետեւ «Դաշնակցությունը» կուռ, կազմակերպական, գաղափարական կառույց է, որն ունի անցյալ, 130 տարվա պատմություն, փորձառություն։ «Դաշնակցությունը» մեկ հոգու շուրջ ստեղծված կուսակցություն չէ, մեկ հոգու կողմից կառավարվող քաղաքական կազմակերպություն չէ։ «Դաշնակցությունը» համահայկական քաղաքական կուսակցություն է, որտեղ շերտեր գտնել հնարավոր չէ։ Այսինքն՝ ինչ մտածում է Հայաստանի դաշնակցականը, նույն կերպ մտածում է նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի եւ Ռուսաստանի դաշնակցականը։
-Հարցը այլ բանի մասին էր, պարո՛ն Սաղաթելյան։
-Չի կարող իշխանությունը փորձել Հայաստանի կառույցի հետ չշփվել, բայց Սփյուռքի հետ լավ լինել:
-Եվ դա, ըստ էության, մեսիջ էր համագործակցությա՞ն։
-Այո։ Եւ մենք չենք ժխտել այդ համագործակցությունը: Շատերը, համագործակցություն ասելով, պատկերացնում են միայն կառավարության մաս կազմելը։ Մենք դա բացառում ենք։
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը։
-Շատ ու շատ ոլորտներում, որտեղ մեր երկրի ու ժողովրդի շահն է, օրինակ, արտաքին քաղաքականության հարցերում։ Դուք գիտեք, որ «Դաշնակցությունը» ամբողջ աշխարհում ունի Հայ Դատի գրասենյակ։ Թարմ օրինակ բերեմ. վերջերս Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում էր, որտեղ հանդիպեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ, եւ միասին քննարկեցինք այն խնդիրները, որոնք միասնաբար պետք է լուծենք` ի շահ մեր պետության։ Օրինակ, վարչապետը վերջերս հայտարարել է երկու կարեւոր բան, որը մենք ողջունում ենք։ Առաջինը` որ կառավարությունը երբեք չի քննարկելու «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, որը շատ ողջունելի է, եւ երկրորդը`քանի դեռ Ադրբեջանում չկա զիջումների մասին տեսակետ, Հայաստանում չի կարող լինել։ Այդ հարցերում մենք իրեն պաշտպանելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ ինքը մնա այդ դիրքերում, եւ այդ հարցերի շուրջ համագործակցելու ենք։ Ընդդիմության նպատակը իր պետությանը, ժողովրդին, երկրին օգտակար լինելն է։ Որտեղ կա համագործակցություն հանուն պետության, մենք համագործակցելու ենք, որովհետեւ մենք ունենք համապատասխան ռեսուրսներ, հնարավորություններ, որոնք պատրաստ ենք դնել պետության եւ ոչ թե իշխանությունների տրամադրության տակ:
-Պարո՛ն Սաղաթելյան, նույն հայտարարության մեջ Հրանտ Մարգարյանը խոսեց այն մասին, որ իշխանությունների հետ 5 պայմանավորվածություններ են եղել, որոնք խախտվել են։ Ի՞նչ հինգ համագործակցությունների մասին է խոսքը, կթվարկե՞ք։
-Անկեղծ ասած` ես չգիտեմ այդ 5 պայմանավորվածությունների մանրամասնությունները։ Բայց ես գիտեմ, որ Հրանտ Մարգարյանը նաեւ բանտում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե նաեւ այն ժամանակ է ինչ-որ պայմանավորվածություններ եղել։ Օրինակ` մեկը կարող եմ նշել. մենք համաձայնության կառավարությանը մաս կազմելուց առաջ ընդհանուր պատկերացումներ եւ մոտեցումներ ունենք այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է գոնե տեղի ունենան 2019 թվականին կամ, ասենք, ընտրական օրենսգրքի բարեփոխումները։ Ակնհայտ է, որ եղել են պայմանավորվածություններ եւ խախտվել, իսկ կոնկրետ հինգի մասին Հրանտ Մարգարյանը ավելի լավ կիմանա։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ՞ ԻՐ ՊԱՇՏՈՆԻՆ

Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը շարունակում է, մեղմ ասած, անհարմար դրության մեջ դնել վերադասին: Նախօրեին սոցիալական ցանցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին նրա գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց: Ժամեր անց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- հավելել էր Փաշինյանի խոսնակը: Սակայն երեկ Factor.am-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանը կրկին «յուղ է լցրել» այս թեմային: Նախ՝ նա Տեր-Պետրոսյանի հասցեին շարունակել է վիրավորական գնահատականներ հնչեցնելը, այս անգամ՝ հարցադրումների տեսքով: Այնուհետեւ պատասխանելով հարցին՝ վարչապետը իրենից ինչ պարզաբանումներ է պահանջել` ասել է. «Այն, ինչ Ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր նույնպես»: Այլ կերպ ասած` նա փորձել է հերքել վարչապետի խոսնակի հայտարարությունը, թե Փաշինյանն իրենից բացատրություն է պահանջել: Ավելի ուշ Ղազարյանը հյուրընկալվել էր «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունում ու խոսում էր այդ թեմայի շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե, ի վերջո, Փաշինյանը բացատրություն պահանջել է իր խորհրդականից, թե ոչ: «Ես վստահ եմ, որ եթե ասել է՝ պահանջել է պարզաբանումներ, ուրեմն իսկապես պահանջել է»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Կարապետյանը։ Ակնհայտ է, որ վարչապետի խոսնակը չէր կարող Փաշինյանի անունից սուտ լուր հաղորդել. ի վերջո, Վլադիմիր Կարապետյանը մեծ փորձ ունի եւ հասկանում է իր դիրքը, զբաղեցրած պաշտոնի նշանակությունը, ըստ այդմ՝ խոսքի լրջությունը` ի տարբերություն իշխանության մեջ հայտնված երիտասարդ կադրերի: Իսկ թե ինչու է վարչապետի խորհրդականն իրեն այսկերպ պահում, մնում է միայն ենթադրել:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր աշխատանքին: Ամեն դեպքում, իշխանական օղակներում այդ քայլին միանգամից չեն գնում, քանի որ մտահոգված են. խնդիրը եղավ Տեր-Պետրոսյանի հասցեին հնչեցրած խոսքերից հետո, եւ վարչապետի խորհրդականի պաշտոնանկությունը կարող է դիտվել որպես առաջին նախագահի թիմից ուղղորդված, նրանց պահանջով թելադրված:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա, ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովում։ Սակայն տեղեկացանք, որ Ղուկասյանը հետո փոշմանել ու ընդգրկվել է ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում: Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ մեր թղթակցի հետ զրույցում Ղուկասյանը նշել է, թե ինքը հիմա Պաշտպանության հանձնաժողովի անդամ է, ու որ այնտեղ է տեղափոխվել ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովից:
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության եւ անվտանգության ներքին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միանգամայն հակառակը նշեց: Նա ասաց, որ ԲՀԿ խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահին, որ Ղուկասյանը հնարավորություն ունենա փոխել հանձնաժողովը` դուրս գալով իրենց մոտից։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Արարատ Միրզոյանը ընդունել է ԲՀԿ-ի առաջարկը, հիմա փաստաթղթերի հետ կապված մի քանի բան կա պարզապես։ Ըստ Աբովյանի` այդ տեղափոխությունը Ղուկասյանի անձնական ցանկությունն է։

 

 

ՀՈՒԶՎԱԾ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ
Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը մասնակցում էր նաեւ վարչապետ Փաշինյանը: Մրցանակների հանձնման այդ արարողության ժամանակ զավեշտալի միջադեպ գրանցվեց: Մրցանակները հանձնելուց հետո Ռադիկ Մարտիրոսյանը առանց մրցանակակիրներին ձայն տալու բոլորին շնորհակալություն հայտնեց եւ ասաց, թե միջոցառումն ավարտված է: Արդեն իսկապես միջոցառման ավարտին նա հայտարարեց, թե իր նախորդ ասածն ուժի մեջ է: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու էր հուզված: Վերջինս մանրամասնեց, թե այս միջոցառման օրը վաղուց էր ամրագրված, սակայն քանի որ նաեւ ԱԺ նիստեր են, իրեն խնդրել են ամեն ինչ սեղմ անել եւ կրճատել: «Իմ ելույթից կրճատեցի, վարչապետից կրճատեցի եւ փորձում էի ամեն ինչ արագ անել», – նշեց նա:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները եւ որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան:




Լրահոս