Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց վարչապետին` մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Ի պատասխան` վարչապետն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի:
«Ես հիմա Սահմանադրությամբ կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, լայն եւ բուռն քննարկում է տեղի ունենում, հետո ծրագրի կատարման զեկույց է լինելու, ԱԺ-ի հետ հարցուպատասխան, բյուջեի կատարողական, բյուջեի նախագծի քննարկում: Ես անկեղծ ասացի ԱԺ նախագահին՝ եթե այս առիթները չունենայի եւ լինեի այն լիազորություններով հանրապետության նախագահ, այդ վիճակին չէի դիմանա: Ինձ` որպես հրապարակային քաղաքական գործչի, անհրաժեշտ է լինել այս հարթակներում, ամբիոններում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ, գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո այս հարցը շատ է քննարկվել, քանի որ ընդդիմադիր գործունեություն ծավալելու ժամանակ թե՛ նա, թե՛ իր գործընկերները քննադատում էին, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը: Սակայն, ըստ էության, այժմ այն փոխելու ուղղությամբ դեռեւս գործուն քայլեր չկան: Ընդամենը 2018 թվականի մայիսի 8-ին` վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, վարչապետը լրագրողների հետ զրույցում, երբ լրագրողները հարց էին տվել, թե որ լիազորությունն է կրճատելու, վարչապետն արձագանքեց. «Ես ասել եմ արդեն, որ սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի»:
Մայիսի 8-ից արդեն 8 ամիս է անցել, եւ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, սակայն նախագիծն ուսումնասիրելուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նորընտիր կառավարությունը ոչ թե քայլեր է անում այդ համակարգը ոչնչացնելու, այլ այն ավելի է ամրապնդում, եւ դեռ ավելին` ստեղծում է նաեւ սուպերնախարարություններ:
Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում է ստեղծել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, սակայն փաստ է, որ հանձնակատարը կրկին ենթարկվելու է վարչապետին:
Մասնավորապես, նրա լիազորությունների դրույթներում ամրագրված է.
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա եւ հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին։
2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում եւ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
Սակայն սա էլ դեռ ամենը չէ. հանձնակատարը նաեւ գրասենյակ է ունենալու, գրասենյակի ղեկավար, որը կրկին ենթակա է լինելու վարչապետին: «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա է Հայաստանի Հանրապետության վարչապետին, հաշվետու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին», – ասված է նախագծում։ Ասել է թե` վարչապետին ենթարկվող եւս մեկ կառույց է լինելու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Էլ չենք խոսում սուպերնախարարությունների մասին: Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության եւ գիտության նախարարությանը՝ վերանվանվելով Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն: Այս բոլոր ոլորտներն արդեն խոշոր են եւ միավորվելով` վերածվում են սուպերնախարարության:
Սակայն մեգա սուպերնախարար կլինի թերեւս Սուրեն Պապիկյանը: Բանն այն է, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը միանում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ վերանվանվելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Օրենքի ընդունումից հետո, կառավարության որոշմամբ, այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ Ջրային կոմիտեն: Սա թերեւս ամենաահռելի նախարարությունն է լինելու, ընդ որում՝ ղեկավարելով ամենակարեւոր ոլորտները: Այս առումով պատահական չէ, որ այս գերատեսչության ղեկավարումն էլ կվստահեն հենց Սուրեն Պապիկյանին, ով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետը, եւ ոչ մեկ անգամ է նշվել, որ Նիկոլ Փաշինյանի համար ամենավստահելի մարդկանցից մեկն է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսա Գաբայանի պաշտոնանկությունը վերջին օրերին շատ քննարկվեց: Ըստ օդում կախված լուրերի` նրա անունը շրջանառվում է կաշառք տալ-վերցնելու մութ պատմության հետ կապված: Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների` Գաբայանը պաշտոնական դիրքը օգտագործել է իր ընտանիքին պատկանող ընկերության շահերի համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ Գաբայանի ամուսինը հայտնի գործարար Գրիգոր Գաբայանն է, որը «Հիդրոէներգետիկա» ընկերության սեփականատերն է: Ավելին, նրանք ընկերություններ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Բուլղարիայում եւ Ուկրաինայում: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին գրել էր, որ նրանց պատկանող հայաստանյան ընկերությունները զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներով եւ շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով: Ըստ որոշ տեղեկությունների` Գաբայան ամուսինները կոմիտեն օգտագործել են` ի շահ իրենց նպատակների: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գրիգոր Գաբայանն է կնոջ փոխարեն որոշումներ կայացրել, օրվա մեծ մասն էլ կնոջ աշխատասենյակում է անցկացրել: Սակայն ջրային տնտեսության պետական կոմիտեից լսելով այս տեղեկությունները` հերքեցին` նշելով, որ նման բան չկա, եւ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
ԱՍՈՒՄ Է՝ ՉԻ ԻՄԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Արաքս Դիլանյանը վերջերս առերեսվել են:
Ինչպես հայտնի է, իրավապահները ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել կաշառքի գործով: Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ` իրենց տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով»: Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը օրեր առաջ առերեսման է հրավիրել գործարար Սիլվա Համբարձումյանին եւ Արաքս Դիլանյանին: Արաքս Դիլանյանը առերեսման ժամանակ էլ հաստատել է, որ Համբարձումյանից գումար է ստացել փոխանցման եղանակով, սակայն նա ասել է, թե չի իմացել, որ դա կաշառք է:
ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին չսրել իրավիճակը եւ նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար: «Մի կողմից` Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարեւորության մասին, մյուս կողմից` փորձում է փոխել բանակցային ձեւաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրեւ թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Ադրբեջանը խրախուսում է այն օգուտն ու զարգացումը, որ տարածաշրջանին կբերի հակամարտության կարգավորումը, եւ որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի այդ օգուտների կարեւորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը»,- հայտարարել է խոսնակը: Բաքուն պնդել է, թե Հայաստանի պաշտոնյաների վերջին հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում խնդրի կարգավորմանը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Նախարարը եւ դեսպանը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը: Քննարկվել են նաեւ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հետ կապված հարցեր, նշվել է, որ նիստին անդրադարձ կլինի նաեւ Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններին առնչվող թեմաներին:
ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Համաձայնագրի շրջանակում պատգամավորները կարեւորել են ԵՄ մուտքի վիզաների հեշտացման գործընթացում առաջընթացը: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արեւելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին եւ մի շարք այլ հարցերի: